HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ովքե՞ր են Իրանի նոր գերագույն առաջնորդի հավակնորդները

Չնայած ուղիղ մեկ օր Իրանի լրատվամիջոցներն ու պետական պաշտոնյաները պնդում էին, թե Իրանի գերագույն առաջնորդ այաթոլահ Ալի Խամենեին ողջ է և գտնվում է անվտանգ վայրում, մարտի 1-ի առավոտյան իրանական կողմն ընդունեց, որ Խամենեին զոհվել է նախօրեին Թեհրանում գտնվող իր նստավայրի հրթիռակոծությունից։ 

Իրանում արդեն քննարկումներ են սկսվել նոր գերագույն առաջնորդի ընտրության հարցով, որը նաև երկրի հոգևոր առաջնորդն է։ CNN-ը ներկայացնում է հավանական թեկնածուներին։

Նախ՝ գերագույն առաջնորդի նշանակմամբ պետք է զբաղվի Առաջնորդության հարցերով փորձագետների վեհաժողովը։ Այս մարմինը կազմված է 88 հոգևորականներից։

Իրանի Սահմանադրության համաձայն՝ իրավահաջորդի ընտրությունը պետք է հնարավորինս արագ տեղի ունենա։ Ինքը՝ Ալի Խամենեին, նշանակվել էր նախորդ այաթոլահ՝ 1979 թվականի Իսլամական հեղափոխության առաջնորդ Ռուհհոլահ Խոմեյնիի մահվան օրը։

Սակայն, ինչպես նշում է BBC-ի պարսկական ծառայության թղթակից Բեհրան Թաջդինը, դա չափազանց բարդ կլինի, երբ Իրանը ենթարկվում է Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակմանը։ 

Ինչպես նշվում էր, ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից առաջ Իրանի ղեկավարությունը մի քանի թեկնածուներ ուներ, որոնք կարող էին փոխարինել իրանական ղեկավարության առանցքային բոլոր դեմքերին նրանց մահվան պարագայում։

Չնայած Խամենեին չի նշել իր իրավահաջորդի անունը, CNN-ը, փորձագետների և վերլուծաբանների կարծիքները համադրելով, տվել է 5 հավանական թեկնածուների անուններ։

56-ամյա Մոջթաբա Խամենեին Ալի Խամենեիի երկրորդ որդին։ Ենթադրվում է, որ Մոջթաբան դեռևս հոր կենդանության օրոք զգալի ազդեցություն է ունեցել և ամուր կապեր հաստատել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և ԻՀՊԿ-ի հետ՝ կապված «Բասիջ» կամավորական ռազմականացված կազմակերպության հետ: CNN-ը նշում է, որ Մոջթաբայի դեմ խոսում է ավանդույթը. հորից որդուն իշխանության փոխանցումը չի ողջունվում շիա մահմեդական հոգևորականների կողմից: Լրացուցիչ խոչընդոտ է այն, որ Մոջթաբան պաշտոն չունի: Մեկ այլ խանգարող հանգամանք էլ այն է, որ Մոջթաբան բարձրաստիճան հոգևորական չէ:

Ըստ CNN-ի՝ երկրորդ հավանական թեկնածուն 67-ամյա Ալիռեզա Արաֆին է: Նա պակաս հայտնի է, քան Մոջթաբա Խամենեին, սակայն հարգված և հեղինակավոր հոգևորական է ու Ալի Խամենեիի վստահված անձը: Ներկայում զբաղեցնում է Փորձագետների վեհաժողովի փոխնախագահի պաշտոնը, որն ընտրելու է նոր գերագույն առաջնորդին։ Նա անդամակցում է նաև Պահապանների խորհրդին, որը ստուգում է ընտրությունների թեկնածուներին և խորհրդարանի ընդունած օրենքները: Ղեկավարում է իրանական հոգևոր դպրոցների համակարգը։ Այդուհանդերձ, Արաֆին քաղաքական մեծ կշիռ չունի, նաև սերտ կապեր չունի ուժային կառույցների հետ։

Երրորդ թեկնածուն 60-ամյա Մոհամմադ Մեհդի Միրբագերին է։ CNN-ը նրան անվանում է արմատական հոգևորական։ Նա ևս անդամակցում է Փորձագետների վեհաժողովին, որտեղ ներկայացնում է հոգևորականության ամենապահպանողական թևը: IranWire պարբերականի տվյալներով՝ նա ծայրահեղ հակաարևմտյան հայացքների տեր մարդ է և հավատացյալների ու անհավատների միջև հակամարտությունն անխուսափելի է համարում: Այժմ նա ղեկավարում է Իրանի հյուսիսում գտնվող Ղոմ քաղաքի Իսլամական գիտությունների ակադեմիան, որը խիստ կարևոր է շիաների համար։ 

Չորրորդ թեկնածուն 50-ամյա Հասան Խոմեյնին է։ Խոմեյնին Իսլամական Հանրապետության հիմնադիր այաթոլլահ Ռուհոլլահ Խոմեյնիի թոռն է։ CNN-ը նշում է, որ նա պետական պաշտոններ չի զբաղեցրել և, ըստ երևույթին, մեծ ազդեցություն չունի Իրանի ուժային կառույցների կամ իշխող վերնախավի վրա: Խոմեյնին համարվում է ոչ այնքան արմատական գործիչ՝ իր հասակակիցներից շատերիհամեմատ, որոնց կյանքը կապված էր հետհեղափոխական տարիների հետ։ 

Վերջապես, հինգերորդ հավակնորդը 70-ամյա Հաշեմ Հոսեյնի Բուշերին է։ Նա բարձրաստիճան հոգևորական է, Փորձագետների վեհաժողովի նախագահի առաջին տեղակալը: Ըստ CNN-ի՝ Բուշերին մոտ հարաբերություններ է ունեցել Խամենեիի հետ, բայց նշանավոր դիրք չի զբաղեցրել և, որքան հայտնի է, սերտ կապեր չունի ԻՀՊԿ-ի հետ:

Լուսանկարը՝ The Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter