Բրայլյան նոր դասագրքերի հանձնման արարողություն
Սեպտեմբերի 1-ին Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N14 հատուկ դպրոցում տեղի կունենա «Բրայլյան դասագրքերի տպագրություն» ծրագրի շրջանակներում տպագրված 170 նոր բրայլյան դասագրքերի հանձման արարողությունը:
Ծրագրի շնորհիվ հնարավոր եղավ տպագրել մաթեմատիկայի, ռուսաց լեզվի, անգլերենի, ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի և այբենարանի 170 օրինակ բրայլյան դասաքրքեր տարբեր դասարանների համար` ապահովելով դպրոցի մոտ 100 աշակերտների որակյալ կրթության իրավունքը:
Ծրագիրն առավել հրատապ և կարևոր էր, քանի որ դպրոցի սաները տարիներ շարունակ զրկված էին նոր դասագրքերով սովորելու հնարավորությունից` սուղ պետական միջոցների պատճառով. բրայլան դասագրքերի տպագրությունը բավականին թանկարժեք է:
Ծրագիրն իրականացվեց դպրոցի անձնակազմի կողմից «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի «Հակաճգնաժամային հիմնադրամ» ծրագրի շրջանակներում դպրոցին տրամադրված մոտ 25 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 9 մլն 506 հազար դրամ դրամաշնորհի օգնությամբ :
Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N 14 հատուկ դպրոցը, հիմնադրվել է 1939թ.: Համալրված անհրաժեշտ մասնագետներով և սարքավորումներով, դպրոցը Հայաստանում գործող միակ հատուկ կրթահամալիրն է տեսողության խնդիրներ ունեցող երեխաների համար:
ԲՀՀ-Հայաստանի «Հակաճգնաժամային հիմնադրամ» ծրագիրը մեկնարկեց 2009թ. և նպատակաուղղված էր սատարելու ՀՀ-ում համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքների մեղմացմանը և հաղթահարմանը : Ծրագիրն իրականացվել է մինչև 2011թ.-ի վերջը, որի ընթացքում ընդհանուր առմամբ ֆինանսավորվել է 59 ծրագիր ամենատարբեր ոլորտներում` (սոցիալական, կրթական, գյուղատնտեսության, համայնքային զարգացման, մշակութային և այլն) 4 մլն 833 հազար 309 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, որից 2 մլն 122 հազար 355 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը ԲՀՀ-Հայաստանի կողմից տրամադրված դրամաշնորհներն են, իսկ 2 մլն 760 հազար 954 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը` ընհանուր համաֆինասավորումը:
Հաշվի առնելով հանրապետությունում ճգնաժամի հետևանքով խորացած ծանր սոցիալական իրավիճակը` Ֆինանսավորված ծրագրերը հիմնականում սոցիալական և մարդասիրական ուղղվածություն ունեն` հասցեագրված հասարակության առավել խոցելի և անապահով անդամներին:
Բաց հասարակության հիմնադրամները աշխատում են նպաստել կենսունակ եւ հանդուրժող ժողովրդավարական պետությունների կառուցմանը, որոնց կառավարությունները հաշվետու են իրենց քաղաքացիներին: Այդ առաքելությամբ, Հիմնադրամները ձգտում են ձևավորել հանրային այնպիսի քաղաքականություն, որն ապահովում է ավելի մեծ արդարություն քաղաքական, իրավական և տնտեսական համակարգերում և պաշտպանում է հիմնարար իրավունքները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել