HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը՝ ինքնակամ շինությունների օտարման թեմայով «Հետքի» անդրադարձի շուրջ

Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է տարածել՝ անդրադառնալով «Հետքի»՝ «Ապօրինի տնօրինվող հողերը ազատելու փոխարեն Երեւան համայնքը դրանք օտարել է «Մուլտի-լեոնին»» վերտառությամբ հոդվածին։ Պարզաբանումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Երևանի քաղաքապետը 2010 թվականին օրինական է ճանաչել «Մուլտի Լեոն» ընկերության՝ ինքնակամ կառուցված չորս գազալցակայան, որոնց նկատմամբ գրանցվել է Երևան համայնքի սեփականության իրավունքը, սակայն դրանք ընկերությանը չեն վաճառվել:

«Մուլտի Լեոն» ընկերությունը 2020-ին գույքը իրեն օտարելուն պարտավորեցնելու նպատակով դիմել է ՀՀ վարչական դատարան, սակայն նրա պահանջը մերժվել է, հետագայում այդ տարածքները անվճար ձեռքբերելու նպատակով 2021-ին դիմել է ընդհանուր իրավասության դատարան, սակայն հայցը Երևանի քաղաքապետարանի իրավական ջանքերի շնորհիվ կրկին մերժվել է: Հետագայում ընկերությունը դիմել է Սահմանադրական դատարան` համաձայն չլինելով իր պահանջի մերժման իրավաչափության հետ, որի քննությունը մինչև օրս շարունակվում է:

Միաժամանակ, Երևանի քաղաքապետարանը «Մուլտի Լեոն» ընկերությանը չի տրամադրել նշված գազալցակայաններում գործունեություն իրականացնելու թույլտվություններ, նաև առանց թույլտվության գործունեություն իրականացնելու փաստով կազմվել են արձանագրություններ, ինչը այս դեպքում կարող էր լինել հնարավոր միակ միջոցը քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում, ինչի արդյուքում է ընկերությունը ստիպված է եղել դիմել գազալցակայանները գնելու խնդրանքով` չսպասելով Սահմանադրական դատարանում գործի քննության ավարտին, այսինքն` կամովին հրաժարվելով նշված տարածքներն անհատույց ստանալու հնարավորությունից՝ այն դեպքում, երբ Երևանի քաղաքապետարանը գազալցակայանը օտարել է ներկայում գործող արժեքներով, այլ ոչ թե ինքնակամ կառույցի օրինակացման ժամանակահատվածի արժեքով, ինչին ընկերությունը օրենսդրության կարգավորումներով կարող էր հավակնել: 

«Հետք» լրատվական կայքը անդրադարձել էր դատախազության հաղորդմանը, որի հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել՝ «Մուլտի Լեոն» ընկերության՝ անօրինական հողոգտագործման փաստով: Նշվում է, որ չնայած դատախազությունը միջնորդել է Երևան համայնքին դադարացնել տարածքների ապօրինի օգտագործումը, քաղաքապետը որոշել է հողամասերից մեկը՝ Շիրակի 1/18 հասցեում վաճառել այն ապօրինի տնօրինող «Մուլտի Լեոն» ընկերությանը: Այս հատվածը, իհարկե, առաջին հայացքից կարող էր համոզիչ հնչել, եթե չլինեին շատ կարևոր նրբություններ, հրապարակման մեջ չի նշվում՝ «Մուլտի Լեոն» ընկերության՝ որոշակի ժամանակահատվածում վարձակալության վճարներ վճարելու, այս պարզաբանման մեջ նշված դատական գործընթացի, Սահամանդրական դատարանում մինչև այժմ քննվող գործի, Երևանի քաղաքապետարանի լիազորությունների շրջանակի, այդ թվում` վտարում կատարելու հարցում, նշված չէ, թե ինչ հիմքով է օտարվել գազալցակայաններից մեկը և ինչու դատախազության միջնորդագիրը չէր կարող արգելք լինել որշման նախագիծը ստորագրելու համար: 

Իրականում, իսկապես, դատախազությունը միջնորդագիր ուղարկել է Երևանի քաղաքապետարան, որը ստացվել է միայն 15.01.2026 թվականին` որոշման կայացման նույն օրը, այսինքն՝ այն ժամանակ, երբ գույքի օտարման գործընթացը նախաձեռնված է եղել դեռ ամիսներ առաջ, ուստի պնդումները, թե միջնորդության ներկայացումից հետո կատարվել է գույքի օտարում մանիպուլյատիվ են և ներկայացվում են աննախադեպ բնույթի խախտում կատարելու տրամաբանությամբ, սակայն միջնորդության ներկայացումն ինքնին արգելք չէ համայնքի գույքի տնօրինման համար և այսօր նույնպես կարող է իրականացվել համայնքի գույքի օտարում:

Հարկ ենք համարում նշել նաև, որ նշված տարածքները այդ ընկերությունը օգտագործում է 2000 թվականի սկզբից, ավելի քան 25 տարի, դրանք օգտագործվում են ճիշտ այնպես, ինչպես Երևան համայնքին պատկանող հազարավոր այլ գույքեր, որոնք օրենքով սահմանված կարգով օգտագործողներին օտարելու ուղությամբ համայնքն ամենօրյա ռեժիմով գործուն քայլեր է անում: Ավելին` Երևանում կան տասնյակ հազարավոր ինքնակամ կառույցներ, որոնց մի մասը կառուցված է համայնքին պատկանող հողամասում, և որոնց օրինականացման ու դրանք օգտագործողներին օտարելու ուղությամբ նույնպես ամենօրյա աշխատանք է տարվում:

Համոզված ենք, որ Երևան համայնքի շահերից չեն բխում տասնյակ հազարավոր բնակիչների վտարումները կամ տնտեսվարողների աշխատանքների դադարեցումը՝ հաշվի առնելով, որ համայնքում այդ տնտեսվարողներն ապահովում են աշխատատեղեր և վճարում են բավականին մեծ հարկեր: Հետևաբար, համայնքը հաշվի է առնում խնդրի պրագմատիկ ասպեկտը և խուսափում մեծ ցնցումներից՝ հնարվորության դեպքում տասնամյակներ առաջ կառուցված ինքնակամ շինությունները օտարելու գործընթացի ֆոնին՝ հաշվի առնելով նաև այն, որ քանդման կամ վտարման պարտադիր ժամկետ օրենսդրությամբ սահմանված չէ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter