
21-րդ դարն ու Սիսիանի տաքուկ ձմեռը
Եթե Սյունիքի այլ համայնքներում մարդկանց համար ձմռանը տաքանալու հիմանական միջոցը գազը կամ փայտն է, ապա Սիսիանի համայնքներում այս հարցում «առաջատար դիրքերում» է աթարը, կամ ինչպես իրենք են ասում՝ քարման: Սիսիանի շատ գյուղերում այս վառելիքը պահանջարկ ունի: Գյուղում շրջելիս՝ շատերի տների մոտ կտեսնես խնամքով կիտված աթարի կույտերը:
Շաքիի բնակիչ Մանվել Հովակիմյանը ևս իր տունը աթարով է տաքացնում. «Գազը թանկ հաճույք է: Ճիշտ է աթարը «կեղտոտ» վառելիք է՝ ծուխը մի կողմից, հոտը՝ մի, բայց ի՞նչ անենք, ո՞նց տաքանանք ձմռանը»:
Տարածքը, որտեղ Մանվել պապը գոմաղբից աթար է ստանում, փոքրիկ տնտեսության է վերածվել: Նա նաև ոգևորված պատմում է աթարի պատրաստման տեխնոլոգիայի մասին՝ ասելով, թե դա էլ աշխատատար գործընթաց է. «Նոյեմբեր ամսից աթարը լցնում ենք գետնին, մայիսին նոր կտրում ու մինչ ուշ աշուն թողնում, որ չորանա: Աթարին վնասում են գարնանային անձրևները, եթե աշունն էլ անձրևային է լինում, աթարը թաց է մնում ու այն դժվարությամբ է վառվում. կարգին տաքություն չի տալիս»:
«Աթարը պիտի չոր լինի, որ լավ տաքացնի, մեր մոտ 7 ամիս ձմեռ է՝ հոկտեմբերից-ապրիլ,- ասում է Մանվել պապը: -Լեռնային գոտի է, անտառ չունենք, փայտի համար էլ՝ գումար չունենք: Կապանից են փայտ բերում, բայց շատ թանկ գներով՝ 1 խմ՝ 20 հազար դրամ են վաճառում, դե արի ու մեր ստացած չնչին թոշակով փայտ գնիր»:
Աթարի «արտադրամասում» մի տեղ աթարը բուրգի էր վերածվել, մի տեղ՝ սեղանի, մեկ տեղ էլ՝ բազկաթոռի, որի վրա նստել էր Մանվելի թոռը:
![]() |
![]() |
«Ոչխարի աթարն ավելի լավ է, քանի որ ոչխարը անընդհատ գոմում ոտքի տակ տրորում է, էլ երկար չես չարչարվում, իսկ կովերիրն ամեն օր հանում են, թրիքը մնում է թույլ»,- իրենց գործից հիացած ասում է Մանվելի համագյուղացի Ռաֆիկ պապը:
Գազ, լույս,փայտ... Այս շարքն արժանիորեն կարող է շարունակել աթարը: Սրա որակի համար չկան պատասխանատուներ, չկան գնային տատանումներ, հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովը երբևէ չի խոսել ու չի խոսի սրա մասին… Իսկ Սիսիանի գյուղերի բնակիչների համար` որքան շատ գոմաղբ, այնքան ջերմ ու տաքուկ ձմեռ:
Մարիամ Մաթևոսյան
Գորիս
![]() |
Հոդվածը պատրաստվել է «Հանրային իրազեկվածության ու մասնակցության բարձրացում Սյունիքի մարզում' լրագրողների կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում |
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել