HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Ֆլայուան Արմենիայի» ավիապարկում 4-րդ Airbus-ն է գրանցվել

Հայ-մոլդովական «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերությունը, որի 54 տոկոսը պատկանում է գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մերձավորներին, իսկ 46 տոկոսը՝ մոլդովական Fly One ավիաընկերությանը, իր ավիապարկում նոր ինքնաթիռ է ավելացրել:

Հունվարի 29-ին ՀՀ օդանավերի ռեգիստրում «Ֆլայուան Արմենիայի» անվան դիմաց գրանցվել է Airbus տիպի հերթական օդանավը, որն այս պահին 4-րդն է հայկական փոխադրողի շարժակազմում:

Մեր երկրում EK-FOE գրանցումը ստացած օդանավն արտադրվել է 2009 թ.: Նախկինում գրանցված է եղել ԱՄԷ-ում, Բուլղարիայում, Կայմանյան Կղզիներում, Լատվիայում եւ շահագործվել է տարբեր օպերատորների կարիքների համար, այդ թվում՝ էմիրաթական, սաուդական, լատվիական, բրիտանական, հնդկական:

Լինելով լատվիական SmartLynx-ի կազմում՝ 2025-ի հոկտեմբերի 15-ին, ըստ planespotters.net-ի, դուրս է եկել շահագործումից ու մինչեւ հունվարի 22-ը կանգնած է եղել ֆրանսիական Տարբ քաղաքի օդանավակայանում:

Այդ ընթացքում՝ նոյեմբերի 28-ին, «Ֆլայուան Արմենիան» հայտարարեց, որ Avia Solutions Group-ից սեփականության իրավունքով ձեռք է բերել 3 հատ Airbus A320 տիպի օդանավ: SmartLynx-ը հենց Avia Solutions Group-ին էր պատկանում մինչեւ 2025-ի հոկտեմբեր, սակայն աշնանն օտարվել է, իսկ դրանից շատ չանցած հայտնի դարձավ, որ լատվիական փոխադրողը դադարեցրել է թռիչքային գործունեությունը: Avia Solutions Group-ը լիտվական արմատներ ունեցող հոլդինգային ընկերություն է, որը հիմնադրվել է 2010-ին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում, բայց ավելի ուշ տեղափոխվել է իռլանդական Դուբլին:

Այս ընկերության հիմնադիր ու նախագահ Գեդիմինաս Ժեմելիսը, մեկնաբանելով «Ֆլայուան Արմենիայի» հետ օդանավերի առքուվաճառքի գործարքը, ըստ հայկական ավիաընկերության, վստահություն է հայտնել, որ իրենց գործընկերությունը կշարունակվի:

Փոխադրողի գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանն էլ նշել է, որ ձեռքբերված 3 օդանավերի շուկայական արժեքը գերազանցում է 70 մլն դոլարը:

Ֆրանսիայում գտնվող օդանավը Երեւան տեղափոխելուց առաջ ժամանակավորապես գրանցվել է Լիտվայում (LY-FAF) եւ մալթայական ավիաընկերության միջոցով հունվարի 22-ին Տարբից փոխադրվել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան:

Ինչպես ասվեց, հայկական գրանցում (EK-FOE) A320-ը ստացել է հունվարի 29-ին: Դրանից 2 օր անց՝ հունվարի 31-ին, EK-FOE-ն Երեւանից տեխնիկական չվերթով մեկնել է կիպրական Լառնակա (ըստ էության, տեխսպասարկման, տես ստորեւ):

Նկատենք, որ այս պահին «Ֆլայուան Արմենիայի» անվան դիմաց ՀՀ օդանավերի ռեգիստրում գրանցված է եւս 2 հատ A320 տիպի ինքնաթիռ՝ EK-FOB (հոկտեմբերի 30-ից մինչ օրս կանգնած է «Զվարթնոցում») ու EK-FOC, եւ 1 հատ A321՝ EK-FOD: Ներկայում «Ֆլայուան Արմենիայի» համար թռիչքներ է կատարում նաեւ մոլդովական Fly One-ի ավիապարկում գրանցված (ER-00007) Airbus A320-ը:

Չնայած «Ֆլայուան Արմենիան» հայտարարել է 3 օդանավերի գնման մասին, այս պահին ՀՀ օդանավերի ռեգիստրում գրանցվել է միայն EK-FOE-ն:

Սակայն, ըստ planespotters.net-ի, SmartLynx-ի նախկին A320-ներից եւս մեկը առաջիկայում ՀՀ-ում գրանցվելու է որպես EK-FOG: 2006-ին արտադրված այս օդանավը նախկինում գրանցված է եղել Չինաստանում, Արուբայում, Կայմանյան Կղզիներում, Լատվիայում, շահագործվել է Չինաստանի, Արուբայի, Լատվիայի, Մեծ Բրիտանիայի, Նիգերիայի ավիաընկերությունների կարիքների համար: Հոկտեմբերի 16-ից մինչեւ փետրվարի 10-ը ինքնաթիռը կանգնած էր ֆրանսիական Տաբրում: Փետրվարի 10-ին օդանավը գրանցվել է Լիտվայում (LY-FAD) ու նույն օրը թռել Երեւան (տեղափոխողը եղել է նույն մալթայական ընկերությունը, տես ստորեւ):

Ամսի 10-ից բորտը կանգնած է «Զվարթնոցում», բայց դեռ ՀՀ գրանցում չի ստացել:

«Ֆլայուան Արմենիայի» գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը հայտարարել է, որ 3 օդանավերի ձեռքբերումով հայկական օպերատորի սեփական օդանավերի թիվը հասել է 8-ի։ 

Լուսանկարում՝ SmartLynx-ի կազմում գրանցված (YL-LDF) A320 տիպի օդանավը (ներկայում՝ EK-FOE)՝ Ալմաթիում, 26.07.2025, հեղ.՝ Իլյա Դեյնեկո, planespotters.net

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter