Ֆրանս-ամերիկյան դիվանագիտական սկանդալ Փարիզում. ԱՄՆ դեսպանին արգելվել է անմիջական շփումներ ունենալ Ֆրանսիայի կառավարության անդամների հետ
Ֆրանս-ամերիկյան դիվանագիտական նոր սկանդալ է հասունանում Փարիզում։ Ֆրանսիայի իշխանությունները որոշել են սահմանափակել Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանի անմիջական շփումները ֆրանսիական կառավարության ներկայացուցիչների հետ։ Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ամերիկացի դիվանագետը չի ներկայացել Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարություն՝ բացատրություններ տալու ծայրահեղ աջ ակտիվիստի սպանության մասով ամերիկյան կողմի մեկնաբանությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Euractiv-ը։
Պարբերականի փոխանցմամբ՝ ֆրանսիական կողմն իր դժգոհություն է հայտնել այս միջադեպի վերաբերյալ՝ տեղի ունեցածը գնահատելով որպես Ֆրանսիայի ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտություն։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն ԱՄՆ դեսպան Չարլզ Քուշներին հրավիրել էր արտաքին քաղաքական գերատեսչություն այն բանից հետո, երբ Փարիզում ԱՄՆ դեսպանությունը տարածել էր 23-ամյա ակտիվիստ Քվենտին Դերանկի մահվան վերաբերյալ ամերիկյան վարչակազմի մեկնաբանությունները։
Դերանկը մահացել էր այս տարվա փետրվարի 12-ին Լիոնում տեղի ունեցած բախումների ժամանակ ստացած վնասվածքներից։ Դրանք տեղի էին ունեցել արմատական ձախ և ծայրահեղ աջ խմբերի միջև բողոքի ակցիայի ընթացքում, որն ուղղված էր «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցության քաղաքական գործիչներից մեկի դեմ։
Բարոն դատապարտել էր ողբերգությունը քաղաքական նպատակներով շահարկելու փորձերը և հանդիպում նշանակել դեսպանի հետ, սակայն Քուշները, հղում կատարելով անձնական հանգամանքներին, իր փոխարեն ուղարկել էր դեսպանության մեկ այլ բարձրաստիճան դիվանագետի։ Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ «դեսպանի առաքելության հիմնական պահանջների և իր երկիրը ներկայացնելու պատվի ակնհայտ թյուրըմբռնման» պայմաններում նախարարը խնդրել է, որպեսզի Քուշներին այլևս չտրամադրվի ֆրանսիական կառավարության անդամների հետ անմիջական շփումների հնարավորություն։ Միևնույն ժամանակ ընդգծվել է, որ նա կարող է շարունակել իրականացնել իր դիվանագիտական գործառույթները և պահպանել աշխատանքային կապերը։
Սա նմանատիպ արդեն երկրորդ դեպքն է։ Ավելի վաղ Քուշները չէր ներկայացել Ֆրանսիայում ԱԳՆ-ում նշանակված մեկ այլ հանդիպմանը, որը վերաբերում էր Ֆրանսիայի իշխանությունների կողմից հակասեմականության դեմ պայքարի հարցում իր հնչեցրած քննադատությանը։ Այդ ժամանակ ևս խորհրդակցությանը մասնակցել էր ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը։
Լուսանկարը՝ Julien de Rosa/AFP/Getty Images
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել