Թրամփի պնդմամբ՝ Իրանը խնդրել է վերսկսել բանակցությունները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Atlantic-ին հայտարարել է, որ Իրանի նոր ղեկավարությունը խնդրել է վերսկսել բանակցությունները։
«Նրանք ուզում են խոսել, և ես համաձայնեցի, այնպես որ ես կխոսեմ նրանց հետ: Նրանք պետք է դա անեին նախկինում: Նրանք պետք է անեին մի բան, որը նախկինում շատ գործնական և հեշտ էր անել: Նրանք շատ երկար էին սպասում»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը չի պատասխանել այն հարցին, թե երբ կարող են կայանալ բանակցությունները։ «Այդ մարդկանց մեծ մասն արդեն հեռացել են (ի նկատի ունի մահացել են՝ խմբ.): Նրանցից մի քանիսը, ում հետ մենք գործ ենք ունեցել, հեռացել են, որովհետև դա մեծ, շատ մեծ հարված էր։ Նրանք դա պետք է անեին նախկինում, Մայքլ։ Նրանք կարող էին գործարք կնքել: Նրանք պետք է դա անեին նախկինում: Նրանք իրենց գիտունի տեղ էին դրել»,- հայտարարել է Թրամփը։
CNBC-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահն ասել է, որ Իրանի դեմ ամերիկյան գործողությունն ընթանում է «ժամանակացույցից ավելի արագ»։ «Հիմա իրադարձությունները զարգանում են շատ դրական ուղղությամբ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Միևնույն ժամանակ Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ եթե ԱՄՆ-ն ու Իսրայելը պատերազմ չսկսեին Իրանի դեմ, ապա «նրանք միջուկային զենք կունենային երկու շաբաթվա ընթացքում»։ «Այդ ժամանակ արդեն ամեն ինչ անհնարին կլիներ»,- հավելել է Թրամփը։
Մինչ ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին պատերազմ կսկսեին Իրանի դեմ, Վաշինգտոնի և Թեհրանի ներկայացուցիչները բանակցություններ էին վարում՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ: ԱՄՆ-ն պնդում է, որ Իրանը պետք է հրաժարվի իր միջուկային ծրագրից։
Լուսանկարը՝ The Associated Press գործակալության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել