
Նիկոլ Փաշինյան. «Ամոթի դեֆիցիտ է պետք, Արթուր Բաղդասարյանի ճանապարհով գնալու համար»
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը հայտարարել էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է ներողություն խնդրի Արթուր Բաղդասարյանից: Այսօր «Հայելի» ակումբում լրագրողները «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, օրերս համաներմամբ ազատ արձակված Նիկոլ Փաշինյանին խնդրեցին մեկնաբանել այս հայտարարությունը:
Վերջինս նախ նշեց, որ եթե Ռուբեն Հակոբյանն այդպես տանջվում է Արթուր Բաղդասարյանի համար, թող ինքն էլ նրանից ներողություն խնդրի: Բայց միեւնույն է, ոչ Արթուր Բաղդասարյանին, ոչ էլ Ռուբեն Հակոբյանին իրենց ներողությունները քաղաքական տխուր ապագայից չեն փրկի: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը որեւէ մեկից, առավել եւս՝ Արթուր Բաղդասարյանից ներողություն խնդրելու կարիք չունի:
«Չե՞ք կարծում, որ նույն Արթուր Բաղդասարյանի ճանապարհով գնաց նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը»,- շարունակեցին լրագրողները:
«Արթուր Բաղդասարյանի ճանապարհով կարող է գնալ միայն Արթուր Բաղդասարյանը: Իմիջիայլոց, այդ ճանապարհով գնալու համար պետք է ամոթի բավականին մեծ դեֆիցիտ ունենալ: Ես չեմ կարծում, թե Հայ ազգային կոնգրեսում կա որեւէ մեկը, որ այդպիսի դեֆիցիտ ունի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել