HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Ընտրությունը կայացավ, իրավիճակը չպարզվեց

Մայիսի 29-ին կայացան Իջեւանի ավագանու արտահերթ ընտրություններ:

Նախկինում Իջեւանում ՏԻՄ ընտրությունների ժամանակ մեծ թվով ընտրախախտումներ էին արձանագրվել: Հիշեցնեմ, որ 2007 թ. դեկտեմբերի 16-ի ՏԻՄ ընտրություններից հետո տեղամասային հանձնաժողովների 3 նախագահներ (որոնցից 2-ը Իջեւանի քաղաքապետարանի եւ դրա ենթակայությամբ գտնվող հիմնարկության, մեկը Տավուշի մարզպետարանի աշխատող էր) ընտրական օրենսգրքի խախտումների համար դատապարտվեցին 3-ական տարվա պայմանական ազատազրկման:

Այս անգամ ընտրատարածքային եւ  տեղամասային  հանձնաժողովների անդամների, ինչպես նաեւ վստահված անձանց շնորհիվ ընտրությունները կայացան օրինականության պայմաններում, խաղաղ:

Ընտրությունների վերաբերյալ բողոքներ չեն արձանագրվել: Մայիսի 21-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանն ասել է, թե  հանձնաժողովներում ընդգրկվել են այն անձինք, ովքեր իր հանդեպ ընդդիմադիր պահվածք ունեն: Իջեւանի տեղամասային 7 հանձնաժողովների 56 անդամների մեծամասնությունը Տավուշի մարզպետարանի աշխատողներ էին:

Նշենք, որ  Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ՀՀԿ մարզային կազմակերպության ղեկավարն է, Վարուժան Ներսիսյանն  էլ, 12 տարի որպես անկուսակցական քաղաքը ղեկավարելուց հետո, վերջերս դարձել է ՀՀԿ անդամ:

Ընտրությունների արդյունքում 26 թեկնածուներից առավելագույն քվե է ստացել տարիքով ամենաերիտասարդը` 22-ամյա Հովիկ Խեչյանը, ով «Արամնա» ՍՊԸ-ում հերթափոխի պետ է: Նա  ստացել է 767 ձայն:

Ամենաքիչ քվե` 70, ստացել է ամենատարեց թեկնածուն` 59-ամյա թոշակառու, ոստիկան Ռաֆիկ Բաղմանյանը: Քվեարկությանը ցուցակային 14 հազար ընտրողներից մասնակցել է 8969-ը: Ընտրություններից մի քանի օր առաջ ավագանու 9 թեկնածուներ ստորագրել էին մի հայտարարություն, որտեղ  ասվում է. «Ներկայումս Իջեւան քաղաքում ստեղծվել է մի իրավիճակ, որը չի կարող չմտահոգել մեր քաղաքի բնակիչներին: Տարիներ շարունակ համայնքի ղեկավարության կողմից տարվող քաղաքականության «շնորհիվ», մեղմ ասած, ոչ նորմալ դրության մեջ են հայտնվել քաղաքապետարանի իրավասությանը վերապահված քաղաքի բոլոր բնագավառները:

Օրինակ` ոչ վաղ անցյալում մեր քաղաքի բնակիչներին ու հյուրերին հիացնում էին քաղաքի խնամված կանաչապատ տարածքները, լուսավորված, վերանորոգված եւ մաքուր փողոցները: Չնայած նրան, որ այժմ պետական բյուջեից հատկացվում են ավելի մեծ գումարներ քաղաքի կարիքները հոգալու համար, քաղաքի նախկին գեղեցիկ տեսքից հետք անգամ չի մնացել:

Կարծում ենք` բոլորս ենք տեղյակ, թե ինչ կերպ եւ ում կողմից են տնօրինվում այն գումարները, որոնք պետք է ծառայեն մեր քաղաքի առջեւ կանգնած խնդիրները լուծելու համար:

Նկատի ունենալով, որ իջեւանցիները քաջատեղյակ են մեր քաղաքի բոլոր խնդիրներին, ցանկանում ենք ոչ թե մանրամասն ներկայացնել դրանք, այլ փորձել միացյալ ուժերով դուրս գալ այս իրավիճակից:

Իջեւանին վերաբերող հարցերը պետք է լուծվեն ոչ թե առանձին անհատների եւ նրանց հարազատների կողմից, այլ ամբողջ բնակչության անմիջական մասնակցությամբ: Ժամանակն է լրջորեն մտածել քաղաքի ապագայի մասին եւ մասնագիտորեն ու թափանցիկ իրականացնել քաղաքի տնտեսական ղեկավարումը:

Իջեւանցիները պետք է մասնակցեն ոչ միայն հարկերի վճարմանը, այլեւ հնարավորություն ունենան վերահսկելու իրենց կողմից վճարվող եւ պետական բյուջեի միջոցներից ու այլ աղբյուրներից Իջեւանին հատկացվող գումարների ճակատագիրը:

Օրենքը հնարավորություն է տալիս քաղաքացիներին վերը նշված իրավունքներն իրականացնել իրենց կողմից ընտրված ավագանիների միջոցով: Ավագանու նախորդ կազմի մի շարք անդամներ լուրջ քայլեր ձեռնարկեցին քաղաքի ղեկավարման համակարգում փոփոխություններ մտցնելու ուղղությամբ, սակայն ավագանու լիազորությունների դադարեցման պատճառով ձեռնարկված միջոցառումների հիմնական մասը մնացել է անավարտ:

2011 թ. մայիսի 29-ին ճիշտ ընտրություն կատարվելու դեպքում հնարավորություն կընձեռվի վերջ տալ ձեւավորված կարծրատիպերին եւ Իջեւան քաղաքի ղեկավարումն իրականացնել իջեւանցիների կողմից եւ ի շահ մեր քաղաքի»:

Այդ հայտարարության տակ ստորագրած  9 թեկնածուներից 6-ը ընտրվել են ավագանու անդամ:

2009 թ. հոկտեմբերին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին անվստահություն հայտնած  ավագանու 8 անդամներից 6-ը գրանցվել էր ավագանու թեկնածու, նրանցից 5-ը ընտրվել է:

Հայտարարության տակ ստորագրած 6-րդ թեկնածուն Հովիկ Խեչյանն է: Մայիսի 29-ին ավագանու անդամ է  ընտրվել ՀՀԿ անդամ 5 թեկնածուներից 3-ը, ՀՅԴ անդամ երկու թեկնածուներից մեկը, ԲՀԿ եւ ՕԵԿ անդամ մեկական թեկնածուներ:

Այս ընտրություններում կուսակցությունները պասսիվ վերաբերմունք ցուցաբերեցին: Համայնքի ավագանու կուսակցական 9 թեկնածուներից ոչ մեկն իր կուսակցության կողմից չէր առաջադրվել, այլ ինքն էր առաջադրել իր թեկնածությունը:

Կուսակցություններին Իջեւանի ավագանու արտահերթ ընտրությունները, կարծես, չեն հետաքրքրել: Ավագանու այս կազմը քաղաքապետ-ավագանի հակամարտության, ավագանու կազմի հարաբերակցության առումով իրավիճակն առայժմ անորոշ է թողնում:

Չի բացառվում, որ 15 հոգուց բաղկացած ավագանու նորընտիր կազմից առայժմ «չեզոք»  2-3 անդամներ կարող են միանալ  տարիներ շարունակ Իջեւանում տիրող իրավիճակը դատապարտող հայտարարություն արած, ավագանի ընտրված  6 անձանց:

Դա պարզ կդառնա նորընտիր ավագանու առաջին իսկ նիստում, երբ քննարկվի Իջեւան քաղաքի այս տարվա բյուջեն: Հավելեմ, որ աշնանը Իջեւանում  տեղի են ունենալու  համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ:

Մեկնաբանություններ (1)

karine
nkjbkjbkwegՄեկնաբանությունը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter