
Հոգ չէ, Թուրքիան թող վերականգնի մեր եկեղեցիները
«Թուրքիան իր քաղաքական նպատակներն ունի Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգության հետ կապված և փորձում է այն պահպանել, միգուցեև տուրիզմին զարկ տալու նպատակով: Եթե նրանք ուզում են վերականգնել հայկական եկեղեցիները, դա նաև մեր օգտին է, քանի որ շինությունները պահպանվում են միայն օգտագործելով»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Գագիկ Գյուրջյանը՝ ԻԿՕՄՕՍ- Հայաստանի նախագահը (Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդ):
Հաճախ պետությունների վարչական սահմանները չեն համապատասխանում մշակութային սահմաններին, գոյություն ունեն միջազգային համաձայնագրեր և կոնվենցիաներ, որոնց տակ ստորագրել է Թուրքիան, և իրավունք չունի ոչնչացնել իր երկրի տարածքում պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանները, որոնք պատկանում են այլ ազգերին: Իսկ վերականգնելու դեպքում պետք է չխաթարի դրանց իսկությունը: Այսինքն, եթե վերականգնվում են հուշարձաները, ապա պետք է պահպանվեն նաև դրանց մասին պատմող արձանագրությունները:
Այժմ միջազգային փորձագետների խումբը, որում ներգրավված են նաև հայեր, մեր մայրաքաղաքներից մեկում` պատմական Անիում, վերականգնում է 4 եկեղեցի` Անիի մայր տաճարը, «Ամենափրկիչ եկեղեցին», Աբուղամրենց Սուրբ Գրիգոր եկեղեցին և Տիգրան Հոնենցի եկեղեցին:
Գագիկ Գյուրջյանը հավելեց նաև, որ Թուրքիայում Անիի 35 հայկական եկեղեցիները ընդգրկվել են ՅՈւՆԵՍԿՕ-ի պատմամշակութային հուշարձանների նախնական ցուցակում:
Մեկնաբանել