Վահագն Չախալյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով
«Սրբազան պայքար»-ի գործով դատարանն այսօր` փետրվարի 26-ին, քննարկեց մեղադրյալներ Վահագն Չախալյանի և Արթուր Սարգսյանի խափանման միջոցների հարցը։ Մեղադրյալ Վահագն Չախալյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով։
Այս գործով 18 մեղադրյալներից միայն Վահագն Չախալյանն ու Բագրատ Սրբազանն էին մինչ այս պահը կալանավորված։ Դատարանը փետրվարի 19-ի նիստում Բագրատ Սրբազանի կալանքի ժամկետը երկարաձգել է ևս 2 ամսով։ Այժմ Բագրատ Սրբազանը միակ կալանավորված մեղադրյալն է։
Հիշեցնենք՝ այս գործով մեղադրյալները 18-ն են։
Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում նրանք ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։
Հանրային մեղադրող Վահան Հարությունյանը դատարանին միջնորդել էր Չախալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը պահպանել և երկարաձգել։
Ըստ դատախազի՝ չէին ներկայացվել իրավաչափության պայմանների այնպիսի փոփոխություններ, որոնք հնարավորություն կտային դիրքորոշում ներկայացնել խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ։
«Եթե պաշտպանական կողմը կներկայացնի այնպիսի հանագամանքներ, որոնք կվկայեն մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի իրավաչափության պայմանների փոփոխության մասին, և դատարանը կգտնի, որ առկա է կալանքն այլընտրանքային խափանման միջոցով փոխելու անհրաժեշտություն, մեղադրանքի կողմը առարկություն չի ներկայացնի»,- նշել էր հանրային մեղադրողը։
Չախալյանի պաշտպան Վրեժ Խաչիկյանն էլ դիրքորոշում էր հայտնել, ըստ որի՝ իր պաշտպանյալը նոր հանցագործություն կատարելու միտում չունի և չի էլ կարող ունենալ, որովհետև վերջինս հանցագործ չէ։
«Վահագն Չախալյանը բնակվում է այն տանը, որը վարկի տակ է, որի համար յուրաքանչյուր ամիս գումար է վճարում, բայց վերջին ամիսներին չի կարողանում վճարել, որովհետև 8 ամիս գտնվում է կալանքի տակ»,- նշել էր Վրեժ Խաչիկյանը և միջնորդել, որ խափանման միջոցը փոխվի, բայց տնային կալանք չկիրառվի, այլ այլընտրանքային խափանման միջոցներ կիրառվեն։
Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը մարտի 4-ից կփոխարինվի տնային կալանքով։ Ըստ դատավոր Կարեն Ֆարխոյանի՝ այս գործի ընթացքում այն ռիսկերը, որոնք առկա են, գնալով նվազում են։
Հաջորդիվ դատարանը քննարկեց Արթուր Սարգսյանի խափանման միջոցի հարցը։
Հանրային մեղադրողը միջնորդել էր տնային կալանքի ժամկետը երկարացնել ևս 3 ամիս ժամկետով։
Արթուր Սարգսյանի պաշտպան Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ Արթուր Սարգսյանը ոչ մի առնչություն չունի այս քրեական վարույթի հետ, նրա ենթադրյալ մեղադրանքը մի հանգամանքի վրա է կառուցված, որ նա դատական նիստերի դահլիճում գտնվող շատ մարդկանց հետ ունի մտերիմ հարաբերություններ։
Դատարանը Արթուր Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամիս ժամկետով, քանի որ, ըստ դատավոր Կարեն Ֆարխոյանի՝ իրավաչափության պայմանները չեն փոխվել։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 5-ին՝ ժամը 15.30-ին։
Գլխավոր լուսանկարում՝ Վահագն Չախալյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել