«Սրբազան պայքար»-ի գործով դատարանը վերացրեց Արմեն Ալեքսանյանի և Մովսես Շարբաթյանի տնային կալանքը, Կարո Օկումուշյանինը՝ երկարաձգեց
«Սրբազան պայքար»-ի գործով դատարանն այսօր` փետրվարի 23-ին, քննարկեց մեղադրյալներ Կարո Օկումուշյանի, Արմեն Ալեքսանյանի և Մովսես Շարբաթյանի խափանման միջոցների հարցը։ Դատարանը որոշեց վերացնել Արմեն Ալեքսանյանի և Մովսես Շարբաթյանի տնային կալանքը։ Եվ միայն Կարո Օկումուշյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով։
Հիշեցնենք՝ այս գործով մեղադրյալները 18-ն են։
Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում նրանք ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։
Թեև դրան, Կարո Օկումուշյանի պաշտպանը միջնորդել էր փոփոխել խափանման միջոց տնային կալանքը և փոխարենը կիրառել համակցված խափանման միջոցներ, որպեսզի Կարո Օկումուշյանը կարողանա աշխատել որպես վարորդ և վարկերի ամսական վճարումները կատարել։
Մեղադրյալ Արթուր Սարգսյանն էլ հայտնել էր, որ Կարո Օկումուշյանն ընդամենը կատարել է իր աշխատանքային պարտականությունները, եղել է իր ընտանիքի վարորդը։
Սակայն, դատարանի որոշմամբ՝ Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտնեց՝ հաշվի է առվում, որ քրեական վարույթը նախնական դատալսումների փուլում է գտնվում, և իրավաչափության պայմանները չեն փոփոխվել։
Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը միջնորդեց նաև երկարաձգել մեղադրյալ Արմեն Ալեքսանյանի տնային կալանք կիրառված խափանման միջոցի ժամկետը։
«Մեծ է հավանականությունը, որ ազատության մեջ հայտնվելով՝ մեղադրյալը կարող է չկատարել իր վրա Քրեական դատավարության օրենսգրքով դրված պարտականությունները»,- նշեց նա։
Արմեն Ալեքսանյանի պաշտպանը դատարանին հայտնեց իր պաշտպանյալի առողջական խնդիրները մասին, նշեց նաև, որ վերջինիս հայրը նույնպես ունի առողջական խնդիրներ։ Պաշտպանը միջնորդեց որպես խափանման միջոց կիրառել վարչական վերահսկողությունը։
Հանրային մեղադրողը, լսելով պաշտպանին՝ ասաց, որ հաշվի առնելով մեղադրյալի և նրա ընտանիքի անդամի առողջական խնդիրները, երեխաների առակայությունը՝ գտնում է, որ կարող է վերանայվել Արմեն Ալեքսանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը:
Դատարանի որոշմամբ՝ Արմեն Ալեքսանյանի տնային կալանքը վերացվեց։ Որպես խափանման միջոց վարչական հսկողություն կկիրառվի։ Արմեն Ալեքսանյանը ժամը 22.00-ից մինչև առավոտյան 08.00-ն չի կարող բացակայել բնակության վայրից։ Նա նաև չպետք է այցելի զվարճանքի և այլ մարդաշատ վայրեր։
Հաջորդիվ հանրային մեղադրողը միջնորդեց երկարաձգել Մովսես Շարբաթյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքի ժամկետը 3 ամսով։
Մովսես Շարբաթյանի պաշտպան Էդուարդ Հովհաննիսյանը դատարանին տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը ևս առողջական խնդիրներ ունի, նաև 3 անչափահաս երեխա ունի։
Մեղադրյալ Հայկ Հովհաննիսյանը նշեց դատարանը կարող է վերանայել խափանման միջոցը։
Մովսես Շարբաթյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվեց, որպես խափաման միջոց կկիրառվի վարչական հսկողությունը։ Շարբաթյանը չպետք է այցելի մարդաշատ վայրեր, իսկ խափանման միջոց գրավը 3 մլն դրամի չափով մնաց անփոփոխ։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 26-ին՝ ժամը 15.00-ին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել