ՀԷՑ-ի բաշխման ցանցին միացման խնդիրները քննարկվել են պատասխանատու գերատեսչությունների և կառուցապատողների հետ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ընդլայնված աշխատանքային քննարկում՝ կառուցապատման ոլորտում առկա համակարգային խնդիրների շուրջ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի, ԱԺ պատգամավորների և ոլորտային ՀԿ-ների մասնակցությամբ կայացած հանդիպման առանցքում բազմաբնակարան շենքերի՝ էլեկտրական ցանցին միացման ժամկետների խախտումները, ընթացակարգերի պարզեցումն ու շուկայի ազատականացման հարցերն էին։
ՀԷՑ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման մասնակիցները վեր հանեցին ոլորտում առկա մի շարք հրատապ խնդիրներ, որոնք էականորեն ձգձգում են կառուցապատման աշխատանքների ավարտը.
-տեխնիկական պայմաններով նախատեսված աշխատանքների անորոշ ժամկետներ, որոնք պայմանավորված են նախագծային և շինարարական գործընթացների ձգձգմամբ, ինչպես նաև ՏԻՄ-երի կողմից շինթույլտվությունների ուշացմամբ:
-նոր կառուցվող ենթակայանների հողամասերի նպատակային նշանակության փոփոխության բարդ և երկարատև ընթացակարգեր:
Քննարկվել է նախագծային և շինմոնտաժային աշխատանքներ իրականացնող կապալառուների ընտրության հնարավորությունների ընդլայնման հարցը:
Կառուցապատողները ներկայացրել են առաջարկ՝ պարզեցնել բաժանորդագրման մեկնարկի պայմանները. մասնավորապես՝ թույլատրել գործընթացը սկսել սեփականության վկայականի և տեղադրված հաշվիչի առկայության դեպքում՝ առանց սպասելու տրանսֆորմատորային ենթակայանի պաշտոնական գրանցմանը:
Կողմերը պայմանավորվել են համատեղ քայլեր ձեռնարկել՝ Գույքագրել առկա խնդիրները և դրանք հասցեագրել պատկան մարմիններին, լավարկել ընթացակարգերը՝ ապահովելով հստակ վերահսկողություն միացման ժամկետների նկատմամբ, ապահովել թափանցիկություն և կանոնավոր իրազեկում քննարկման բոլոր մասնակիցներին:
Հանդիպումը նպատակ ունի արդյունավետ դարձնել ՀԷՑ-կառուցապատող փոխգործակցությունը՝ նպաստելով բնակարանային շինարարության ոլորտում կայուն միջավայրի ձևավորմանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել