Արմեն Ղազարյանն ընդունել է ԱՄՆ դեսպանատան ԹՊԻՀ գրասենյակի և FBI-ի ներկայացուցիչներին
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը փետրվարի 19-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ներկայացուցիչ Մարի Քուրթի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ Ալեքսանդր Թիգույը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ լրատվական ծառայությունը։
Արմեն Ղազարյանը բարձր գնահատելով ԱՄՆ գործընկերների շարունակական աջակցությունը՝ ընդգծել է, որ համատեղ ծրագրերը առանցքային նշանակություն ունեն ոլորտային բարեփոխումների գործընթացում։
Կողմերն անդրադարձել են կիբեռլաբորատորիայի ստեղծման փուլային գործընթացին, տեխնիկական և ենթակառուցվածքային պահանջներին։ Պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել անցկացնել մասնագիտական վերապատրաստումներ՝ նպաստելու կիբեռհանցավորության դեմ պայքարի ոլորտում կարողությունների զարգացմանը։
Անդրադարձ է կատարվել կիբեռմարտահրավերներին դիմակայելու, ինչպես նաև անօրինական միգրացիայի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թրաֆիքինգի և անդրազգային հանցավորության դեմ պայքարի հարցերին։
Քննարկվել են նաև անդրազգային հանցավորության միտումները և դրանց դեմ պայքարի համատեղ գործիքակազմի զարգացումը։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը՝ կարևորելով ժամանակակից անվտանգային մարտահրավերներին դիմակայելու և կարողությունները շարունակաբար զարգացնելու ուղղությամբ համատեղ ջանքերը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել