Հաստատվել է Ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը
Կառավարությունը հաստատել է Ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գործադիրի այսօրվա նիստում հիշեցրել է, որ 2023 թ. հոկտեմբերի 19-ին հաստատվել է Ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը. «Սա պարունակում է մեր նախնական պատկերացումներն ու տեսլականը «Ակադեմիական քաղաք» ծրագրի շուրջ, որի շրջանակներում էլ մեծ ծավալի աշխատանք է արվել դրանից հետո ընկած ժամանակահատվածում: Այժմ գտնվում ենք մի փուլում, երբ կատարված աշխատանքը ամբողջությամբ հնարավոր է դարձնում հայեցակարգը հաստատել լրամշակված խմբագրությամբ՝ շատ ավելի հստակ և տեսանելի դարձնելով մեր առաջիկա անելիքները»:
Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները: Մասնավորապես՝ գերմանական GMP ճարտարապետական կազմակերպության կողմից մշակվել է «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագիծը, որը ներկայացվել է օրենսդրությանը համապատասխան համալիր փորձաքննության և հաստատման։
Գերմանական մեկ այլ խորհրդատվական կազմակերպություն մշակել է Ակադեմիական քաղաքի քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակը՝ ռիսկերի կառավարման ամբողջական շտեմարանի և գործողությունների ծրագրի ձևավորման նպատակով։ Իտալական «Սիստեմատիկա» կազմակերպության կողմից իրականացվել է տրանսպորտի և շարժունակության վերաբերյալ ուսումնասիրությունը, որը դարձել է ծրագրի շատ կարևոր հատվածը: «ԹՈՒՄ Ինթերնեյշնլ» կազմակերպության կողմից մշակվել է ինչպես տեխնոլոգիական կլաստերի ձևավորման, այնպես էլ Ակադեմիական քաղաքի կառավարման համակարգը:
Ներկայումս «Էրնսթ ընդ Յանգ» կազմակերպությունը ավարտում է ծրագրի ֆինանսական իրագործելիության, կենսունակության և ներդրումային հնարավորությունների վերլուծության աշխատանքը, որը մարտի ընթացքում պատրաստ կլինի և հնարավորություն կտա արդեն ծրագրի ներդրումային փաթեթը ամբողջականացնել և սկսել ներդրումային ուղղությամբ աշխատանքները առանձին աշխատաժողովների և գործընկերների հետ հարաբերություններով:
«Բացի դրանից՝ մենք հեղինակավոր բուհերի հետ համագործակցությամբ իրականացնում ենք կրթական կլաստերի ձևավորման, արվեստի կլաստերի բովանդակության և կառուցվածքի մշակման, արդեն իսկ նաև Քեմբրիջի հետ բանակցում ենք՝ դասական կլաստերի ուղղությամբ ներգրավելու:
Կատարված աշխատանքների հիման վրա հայեցակարգն ամբողջությամբ վերանայվել է, և այժմ ներկայացված նախագծով սահմանվում են Ակադեմիական քաղաքի տեսլականը, առաքելությունը, հիմնարար սկզբունքները և թիրախները, ծրագրի կառավարման նկարագիրը, կազմակերպական կառուցվածքը և կլաստերների ընդհանուր մոդելը ու նկարագրերը, տեղադիրքը, ենթակառուցվածքները և տարածքի զարգացման սկզբունքները:
Ռիսկերի կառավարման և կայունության հարցերը առանձին նույնպես արտացոլված են հայեցակարգում: Ակադեմիական քաղաքի շրջանակներում ներգրավում ենք նաև տաղանդների զարգացման ծրագիրը, որի ընդունմամբ կմեկնարկեն հանրապետությունում տաղանդների բացահայտմանը և զարգացմանը միտված աշխատանքները, որը հնարավորություն կստեղծի իրականացնելու կրթության զարգացման ռազմավարությամբ ամրագրված և պետական ամենաբարձր մակարդակում հնչեցված այս սկզբունքը, համաձայն որի՝ մեր կրթական համակարգի առաքելությունն է բացահայտել և հնարավորինս զարգացնել յուրաքանչյուրի տաղանդը՝ ընդլայնելով իր երկրում սեփական բարեկեցությունն ապահովելու անհատի հնարավորությունները:
Տաղանդների զարգացման ծրագիրն իրականցվելու է «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակներում՝ նպատակ ունենալով ապահովել Ակադեմիական քաղաքի էության հստակ և ճիշտ հաղորդակցությունը և դրա նկատմամբ նաև հանրային բովանդակային վերաբերմունքի ձևավորումը»,-ասել է ԿԳՄՍ նախարարը:
Ըստ նախարարի՝ հայեցակարգում նկարագրվում է նաև ծրագրի իրականացման ֆինանսական ռազմավարության մշակման գործընթացը, որը ծրագրի արժեքի և բյուջետավորման գործընթացը կդարձնի ավելի համակարգված, ինչպես նաև ներդրումային հնարավորությունների և մասնավոր հատվածի ընդգրկվածության ուղղությունը կապահովի:
«Նախատեսվում է նաև իրականացման փուլային ռազմավարության նկարագրությունը, և այս իմաստով հայեցակարգը համալրվել է նորացված ժամանակացույցով և փուլերի նկարագրով, ինչը հստակեցնում է նաև իրագործման ընթացքից ակնկալիքները: Եվ առանձին նկարագրություն է ընկնում հաշվետվողականության համակարգի մասով, որն էլ երաշխավորելու է ծրագրի իրականացման թափանցիկությունը և հանրային վստահությունը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարը տեղեկացրել է, որ բուն շինարարական աշխատանքները նախատեսում են մեկնարկել 2027 թվականից՝ հետևյալ աշխատանքների իրականացմամբ. «Առաջին փուլում կկառուցվեն մինչև 4250 ուսանողների հյուրընկալելու տարողություն ունեցող ուսանողական կացարաններ: Կմեկնարկեն և կիրականացվեն՝ հանրային նշանակության մշակութային բազմաֆունկցիոնալ համերգասրահի համաժողովների կենտրոնի կառուցումը, որի ընդհանուր ծավալը պլանավորված է ավելի քան 74000 քմ, ավելի քան 628 հազար քմ ընդհանուր մակերեսով տեխնոլոգիական կլաստերի կառուցումը՝ իր կրթական, հետազոտական և ճարտարագիտական ենթակառուցվածքներով: Պետք է ասեմ, որ հենց այս պահին էլ մենք ակտիվ աշխատանքային փուլում ենք. մասնավորապես, այս պահին մրցույթի են պատրաստվում համապատասխան ենթակառուցվածքների հետ կապված փաթեթները, և առաջիկայում մենք կունենանք տարածքից բարձրավոլտ էլեկտրասյուների տեղափոխման և ոռոգման աշխատանքների համար մրցույթները, զուգահեռաբար ընթանում են մյուս բովանդակային և կազմակերպչական հարցերը»:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվել է, թե արդյոք գազամատակարարման, ջրամատակարարման, էլեկտրամատակարարման ոլորտի գործընկերների հետ քննարկվո՞ւմ են այդ հարցերը, որ իրենց ներդրումային պլաններում դա հաշվի առնեն։
Ի պատասխան՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այդ թեմայով առանձին քննարկումներ են ունեցել այդ թվում ՏԿԵՆ–ի գործընկերների ակտիվ ներգրավմամբ: Ըստ նախարարի՝ ձևավորվել են համապատասխան աշխատանքային խմբեր և գլխավոր հատակագծի վերջնական փաթեթն արդեն իսկ ներառում է բոլոր այդ ենթակառուցվածքներով լուծումները, որոնք համաձայնեցված են գործընկերների հետ։
ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է նաև, նախորդ տարի մեկնարկել են տարածքի մաքրման աշխատանքները. 2.7 հեկտար տարածք մաքրվել է աղբից և շուրջ 10 հազար խմ աղբ հանվել է տարածքից։
Լուսանկարը՝ Կառավարության կայքից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել