Գյումրու ներկայիս իշխանությունները փորձում են վիճարկել նախորդների օրոք հաստատված ներդրումային ծրագրերը
Գյումրու այս տարվա ավագանու առաջին նիստի օրակարգում ընդգրկված 38 հարցերից թերևս ամենախնդրահարույցը 13-րդն էր: Քննարկումներից հետո այն պարզապես հանվեց օրակարգից: Նախագիծը վերաբերում էր քաղաքին նախկինում պատկանած գույքերի օտարման կամ վարձակալության տրված պայմանագրերի իրավաչափության որոշմանն ու դատական հայցերի միջոցով մի շարք անշարժ գույքեր համայնքին վերադարձնելուն: Գործադիրը` հիմք ընդունելով համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարից 2026թ.-ի հունվարի 29-ին ստացած զեկուցագիրը, ավագանուց խնդրում էր հաստատել բյուջեից 5 մլն դրամի տրամադրում փաստաբանական ծառայությունների համար:
Ներկայացվել էր շենք-շինությունների հետևյալ ցանկը՝ Շիրակ ֆուտբոլային ակումբ (Օզանյան փողոց), Գյուլբենկյան հիվանդանոցի շենքը (Ջիվանու փողոց), ջրմուղի ցանցը ՀՀ կառավարությանը նվիրաբերելու հիմքերի իրավաչափությունը, Գյումրու նախկին շուկան (Շահումյան փողոց), Թումոյի շենք և հարակից հողատարածքները (Կենտրոնական զբոսայգի), Մանկավարժական ինստիտուտի նախկին շենքը (Գայի փողոց) և Աբովյան փողոցում գտնվող «Ցայգ» հեռուստաընկերության շենքը(զեկուցագիր ներկայացնողը հավանաբար նկատի է ունեցել Աբովյան 248 հասցեն, որի երկու հարկերն երկար տարիներ զբաղեցրել է նշված հեռուտաընկերությունը):
Նիստի ժամանակ, համայնքի կալանավորված ղեկավար Վարդան Ղուկասյանին փոխարինող Ավետիս Առաքելյանը հայտարարեց, որ ինչ անում են՝ հանուն քաղաքի են անում, որ հետո մարդիկ չգան ասեն՝ հասեք, փրկեք, անտեր է մնացել՝ քանդվում է: Այն ինչ ներկայացված ցանկից առնվազն 4-ում շոշափելի ներդրումներ են կատարված:
Օրինակ, Շինարարների նախկին պալատը, որտեղ 2019թ-ից գործում է «Թումո Գյումրին», «Թումո» ստեղծարար կենտրոնին հատկացվել է կառավարության որոշմամբ՝ երկարաժամկետ անհատույց օգտագործման իրավունքով: Հուշարձան-շենքի փրկությունից զատ, կենտրոնը պարտավորվել էր ներդրումներ կատարել նաև այգու ողջ տարածքում, սակայն իրականացրել է միայն շենքի վերակառուցման ծրագիրը, իսկ այգու բարեկարգմանը խոչընդոտ է հանդիսանում «Օազիս» ռեստորանի սեփականատեր «Ամբերդ» ՍՊԸ-ի(սեփականատեր Գևորգ Ղուկասյան) և «Թումո» ստեղծարար կենտրոնի միջև սկսված դատական վեճը:
Ցանկում նշված մեկ այլ կառույցում էլ՝ Լենինականի մանկավարժական ինստիտուտի նախկին շենքում, 2014թ-ից գործում է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, որը ստեղծվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից: Ինչ վերաբերում է Գյումրու ջրմուղկոյուղու ցանցը ՀՀ կառավարությանը նվիրաբերելու հիմքերին, նշենք, որ 2016թ. հոկտեմբերի 27-ի արձանագրային որոշումով Կառավարությունը 5 ընկերությունների կողմից(այդ թվում՝ Շիրակի մարզում գործող) օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և գույքի օգտագործման իրավունքը 15 տարով վարձակալության հանձնեց ֆրանսիական «Վեոլիա Օ Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» բաժնետիրական ընկերությանը:
«Արդյո՞ք մենք պատրաստ ենք և կարող ենք վերադարձնել այն գումարները, որոնք սեփականատերերը ներդրել են նշված կառույցների մեջ,-նկատում է «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը,-և հետո, մյուս կողմից էլ շատ վատ միտում է, երբ ներկաները գալիս են իշխանության ու սկսում են սրբագրել նախորդների արածները: Ներկայացված նախագծի իմաստն այն էր, որպեսզի ավագանու համաձայնությամբ, մի քանի տարի առաջ օտարված կամ վարձակալությամբ տրված մի շարք անշարժ գույքերի տնօրինման օրինաչափության հարցը վիճարկվեր դատարանում և փաստաբանական ծառայությունների համար անհրաժեշտ էր 5 մլն դրամ»։
Նիստի ժամանակ «Մեր քաղաքը» խմբակցությունը հայտարարեց, որ չի մասնակցելու քվեարկությանն՝ այդպիսով իր անհամաձայնությունը հայտնելով նախագծին: «Մենք բոլորս մեր նախընտրական ծրագրերում խոսել ենք ներդրումային քաղաքականության խրախուսման, ներդրողներ գրավելու մասին, և հիմա, նման վարքագիծ տեսնելով, որ մի ներդրողը կուզենա գալ Գյումրի,-նկատում է զրուցակիցս,-հաստատ կհիշեք, եղավ մի շրջան, երբ տուրիստական հոսքերի հետ կապված՝ երևանյան մի շարք բիզնեսներ իրենց մասնաճյուղերը բացեցին քաղաքում: Բայց դրանք երկար կյանք չունեցան ու կարճ ժամանակ հետո փակվեցին: Միայն տուրիստով քաղաք չես պահի, կամ բիզնես հրապուրես՝ ներդրման նպատակով: Տեղացին պետք է կայուն աշխատատեղ ունենա: Այնպես որ, նման հապճեպ որոշումները քաղաքի շահերից չեն բխում: Ուրիշ բան, եթե իրոք քանդվող, ներդրման երես չտեսած կառույցների մասին լիներ խոսքը»:
13-րդ հարցի քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության անդամները փորձեցին հասկանալ, թե համայնքապետարանի իրավաբանական բաժնի առկայության պայմաններում փաստաբանական ծառայությունների համար ինչո՞ւ է պահանջ դրվում լրացուցիչ 5 մլն դրամի հատկացման: Հարցը զեկուցողը պարզաբանեց, որ 300-ից ավելի դատական գործեր կան և բաժինը ծանրաբեռնված է աշխատում, դրան գումարվում է նաև մասնագետների պակասը: ՔՊ խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանն էլ առաջարկեց իրենց օրինակով դիմել դատախազություն՝ վստահեցնելով, որ և արագ կլինի, և անվճար:
Սակայն նիստը վարողը՝ տեսնելով խմբակցությունների ընդհանուր տրամադրվածությունը և վստահ չլինելով, թե հարցը կստանա բավարար դրական ձայներ, որոշեց հարցը հանել օրակարգից: Քանի որ հարցը հանելու առաջարկը չդրվեց քվեարկության, նախագիծն էլ չստացավ դեմ քվեներ, նախնական տեղեկություններով, այն կրկին բերվելու է օրակարգ և քվեարկության է դրվելու մարտի 11-ի ավագանու նիստին, թե ինչ փոփոխություններով, պարզ կդառնա այդ օրը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել