Թմրամիջոցների շրջանառության համար դատապարտվածների թիվն աճել է
2025-ին էականորեն աճել է թմրամիջոցների գործերով դատապարտյալների թիվը: Փոփոխություն է եղել նաև անազատության մեջ պահվող անձանց կարգավիճակում: Քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալներն ավելի շատ են եղել, քան կալանավորված անձինք: Նախորդող տարում պատկերը հակառակն է եղել: Մինչդեռ մեկ տարվա ընթացքում 168-ով ավելացել է անազատության մեջ պահվող անձանց թիվը:
2026թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվել է 2854 մարդ՝ 1462 դատապարտյալ և 1392 կալանավորված անձ: Սակայն կալանավորված անձանց թիվը 70-ով պակաս է դատապարտյալների թվից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կալանավորները դատապարտյալներից 116-ով ավել էին:
Դատապարտյալները քրեակատարողական հիմնարկներում պատիժ են կրում հիմնականում սեփականության դեմ ուղղված, թմրամիջոցների շրջանառության, սպանության և դրա փորձի, սեռական անձեռնամխելիության դեմ ուղղված հանցագործությունների կատարման համար:
Առաջին տեղում են սեփականության դեմ ուղղված հանցագործությունների համար պատիժ կրողները: 2025թ. այդ արարքը կատարելու համար պատիժ է կրել 428 մարդ (29,2%), իսկ 2024-ին՝ 432: Այնուհետև թմրամիջոցների շրջանառությունն է, որի կատարման համար դատապարտվածների թիվն ավելացել է: Այդ արարքի կատարման համար 2025-ին պատիժ է կրել 350 (23,9%), իսկ դրա նախորդ տարում՝ 258 մարդ: 2025 և 2024 թվականներին սպանության կամ սպանության փորձի կատարման համար պատիժ են կրել համապատասխանաբար՝ 289 և 281 մարդ (19,7%): Սեռական անձեռնամխելիության դեմ ուղղված հանցագործությունների համար 2025թ. պատիժ է կրել 52 դատապարտյալ (3,5%), իսկ 2024-ին՝ 56 և այլն:
2026թ. հունվարի 1-ի դրությամբ դատապարտյալների մեծ մասը՝ 805 մարդ, պահվել է միջին անվտանգային գոտում, այնուհետև բարձր անվտանգային գոտում՝ 458: Ցածր անվտանգային գոտում պահվել է 160 դատապարտյալ: Անչափահասների անվտանգային գոտում, թե՛ 2024, թե՛ 2025 թվականներին պահվել է 2-ական մարդ:
Նշենք, որ քրեակատարողական հիմնարկի բարձր և միջին անվտանգային գոտիների խիստ պայմաններում դատապարտյալները պահվում են խցերում, իսկ քրեակատարողական հիմնարկի միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում և ցածր անվտանգային գոտում` կացարաններում:
Խցերում և կացարաններում պատժի կրումն անդրադառնում է դատապարտյալի իրավունքների իրականացման կարգի ու պայմանների վրա՝ նախանշելով իրացման առանձնահատկությունները: Օրինակ՝ ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժը կրող դատապարտյալներին թույլատրվում է իրենց մոտ ունենալ գումար և թանկարժեք իրեր, նրանք պահվում են առանց պահակախմբի։ Այդ դատապարտյալների աշխատանքը և կրթությունը կարող է կազմակերպվել քրեակատարողական հիմնարկի տարածքից դուրս, ինչը չպետք է խոչընդոտի պատիժը կրելու կարգին, պայմաններին և այլն:
2025թ. քրեակատարողական հիմնարկներից ազատվել է 2396 անձ, որը նախորդ տարվա համեմատ 546-ով ավելի է: Անազատության մեջ պահվող անձանց մեծ մասը՝ 1229 մարդ, ազատվել է «կալանք» խափանման միջոցի փոփոխման պատճառով, այնուհետև պատիժն ամբողջությամբ կրելու հիմքով՝ 680 մարդ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել