Ամփոփվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության 2025 թվականի աշխատանքները
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության 2025 թվականի աշխատանքային արդյունքները:
Դատախազության հաղորդմամբ՝ խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ Դավիթ Աղաջանյանը, ինչպես նաև Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների ղեկավարներն ու վարչական շրջանի դատախազության աշխատակիցները:
Դավիթ Աղաջանյանը, ներկայացնելով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության 2025 թվականի աշխատանքների զեկուցագիրը, նշել է, որ 2025 թվականին նախաձեռնվել է 2460 քրեական վարույթ (2024 թվականին՝ 2321 քրեական վարույթ):
Հաշվետու ժամանակահատվածում դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 603 քրեական վարույթ՝ 645 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 404 քրեական վարույթ՝ 438 անձի վերաբերյալ), որոնցից ծանր և առանձնապես ծանր՝ 59 քրեական վարույթ՝ 74 անձի վերաբերյալ:
Դատարաններում ավարտվել է 370 քրեական գործ՝ 381 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 204 քրեական գործ՝ 217 անձի վերաբերյալ), որոնցից օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռներով՝ 30 գործ՝ 32 անձի վերաբերյալ՝ ծանր հանցագործություններով, 2 գործ՝ 2 անձի վերաբերյալ՝ առանձնապես ծանր հանցագործություններով:
Հաշվետու ժամանակահատվածում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 56 միլիոն 467 հազար դրամը:
Անդրադառնալով պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքներին՝ Դավիթ Աղաջանյանը տեղեկացրել է, որ, ի թիվս այլնի, ուսումնասիրվել է Երևան քաղաքի Նվեր Սաֆարյան 12/10 և 12/1 հասցեներում գտնվող երկու հողամասերի և դրանց վրա գտնվող գույքերի սեփականության իրավունքի գրանցման օրինականությունը:
Ուսումնասիրության արդյունքների հիման վրա՝ 2025 թվականի հոկտեմբերի 3-ին վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից ներկայացվել է հանցանքի վերաբերյալ հաղորդում. նախաձեռնվել է քրեական վարույթ: Բացի այդ, 2025 թվականի հոկտեմբերի 16-ին և հոկտեմբերի 21-ին Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել երկու հայցադիմում՝ աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով: Հայցադիմումներն ընդունվել են վարույթ:
Աննա Վարդապետյանը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազին և դատախազության դատախազներին տվել է մի շարք հանձնարարականներ` ուղղված պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում աշխատանքների ակտիվացմանը, հանցագործությունների կանխարգելմանը և բացահայտմանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել