HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Սիրտդ շատ ա ցավում, երեխուս տար ձեր տուն, դու էլ ուղարկի դպրոց»

Մեկ օր հետո հանրապետության հանրակրթական դպրոցներում կղողանջեն զանգերը, եւ կմեկնարկի նոր ուսումնական տարին, սակայն շատ դպրոցահասակ երեխաներ զրկված են դպրոց հաճախելու եւ կրթություն ստանալու հնարավորությունից:

2012թ. հունիսի 1-ի դրությամբ՝ Արագածոտնի մարզում 21 երեխա դուրս է մնացել հանրակրթական դպրոցներից: 2011թ. սեպտեմբերի դրությամբ՝ մարզում դպրոցից դուրս մնացած երեխաներն ավելի շատ էին` թվով 36, որոնք տարվա  ընթացքում տեղավորվել են համապատասխան դպրոցներ:

Արագածոտնի մարզպետարանի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գայանե Դանիելյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ 21 երեխաների՝ դպրոց չհաճախելու պատճառները տարբեր են` սոցիալական դժվարություններից մինչեւ առողջական խնդիրներ: Եթե սոցիալական եւ ընտանեկան խնդիրների պատճառով դպրոցից դուրս մնացած երեխաների դեպքում հնարավոր է որոշակի բացատրական եւ նյութական աջակցությունից հետո նրանց վերադարձնել դպրոց, ապա նույնը հնարավոր չէ անել առողջական խնդիրներ ունեցողների պարագայում:

Արագածոտնի մարզում գործում է մարզային ենթակայության 121 հանրակրթական դպրոց, որից 79-ը՝ միջնակարգ, 39-ը՝ հիմնական, 2-ը՝ հատուկ, իսկ 1-ը` մարզադպրոց: Դպրոցներից ոչ բոլորն ունեն հաշմանդամների համար նախատեսված հարմարություններ, թեքահարթակներ եւ այլն: Իսկ այն դպրոցները, որոնք մուտքերի մոտ ունեն թեքահարթակներ, չունեն ոչ հարմարեցված սանհանգույցներ, ոչ էլ դասասենյակներ:

«Հանրապետությունում չկա որեւէ դպրոց, որ հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաներին հնարավորություն տա երկրորդ կամ երրորդ հարկ բարձրանալ: Ասենք՝ թեքահարթակներ լինում են միայն մուտքերի մոտ, այն էլ՝ ոչ բոլոր դպրոցներում, բա մնացա՞ծը: Ոչ վերելակներ կան, ոչ էլ հարկեր բարձրանալու համար թեքահարթակներ ու հարմարեցված սանհանգույցներ: Նվազագույն խնդիրը, որ կարողանանք լուծել, նաեւ այն է, որ հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաները հնարավորություն ունենան ավտոմեքենայով հասնել դպրոց ու վերադառնալ տուն: Սա էլ է լուրջ խնդիր, քանի որ ոչ բոլոր ծնողներն ավտոմեքենա եւ անհրաժեշտ ներուժ ունեն, ինչի հետեւանքով էլ նման խնդիրներ ունեցող երեխաները դուրս են մնում դպրոցից»,- ասում է Գայանե Դանիելյանը:

Նրա կարծիքով՝ արդեն հասունացել է այն պահը, որ բոլոր միջնակարգ դպրոցները առնվազն մեկ սոցաշխատող ունենան (ցանկալի է նաեւ մեկ հոգեբան): «Եթե դպրոցներում սոցիալական աշխատողներ լինեն, ներառական դպրոցին բնորոշ չափորոշիչներն էլ կարելի է շրջանցել, այսինքն՝ եթե անհրաժեշտ թվով հաշմանդամ երեխաներ չլինեն, որ դպրոցը դառնա ներառական, այս դեպքում էլ հնարավոր կլինի նման երեխաների հետ աշխատել: Սոցիալական աշխատողը կարող է եւ՛ ուսուցչի օգնականի դերում հանդես գալ, եւ՛ ընտանիքի: Սոցաշխատողը հոգեբանական աշխատանքներ էլ կարող է տանել, ինչի կարիքը ունեն նաեւ ծնողները»,- ավելացնում է Գայանե Դանիելյանը:

Նշենք, որ մոտ 17 հազար 681 աշակերտ ունեցող մարզում ներառական դպրոց չկա, մինչդեռ դրա կարիքը կա: Հաշմանդամ երեխաները ոչ կարողանում են հաճախել հանրակրթական դպրոց, ոչ տնային ուսուցումից են լիարժեք օգտվում, ոչ էլ հատուկ դպրոցներում սովորելու են ենթակա, ուստի ստիպված են համակերպվել անուսում մնալու իրենց վիճակին:

Գայանե Դանիելյանը մատնանշում է նաեւ դպրոցական ծրագրերի «բացը», ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում հանրակրթական դպրոց հաճախող մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար: Ըստ նրա` օրենքով ծնողն է որոշում, թե իր երեխան ինչպիսի կրթական հաստատությունում սովորի: Եթե նույնիսկ երեխան ունի լուրջ առողջական խնդիրներ` հոգեկան խնդիրներ, էպիլեպսիա եւ այլն, ու ծնողը որոշում է, որ նա պիտի սովորի հանրակրթական դպրոցում, ոչ ոք իրավունք չունի նրան արգելել: Գայանե Դանելյանն ասում է, որ նման երեխաների համար պետք է հատուկ դպրոցական ծրագիր լինի եւ դպրոցական քննություններն էլ հանձնեն հատուկ` ավելի հեշտ կարգով:

Բաժնի պետը խնդիրներ է տեսնում նաեւ դպրոցական դասագրքերի հետ կապված: Ըստ նրա` հանրակրթական դպրոցներում սովորող մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար անհրաժեշտ է այլ դասագրքեր ստեղծել, որպեսզի նրանց մոտ սովորելու ցանկություն առաջանա: « Նման երեխաները վախենում են ներկայիս դասագրքերից: Հնարավոր է՝ մեր բյուջեի համար ճոխություն համարվի, բայց մատչելի գրքերի առկայությամբ ավելի հավանական է, որ երեխան ձգտի սովորել, գիրք կարդալ»,- ավելացրեց Գայանե Դանիելյանը:

Նշենք նաեւ, որ քիչ չեն դեպքերը, երբ երեխաները դպրոցից դուրս են մնում կամ ծնողի մեղքով, կամ էլ սոցիալական պատճառներով:

Արագածոտնի մարզում դպրոցից դուրս մնացած երեխաներից 4-ը Ոսկեհատ համայնքից են, որոնք 2 տարբեր ընտանիքներից են: Նրանցից երկուսին ոսկեհատցի անվանելն էլ դժվար է: Ծնողներն ամուսնալուծված են, եւ երեխաներն ապրում են մայրիկի հետ: Վերջինս անընդհատ փոխում է աշխատավայրը, բնականաբար՝ նաեւ բնակության վայրը եւ երեխաներին էլ իր հետ է տեղափոխում, ինչի հետեւանքով վերջիններս չեն կարողանում դպրոց հաճախել: Մայրն այնքան էր տեղից տեղ տեղափոխվել, որ համապատասխան մարմինները նրանց «հետքը» կորցրել էին: Երեխաներին հայտնաբերելու համար անձամբ Արագածոտնի մարզպետն է գրություններ ուղղարկել համայնքապետերին, որպեսզի երեխաներին հայտնաբերեն, որոշ դեպքերում այդ աշխատանքներում ներգրավվել են նաեւ ոստիկանության աշխատակիցները:

Մայրն ու երեխաները որոշ ժամանակ ապրել են Օշականում, իսկ այժմ` Աշտարակ քաղաքում: Երեխաների մայրը` Ալինան, մարզպետարանի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցներին խոստացել է, որ այս տարի երեխաներին ուղարկելու է Աշտարակ քաղաքի թիվ 1 դպրոց, քանի որ հիմնական աշխատանք է գտել հենց քաղաքում: Թե որքանով նրա հավաստիացումը իրականություն կդառնա` դժվար է ասել:

Մյուս ընտանիքի երկու երեխաները առողջական խնդիր ունեն: Ըստ Գայանե Դանիելյանի` ծնողներն ուշադիր են երեխաների նկատմամբ, վերջիններիս տարել են վերականգնողական կենտրոններ, եւ երեխաներն այժմ կարող են տնային ուսուցում անցնել, ինչին ծնողները պատրաստ են:

Մի քանի երեխա էլ դպրոց չի հաճախում ծնողների կոնֆլիկտների, ամուսնալուծությունների ու սոցիալական պատճառներով, սակայն նրանց խնամակալներն էլ խոստացել են սեպտեմբերի 1-ից երեխաներին ուղարկել դպրոց:

Գայանե Դանիելյանը պատմեց, որ Սասունիկ գյուղում ապրող 16-ամյա Ա.-ն այդ տարիքում արդեն վարքային շեղումներ ունի, եւ նրան դպրոց ուղարկելը իսկական գլխացավանք է: Տղան հաճախում է Կարին գյուղի դպրոց, սակայն ամսվա ընթացքում մի քանի անգամ է մասնակցում դասապրոցեսին, մնացած օրերին տատի հետ գյուղի աղբանոցում ապակե շշեր է հավաքում եւ ընդունման կետերում հանձնում: Ա.-ն սովորել է Երեւանում` վարքային շեղումներ ունեցող երեխաների դպրոցում, սակայն վերադառնալով գյուղ՝ շարունակել է զբաղվել «հին գործով»` շիշ հավաքելով: Տղայի մայրը մահացած է, հայրն ազատազրկման վայրում է, Ա.-ի ու նրա փոքր եղբոր խնամքով զբաղվում է մորական տատը:

«Ա.-ին չի հաջողվում մշտապես ընդգրկել դասապրոցեսին: Տատը համեստ, խելոք կին է երեւում, բայց երեւի հենց նա է խոչընդոտում, որ երեխան նորմալ դպրոց հաճախի, քանի որ նրանք շարունակում են աղբանոցից տարաներ հավաքել ու դրանք հանձնելով՝ գումար աշխատել: Քանի որ Ա.-ն լավ չի հաճախել դպրոց, ուստի այս տարի մնալու է նույն դասարանում»,- ասում է Գ. Դանիելյանը:

Բաժնի պետի խոսքերով` երեխայի հայրն էլ իր հերթին է բացասական ազդեցություն թողնում տղայի վրա: Նա ստիպում է, որ տղան ազատազրկման վայր հաճախի եւ իրեն տեսակցի, հետն էլ երեխայից որոշ իրեր է պահանջում, իսկ թե որտեղի՞ց պետք է 16-ամյա տղան գնի դրանք` հորը չի մտահոգում: Մարզպետարանի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը պարբերաբար աշխատանքներ է տանում, որպեսզի երեխան գաղութ չգնա, քանի որ հայրը բացասաբար է ազդում նրա դաստիարակության վրա:

Փորձեցինք զրուցել Ա.-ի ու նրա տատիկի հետ: Տղան չափազանց ագրեսիվ էր տրամադրված եւ չցանկացավ բառ անգամ ասել, իսկ տատիկը շարունակում էր աղբանոցից շիշ հավաքել՝ ասելով, որ խանգարում եմ իր «բնականոն աշխատանքին»:

Սասունիկ գյուղում դպրոցից դուրս մնացած եւս մեկ երեխա կա, որի բնակության կոնկրետ վայրը հայտնի չէ: 12-ամյա աղջնակը մոր եւ տատիկի հետ մշտական բնակության է մեկնել Թուրքիա, եւ նրանցից որեւէ տեղեկություն չկա:

Այդ մասին երեխաների իրավունքներով զբաղվող բաժնին տեղեկացրել են հարեւանները, ինչպես նաեւ ոստիկանությունը` տրամադրած տեղեկանքով: Երեխայի տատիկի անձնագրի ժամկետը շուտով լրանալու է եւ ստիպված է լինելու հետ գալ Հայաստան: Գայանե Դանիելյանը հույս ունի, որ ոստիկանության աջակցությամբ տատիկի միջոցով կպարզեն, թե որտեղ է այժմ 12 տարեկան աղջնակը: Մարզպետարանը 12-ամյա աղջնակի մասին արդեն տեղյակ է պահել համապատասխան մարմիններին:

«Չեմ կարող հստակ ասել, որ դպրոցից դուրս մնացած երեխաները մարզում հենց 21-ն են, բայց չեմ կարծում, որ համայնքապետերը կթաքցնեն նման դեպքերը, միեւնույն ժամանակ հավատում եմ նաեւ, որ հնարավոր է՝ չբացահայտվեն նման դեպքերը, հատկապես մեծ համայնքներում»,- ասաց Գ. Դանիելյանը:

Արագածոտնի մարզում կան նաեւ դեպքեր, երբ հիվանդ երեխա ունեցող ծնողներն են իրենց երեխաներին զրկում կրթություն ստանալու հնարավորությունից` արհեստականորեն բարդացնելով նրանց առողջական վիճակը: Օրինակ` մարզի Արագածավան համայնքի բնակիչ 14-ամյա Լ.-ն Էպիլեպսիկ հիվանդ է եւ դպրոց չի հաճախում: Պատճառը ոչ թե նրա վատառողջությունն է, այլ այն, որ աղջկա ծնողներն ամաչում են իրենց երեխային դպրոց ուղարկել: Ծնողներն այնքան եմ ամաչում իրենց հիվանդ երեխայի համար, որ նույնիսկ նրան հաշմանդամ ճանաչելու հարցերով չեն զբաղվել` «բա ամոթ չի՞՝ բոլորն իմանան հիվանդ երեխա ունենք» պատճառաբանությամբ:

Լ.-ի ծնողները ինչպես համայնքապետին, այնպես էլ դպրոցի տնօրենին ասել են, թե իրենց երեխայի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է եւ հաճախակի է էպիլեպսիկ նոպաներ ունենում, ուստի չի կարող դպրոց հաճախել: Մինչդեռ պարզվել է, որ երեխայի վիճակն իրականում այդքան էլ ծանր չէ, եւ նրան դպրոց չուղարկելը ծնողների քմահաճույքն է:

Նման խնդիրներից խուսափելու եւ երեխաների իրավունքները պաշտպանելու համար Գայանե Դանիելյանը կոչ է անում մարզում հիմնել գոնե մեկ վերականգնողական աջակցման կենտրոն, որպեսզի երեխաները հաճախեն այնտեղ:

«Ընտանիքներ կան, որ մեկ սենյակում փակի տակ են պահում հիվանդ երեխաներին, ընտանիքի առողջ երեխաներն ամաչում են իրենց ընկերներին տուն բերել, եթե լիներ գոնե վերականգնողական աջակցման կենտրոն, որ երախան գնար այնտեղ, մայրն էլ աշխատեր, մյուս երեխաներն էլ հոգեբանորեն չէին ընկճվի, եւ շատ հարցեր կլուծվեին»,- ավելացրեց Գայանե Դանիելյանը:

Նշենք, որ վերը թվարկված ընտանիքներից մի քանիսին այցելել ենք, սակայն նրանք հրաժարվել են խոսել մեզ հետ, ծնողներից մեկն էլ այնքան վրդովվեց, որ «ինչու՞ երեխային չեք տանում դպրոց» հարցին հետեւյալ պատասխանը տվեց. «Սիրտդ շատ ա ցավում, երեխուս տար ձեր տուն, դու էլ ուղարկի դպրոց»:

Մեկնաբանություններ (2)

Anahit
Erevi te lragrox cheq,,,,,ete mard bavakanin aseliq uni ,chi karox ayn sexm grvel:Bavakanin hetaqrqrec
Ani
Hargeli Grisha, mi qich sexm greq, vor kardaly cancrali 4lini. Ankexc asac, 4karoxaca amboxjy kardal.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter