HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ոչ վերականգնում են, ոչ գերակա շահ ճանաչում. Գյումրիում հայտնի «Օժիտի շենքը» քայքայվում է ներսից

Գյումրու կենտրոնական կամ «Գորկա» կոչվող այգու դիմաց է գտնվում ալեքպոլյան ճարտարապետության մարգարիտներից մեկը, որն անցած տասնամյակում զբոսաշրջիկների կողմից ստացել է «Օժիտի շենք» անվանումը: Կառույցը Կումայրի արգելոց-թանգարանի այն շինություններից է, որոնց ճակատագիրը տարիներ շարունակ մնում է անհայտ՝ վերականգնման ու գործառնական նշանակության առումով: Ջիվանու փողոցում գտնվող 818 քմ մակերեսով շենքը 2011թ.-ին Գյումրու քաղաքապետարանը (քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օրոք), կազմակերպած աճուրդում 21 մլն դրամով վաճառել է՝ հիմնավորմամբ, թե համայնքը միջոցներ չունի վերականգնելու: Շենքը վնասվել էր երկրաշարժին, փլվել էին ճակատային հատվածի տանիքի քարերը: 3-րդ աստիճանի վթարայնության կառույցի գնորդը (այդպես նշված է փաստաթղթերում) Հովհաննես Գրիգորյանն է՝ Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակ Ղուկասյանի ընկերը:

Նիկողայոս Դրամփյան (1).jpg (63 KB)
Նիկողայոս Դրամփյան

  Յասաման-Հեղինե Դրամփյան (1).jpg (82 KB)

Յասաման Դրամփյան

«Օժիտի շենքը» կառուցվել է 1890-ականներին, պատկանել է իր բարեգործություններով  քաղաքում հայտնի մեծահարուստ Նիկողայոս Դրամփյանին: Նրա կինը՝ Յասամանը (երկրորդ անունը՝ Հեղինե), ութ զավակների հոգատար մայր էր։ Դրամփյանների որդիները՝ Լևոնը, Միհրանը, Պողոսը և Պետրոսը, կրթություն են ստացել Սանկտ Պետերբուրգում և արտասահմանում: Ալեքսանդրապոլում Դրամփյանները կիրթ ու բարձրախավ ընտանիքի հեղինակություն են վայելել:

Ելենա և Ջավահիր Դրամփյաններ (1).jpg (1.02 MB)

Ջավահիր և Ելենա Դրամփյաններ

Չորս դուստրերից ավագը Ելենան էր, ով ամուսնացել էր թիֆլիսաբնակ հայտնի նավթահանքերի տեր Աֆրիկյանների ընտանիքի զավակի հետ։ Մյուս դուստրերը՝ Սաթենիկն ու Շուշանիկը, այդպես էլ չեն ամուսնացել, մնացել են հայրական տանը, իսկ դրա պետականացումից հետո, մինչև խոր ծերություն ապրել շենքի բակում: 

Աղջիկներից Ջավահիրը ամուսնացել է 1897թ.-ին, Ալեքսանդրապոլի առաջին ընտրովի քաղաքագլուխ Գեղամ Մարգարի Տեր-Պետրոսյանի հետ (ընտրվել է 1897թ.-ին): Հենց այս առանձնատունն է Նիկողայոս աղան որպես օժիտ տվել դստերը։ 

Տունն ի սկզբանե պատշգամբ չի ունեցել, այն տեղադրվել է հետագայում: Եվ որպեսզի շինարարության համար ստանա հարկավոր թույլտվությունը, տիկին Ջավահիրը դիմում է գրել քաղաքապետ ամուսնուն: Այդ փաստաթուղթը պահպանվում է Կումայրի արգելոց-թանգարանի արխիվում: Ջավահիրի մասին կա ևս մեկ գրավոր վկայություն: Նրա դիմումի հիման վրա Չերքեզի ձորից մինչև «Գորկա» այգի ջրագիծ է անցկացվել, ջուրը ապահովել են պոմպի միջոցով: Այդ տարիներին քաղաքապետարանը Ռուսաստանից Գյումրու բնակլիմայական պայմաններին համապատասխան ծառեր են բերել, ձևավորել ներկայիս այգին, որի ամեն քայլուղին ունեցել է իր անունը: Ի նշան շնորհակալության՝ քաղաքային խորհուրդը իրավունք է տվել Ջավահիրին ընտրել և զբոսայգու ծառուղիներից մեկը կոչել իր անունով:

Ըստ արխիվային փաստաթղթերի՝ «Օժիտի շենքը» որոշ ժամանակ ծառայել է որպես քաղաքապետարան: Քաղաքապետ Տեր-Պետրոսյանը նման քայլի գնացել է՝ քաղաքային բյուջեի գումարները խնայելու նպատակով: 1918թ.-ին Անդրանիկ զորավարը հենց այս շենքի պատշգամբից է կոչով դիմել ժողովրդին և 1500 կամավորներից բաղկացած Հարվածային գնդին: Տարբեր աղբյուրների վկայությամբ, այս նույն շենքում 1920թ.-ի դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Հայաստանի կառավարությունը ստորագրել է Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագիրը:

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, ինչպես շատ կառույցներ, որոնք պատկանել են տեղի մեծահարուստներին, «Օժիտի շենքը» ևս ազգայնացվել է: Այստեղ սկզբում գործել է քաղաքային գործկոմը, հետագայում՝ Լենինականի Պիոներ պալատը, իսկ մինչև երկրաշարժը՝ Մերկուրովի անվան նկարչական դպրոցը: 

1988թ.-ի երկրաշարժից հետո վթարային շենքում ժամանակավոր բնակություն են հաստատել անօթևան ընտանիքներ: Տարիների ընթացքում բնակարան ստանալով՝ բոլորը հեռացել են՝ բացի Լևոն Ղազարյան (85 տարեկան) և Լյուդմիլա Պալտյան (83 տարեկան) ամուսիններից: Վերջիններս երկրաշարժին բնակարան են կորցրել, սակայն փոխհատուցում չեն ստացել: Նրանք հիմա էլ շարունակում են ապրել առանձնատան առաջին հարկի երկու սենյակում՝ ելումուտ անելով բակի կողմից: Շենքի վաճառքի մասին տեղեկացել են սեփականատիրոջից: Ծեր ամուսինների հետ զրուցել չհաջողվեց: Մուտքի մոտ մեզ դիմավորած Լևոնի թոռը փոխանցեց, որ անցած 15 տարում ոչինչ չի փոխվել. ոչ բնակարանի փոխհատուցման, ոչ էլ շենքի վերականգնման առումով, սպասում են: 

Ի դեպ, 2013թ.-ին քաղաքային իշխանությունների կողմից որոշում էր կայացվել համայնքին վերադարձնել պատմական այս շինությունը՝ ճանաչելով գերակա շահ, սակայն այդ նախագիծն այդպես էլ չի հաստատվել: Կառույցն ընդգրկված չէ նաև Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության կողմից 2024թ.-ին վարչական դատարան ներկայացրած համայնքին վերադարձվելիք 24 անուն շենք-շինությունների ցանկում, որոնք օտարվել են 2003-2018թթ.-ին Գյումրու երկու քաղաքապետերի՝ Վարդան Ղուկասյանի և Սամվել Բալասանյանի օրոք: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter