ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ
Փետրվարի 24-ին Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Արարատ Միրզոյանը և Վոլկեր Տյուրկը մտքեր են փոխանակել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առաջնահերթությունների, մարդու իրավունքների միջազգային համակարգի առջև ծառացած արդի մարտահրավերների և փոխգործակցության հիմնական ուղղությունների շուրջ։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացման հարցում ՀՀ մոտեցումները։ Անդրադարձ է կատարվել խաղաղության շարունակական ամրապնդմանը, վստահության մթնոլորտի խթանմանն ուղղված քայլերին, ինչպես նաև հակամարտությունից տուժած բնակչության խնդիրների և հումանիտար բնույթի հարցերի հասցեագրմանը:
Հանդիպմանը կարևորվել է ժողովրդավարական դիմակայունության և մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների նկատմամբ վստահության շարունակական ամրապնդման ուղղությամբ ակտիվ փոխգործակցությունը։ Անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ տարում Հայաստանում կայանալիք՝ ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում մարդու իրավունքների թեմատիկայի հատկացվող նշանակությանը»,- նշվում է հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել