HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռվա Քամին հայ է, բայց Կանադայից

Կարմիր շրթներկով, դաջվածքներով սեւազգեստ երիտասարդ կինը միանգամից առանձնացավ ցուցահանդեսին ներկաներից:

«Անունս Քամի է»,- սփյուռքահայերին հատուկ ակցենտով ասաց նա, երբ ծանոթացանք: Զրույցի ընթացքում պարզվեց՝ Քամին միքսմեդիա աշխատանքներ է ստեղծում, նկարում է, թատերական բեմադրություններ անում: Ավելի ուշ առիթ ունեցա տեսնել Քամի Աբրահամյանի միքսմեդիա եւ անիմացիոն աշխատանքներից որոշները: Ազատություն, անկախություն, կանացիություն, զգացմունքայնություն. առաջին ասոցացիաները, որ ունեցա նրա աշխատանքները դիտելիս: Դրանց շուրջ էլ հենց ծավալվեց մեր զրույցը:

Քամի, քո միքսմեդիա աշխատանքներում կա եւ գեղանկարչություն, եւ լուսանկարչություն, եւ թատերարվեստ… Ու այս ամենը՝ թվային մեկնաբանությամբ, տեխնոլոգիական լուծումներով: Օրինակ, քո «Միքսմեդիա» կոլլաժները հին լուսանկարներով արված կոլլաժներ են, որոնք կարծես շարունակականություն բերող ապագան են ներկայացնում: Կուզեի՝ պատմեիր  սրանց մասին, քանի որ մի տեսակ անցյալի, ներկայի ու ապագայի մեկտեղումն եմ զգում այստեղ:

Մեծ մայրիկս մահացավ: Ամեն մեկս պետք է այնպիսի մի բան վերցնեինք նրա տնից, որ մեզ միշտ նրան կհիշեցներ: Ես վերցրեցի հին լուսանկարներով նրա արկղիկը, ու դրա միջոցով՝ նրա կյանքի ողջ պատմությունը: Հետո այդ լուսանկարներն ապրեցին: Ճանաչեցի մեծ պապիկիս, որը շատ վաղուց էր մահացել: Նկարների միջոցով նա սկսեց ապրել, սկսեցին նոր կերպ ներկայանալ լուսանկարների մարդիկ:

Այո, սա անցյալն է, քանի որ հին լուսանկարներով են արվել կոլլաժները, ներկա, քանի որ դրանք թվային են, ապագա, քանի որ այդպես շարունակելու են ապրել… Միքսմեդիա, քանի որ արվեստի բոլոր ճյուղերն էլ այստեղ կան, գումարած թվային մեկնաբանումը, քանի որ թվային աշխարհն այսօր նույնքան իրական է, որքան որ այս մեկը՝ մեր իրականությունը: Բացի դա, թվային տեխնոլոգիաները տալիս են այս ամենը միավորելու հնարավորություն:

Քամի, նաեւ բրելասկի ներկայացումներ ես բեմադրում: Նախ՝ ի՞նչ է այն, եւ հետո՝ ինչո՞ւ հենց բրելասկ:

Բրելասկը մերկապարի էլեմենտներով թատերական ներկայացում է: Դժվարանում եմ հստակ բացատրել դրա էությունը, բայց, օրինակ, «Մուլեն Ռուժ»-ը դասական բրելասկի ներկայացում է:

Ես գնում էի բալետի 13 տարի: Հետո, երբ ցանկացա շարունակել բալետը պրոֆեսիոնալ մակարդակով, պարզվեց, որ պետք է կորցնեի քաշս, սակայն ես սիրում եմ իմ մարմինը, դրա համար էլ թողեցի պրոֆեսիոնալ բալետը, չցանկացա հրաժարվել իմ մարմնից: Հետո սկսեցի բեմադրություններ անել, իհարկե, Կանադայում, քանի որ այստեղ դեռ այդ մշակույթը զարգացած չէ: Բրելասկն ազնիվ է շատ եւ ընդունում է քեզ այնպիսին, ինչպիսին կաս, եւ ոչ թե այնպիսին, ինչպիսին ուզում են՝ լինես: Պետք է ընդունեն քեզ այնպիսին, ինչպիսին կաս:

Կանայք չպետք է ամաչեն իրենց զգացմունքայնությունից: Մենք մեծանում ենք՝ դաստիարակվելով, որ չպետք է լինենք զգայական, զգացմունքային, մեզ սովորեցնում են, որ ամոթ է մարմնի գեղեցիկ մասերը ցույց տալ… Բայց կինը մեղավոր չէ, որ Աստված այդպիսին է ստեղծել իրեն, որ ինքը գեղեցիկ է, եւ պետք է ամաչի իր մարմնից:  Բրելասկը նաեւ միջոց է` ասելու սա: Ահա թե ինչու՝ բրելասկ:

Որքան հասկացա՝ կարճ ժամանակով ես Հայաստան եկել: Ունե՞ս ինչ-որ ծրագրեր Հայաստանի հետ կապված:

Գիտես, ես ուզում եմ Հայաստան բերել թվային փորձառական արվեստը: Իհարկե, այն նորություն չէ, սակայն Հայաստանում դեռեւս զարգացած չէ: Այս իմաստով արդեն փորձում եմ առաջին քայլերս անել.

Հայաստանում  հինգ հոգով պատրաստվում ենք միքսմեդիա ցուցահանդես ունենալ Աբրահամյան արվեստի կենտրոնում: Ամենայն հավանականությամբ, այն տեղի կունենա սեպտեմբերի 13-ին: Կմասնակցեն Ամանդա Չարչյանը (լուսանկար, ԱՄՆ), Լուսի Աբդալյանը (խառը տեխնիկա, ԱՄՆ), Դանիլել Վիլյամը (վիդեո-տեսաձայնագրություն, Կանադա), Կարինե Թորոսյանը (փորձարարական ֆիլմ, Կանադա): Կմասնակցեմ նաեւ ես իմ անիմացիոն աշխատանքներով ու միքսմեդիա կոլլաժներով:

Իսկ ինչո՞ւ Քամի:

Անունս հայրիկս է դրել. Լորի Քամի` Լոռվա Քամի:

Քամու նմա՞ն ես:

Շատ, երբեք նույն տեղում երկար չեմ կարողանում մնալ: Միշտ սիրում եմ ճամփորդել:

Իսկ ինչո՞ւ ես այսքան շատ դաջվածքներ արել: Տեսնում եմ եւ Ֆրիդա Կալոյին, եւ խորհրդային շրջանի մատը շուրթերին կնոջ կերպարը, եւ այլ սիմվոլներ…

Մարմինս կտավ է: Ես կարող եմ նրա վրա նկարել, բազմաթիվ նկարներ ունենալ: Բացի դա, դրանցից յուրաքանչյուրն իրենց պատմությունն ունեն, ու ներկայացնում են նաեւ իմ կյանքը:

Քամի, գիտեմ, որ հիմնականում ապրում ես Կանադայում, սակայն ծնողներդ հայ են: Հիմա քեզ կանադուհի ես համարում, թե հայ:

Գիտես, ես միշտ ասում եմ, որ ես Կանադայից եմ, սակայն ես հայ եմ: Ծնողներս հայ են: Հայրիկիս կողմը (մեծ հայրիկս փրկվել է Ցեղասպանությունից) եկել հաստատվել են Լիբանանում, այդպես էլ մայրիկիս ծնողներն են փրկվել, հետո ծնողներս են իրար հետ ծանոթացել… Այդպես հիմա իմ նախնիները հայեր են, ես էլ եմ հայ, բայց Կանադայից եմ, եւ իմ ապագան առանց Հայաստանի, ամեն դեպքում, չեմ պատկերացնում:

զրուցեց Մարիամ Մուղդուսյանը

Հ.Գ. Քամին հիմա եվրոպական բուհերից մեկում աշխատում է թվային արվեստի եւ թերապիայի թեմայով իր մագիստրական թեզի վրա: 

http://vimeo.com/25829346

http://www.kaleiderie.com/

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter