Առաջարկվում են տուրքի նոր տեսակներ՝ մշակութային արժեքների արտահանման գործընթացների իրականացման համար
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
«Փոփոխություններով առաջարկվում է մշակութային արժեքների արտահանման լիցենզիա՝ եզրակացություն, մշակութային արժեքների ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն, որը թույլատրող փաստաթուղթ է: Օրենքում ներառվել են նոր եզրույթներ, որոնք հնարավոր են դարձնում ավելի ճկուն եւ տարանջատված քաղաքականություն իրականացնել մշակութային արժեքների արտահանման պարագայում:
Մասնավորապես սահմանվել են hանքագիտության եւ հնէաբանության հավաքածուների՝ առարկաների արտահանման լիցենզիա՝ եզրակացություն, մշակութային արժեքների «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ» արտահանման եզրակացություն թույլատրող փաստաթուղթ, «hանքագիտության եւ հնէաբանության հավաքածուների՝ «Ժամանակավոր արտահանում» եւ «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերի կիրառմամբ» արտահանման եզրակացություն՝ թույլատրող փաստաթուղթ» հասկացությունները:
Որոշ դեպքերում փոխվել է նաեւ տուրքի չափը: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրության շրջանակներում սահմանված մշակութային արժեքների մաքսային գործառնությունների շրջանակն ամբողջությամբ չի ընդգրկում «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված՝ պետական տուրքի տեսակները: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է տուրքի տեսակները համապատասխանեցնել ԵԱՏՄ կարգերին:
Նախատեսվում է, որ փոփոխությունները կբարձրացնեն վարչարարության արդյունավետությունը, կկանոնակարգվեն Հայաստանի Հանրապետության համար կարեւոր նշանակություն ունեցող մշակութային արժեքների արտաքին առեւտուրը, արտահանումը եւ ներմուծումը:
Նշվել է, որ նախագծով առաջարկվում է պետական տուրքի նոր տեսակների սահմանում, որոնք կկիրառվեն մշակութային արժեքների արտահանման գործընթացների իրականացման համար: Մասնավորապես նախատեսվում է մաքսային մարմինների կողմից մշակութային արժեքների համար գանձվող պետական տուրքի տարանջատում:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: Նիստը տեղի է ունեցել փետրվարի 24-ին»- նշվում է հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել