HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Գևորգյան. Ես ինձ այստեղ եմ ավելի մարդ զգում

«Մենք հպարտ էինք, մենք երջանիկ էինք, որ սովետական երկրում ենք ապրում։ Ամենուր լոզունգներ էին՝ «ապագա ենք կառուցում», «կոմունիզմ ենք կառուցում»։ Ուրիշ ինֆորմացիա չկար, դրա համար ինձ թվում էր, թե Արեւմուտքը ինչ-որ երկաթե ցանց էր, ինչ-որ ժանգոտ փշալար էր՝ այդպիսի զգացողություն էր ինձ մոտ։ 

Մի անգամ Լոնդոնն էին ցույց տալիս, ինչ-որ լուսանկար եմ հիշում՝  ծաղիկներով բեմ էր, ես ապշել էի, ո՜նց, Արեւմուտքում նման բան կա՞։ Մեզ ուրիշ բան էին պատմել Արեւմուտքի մասին»,- հիշում է Գեղարքունիքի մարզի Մարտունու բնակիչ Անահիտ Գեւորգյանը։ 

Սովետական տարիներին լուրջ առաջընթաց է ունեցել։ Նախ եղել է Կոմերիտմիության Մարտունու շրջկոմի առաջին քարտուղար, հետո նշանակվել ՀԿԿ շրջկոմի երրորդ քարտուղար։ «Ես որեւէ հովանավոր չեմ ունեցել, ոչ մեկը։ Հայրս շուտ էր մահացել, որբ աղջիկ եմ եղել, վերեւներում որեւէ ծանոթ չկար»։

Ըստ Անահիտ Գեւորգյանի՝ այն տարիներին երբեմն գնահատվում էին մարդու որակներն ու կարողությունները։ Սովետական իրականության մեջ դա կանոն չէր, գուցե իր անձնական դրսեւորման օրինաչափությունն էր, ինչն էլ հետագայում՝ արդեն նոր Հայաստանում, հնարավորություն տվեց վերահաստատվելու։ 

«Պատկերացնո՞ւմ եք, ես՝ Ռայկոմի քարտուղարից, ծառայողական մեքենայից իջել եմ գոմ՝ կով եմ կթել, անասուն եմ պահել, որ իմ երեխաներին կարողանամ պահել։ Մտածում էի՝ այդպես էլ պիտի մնանք։ Մեկ էլ, կարծեմ 1995 թվականին էր, մեր դպրոցի 100-ամյակն էր, դպրոցի տնօրենը զանգեց, ասեց՝ ուզում ենք Դուք էլ ելույթ ունենաք։ Որ ասեց, ասեցի՝ ուրեմն ես դեռ ինչ-որ մի բանի պիտանի եմ, որ ինձ հրավիրում են ելույթ ունենալու։ Դա շրջադարձային էր իմ կյանքում»,- ասում է տիկին Գեւորգյանը։ 

Հիմա նա Մարտունու կանանց համայնքային խորհրդի նախագահն է, ներգրավված է տեղական ու միջազգային քաղաքացիական մի շարք նախաձեռնություններում, բայց պահել-պահպանել է նախորդ կյանքի բոլոր վկայությունները, թեեւ կարծում է, որ անցյալում եղածը պատահական մի բան էր. «…եղել, անցել ու գնացել է իմ կյանքում»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter