Ռոմիկ Աթաբեկյան. Սովետն ու սովետականը դժվար է կարոտով հիշել
«Սովետական տարիներին կյանքը միապաղաղ էր, մեր փոխարեն պետությունն էր մտածում, մենք ուղղակի գնում էինք աշխատանքի, գալիս»,-ասում է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչ Ռոմիկ Աթաբեկյանը։
Խորհրդային Միության փլուզումից հետո Ռոմիկ Աթաբեկյանը, որը միշտ պետական հիմնարկներում էր աշխատել, որոշում է զբաղվել բիզնեսով։ Թեեւ երբեք չէր սիրել առեւտուրը, բայց ընտրում է այդ ոլորտը։ «Հետո, իհարկե, սիրեցի, աշխատեցի։ Հիմա երեխաներս ինձ ասում են` բավական ա, արդեն մեծ ես, բայց խանութը եկամտի աղբյուր լինելուց բացի նաեւ զբաղմունք ա։ Ինձ ոչ էնքան գումարն ա հետաքրքրում, որքան մարդկանց հետ ամենօրյա շփումը»։
Նա ոչ մեծ մթերային խանութ ունի, որն, իր ասելով, քաղաքի առաջիններից է եղել։ «Էս շրջակայքում, կարելի ա ասել, առաջին խանութն իմն է եղել։ 1993-ին, որ սկսել եմ աշխատել, առաջինն էի։ Էն ժամանակ ավելի փոքր էր, բայց հաճախորդները շատ էին, պահանջարկ կար, խանութ չկար։ Արդեն երեսուներկու տարի գործում է։ Երեսուներկու տարի իմ ընտանիքն ապրում է այս խանութի շնորհիվ»։
-Շատերը կարոտով են հիշում սովետի տարիները, դո՞ւք էլ,- հարցնում եմ։
-Կարոտով հիշում եմ իմ մանկությունը, պատանեկությունը, երիտասարդ տարիները, բայց Սովետն ու սովետականը դժվար է կարոտով հիշել։ Այս տարիքում արդեն հասկացել եմ, որ էն նախորդ կյանքն ապագա չուներ։ Իսկ հիմա, ճիշտ է, դժվար է, բայց ապագա տեսնում եմ,-պատասխանում է։
Ապագայի որակը, սակայն, նա պայմանավորում է մարդու ներսի փոփոխությամբ. «Մենք պետք է փոխվենք։ Ես միշտ ասել եմ՝ շատ ժամանակ է պետք, որ մենք փոխվենք, որ էդ հին, սովետական մտածելակերպը, էն, ինչ որ սովորել ենք սովետական տարիներին, դուրս գա մեր միջից»։
«Ես հպարտ եմ, որ այսօր Հայաստանում եմ ապրում եւ միտք էլ չունեմ Հայաաստանից դուրս գալու, մտքովս չի էլ անցել։ Ես հպարտ եմ, հպարտանում եմ Հայաստանով եւ հպարտ եմ, որ, ես Հայաստանի քաղաքացի եմ։ Դժվարություններ առաջ էլ կային, հիմա էլ լինում են, շատ կան, ես միայն մտածում եմ, որ պետք է պայքարել։ Առանց դժվարության, նույնիսկ մտածում եմ, որ հետաքրքիր չի լինի կյանքը»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել