HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Իսակով-Արշակունյաց ճանապարհի կառուցման համար ևս 5 գույք կճանաչվի հանրության գերակա շահ

Իսակով և Արշակունյաց պողոտաների միացումն ապահովող ճանապարհի կառուցման նպատակով Տարածքային կառավարման նախարարությունը մի շարք գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման նախագիծ է ներկայացրել քննարկման: Այն վերաբերում է  սեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող 5 միավոր անշարժ գույքերին, որոնք գտնվում են Կաշեգործների փողոցում և Իսակովի պողոտայում:

Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսվում է Իսակով և Արշակունյաց պողոտաների միացումն ապահովող ճանապարհի կառուցման աշխատանքներ: Ճանապարհահատվածի կառուցման համար Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև 2023թ. նոյեմբերի 27-ին ստորագրվել է վարկային համաձայնագիր: Ծրագիրն իրականացնելու համար հատկացվել է 85.67 միլիոն ԱՄՆ դոլար, որից 20,5 միլիոն ԱՄՆ դոլար նախատեսվել է պետական ֆինանսավորմամբ: 

Համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացման ժամկետը 4 տարի է, ավարտը՝ 2028թ. մարտի 30-ին։ Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի կողմից:

2014թ-ին Երևանի քաղաքապետարանն ավարտել է Մոնթե Մելքոնյան փողոցի շինարարական աշխատանքները և այն հանձնել է շահագործման (Իսակով – Լենինգրադյան ճանապարհ): Ըստ նախագծի հիմնավորումների՝ այս փողոցի տրամաբանական շարունակությունը Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածն է, որը հանդիսանում է Լենինգրադյան փողոց–Ծովակալ Իսակովի պողոտա կառուցված ավտոմայրուղու շարունակությունը և անցնելով նախատեսվող «Դաունթաուն Երևան» (Նորագյուղ) նախագծային թաղամասի միջով  և Հրազդան գետի վրայով` միանում է Արշակունյաց պողոտային: Ակնկալվում է, որ 2026 թ. գարնանը կմեկնարկեն շինարարական աշխատանքները։

ՏԿԵՆ-ի ներկայացրած հիմնավորումներում՝ ճանապարհահատվածի կառուցման արդյունքում էապես կնվազի Երևան քաղաքի Հաղթանակի կամրջի, Արգիշտի-Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցների, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ-Արշակունյաց պողոտա խաչմերուկների ծանրաբեռնվածությունը, ինչի արդյունքում էապես կկրճատվի երթևեկության տևողությունը և կնվազեն խցանումները:

Ծրագրի իրականացման նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ են, շինարարության թույլտվությունը ստացված է: Նախագիծը ներառում է Իսակով պողոտայի վրա առկա ճանապարհային հանգույցի անհրաժեշտ թևերի կառուցում՝ ապահովվելու է մուտք դեպի Նորագյուղ թաղամաս, Հրազդան գետի վրա 269մ երկարությամբ երկաթբետոնե հեծաններով կամուրջ: Արշակունյաց պողոտայում կառուցվելու է թունելային անցմամբ և շրջանաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույց: Հիմնական ճանապարհի երկարությունը 1.86 կմ է (իջատեղերով՝ 6.57 կմ): Ճանապարհը հիմնականում բաղկացած է 6 երթևեկելի գոտուց, որտեղ ճանապարհի երևեկելի հատվածի լայնությունը կազմում է 24.5 մ:

Կառավարությունը 2023 թվականի օգոստոսի 11-ին ընդունել է «Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա-Արշակունյանց պողոտա ճանապարհահատվածում առկա գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» թիվ 1357-Ն որոշումը, որում  ներառվել են 21 (քսանմեկ) ֆիզիկական և 6 (վեց) իրավաբանական անձանց պատկանող թվով անշարժ գույքեր (ընդամենը՝ 27 միավոր)։ Նշված անձանց հետ գույքերի օտարման գործընթացն ընթանում է օրենսդրությամբ սահմանված կարգով: Սակայն, նշված գործընթացի հետ մեկտեղ, տվյալների բազայի ուսումնասիրման և տեղում օտարման գործընթացի իրականացման ընթացքում պարզվել է, որ առկա են գույքեր, որոնք չեն ներառվել վերը նշված որոշման մեջ, ինչն էլ նոր որոշում կայացնելու անհրաժեծտություն է առաջացրել:

Լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter