Նախատեսվում է ստեղծել անհետ կորած անձանց միասնական ռեեստր․ Սրբուհի Գալյան
«Ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհետ կորած անձանց մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 2-ի հերթական նիստում ներկայացրել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Նախարարը նշել է, որ ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում անհետ կորած անձանց մասին համապարփակ օրենսդրություն չկա: Քննարկվող օրենսդրական փաթեթով առաջարկվում է սահմանել, թե ով է համարվում անհետ կորած անձ, ինչպես նաեւ ամրագրել անհետ կորած անձանց ու նրանց ընտանիքների անդամների իրավունքները: Սահմանվում են անհետ կորած անձի հետախուզման համար դիմում ներկայացնելու ընթացակարգերը, հետախուզման գործընթացին առնչվող դրույթները եւ հետախուզման դադարեցման դեպքերը: Նախատեսվում է լիազոր մարմնի ներքո ստեղծել անհետ կորած անձանց միասնական ռեեստր, որի տվյալները հասանելի են լինելու անհետ կորած անձանց ընտանիքի անդամներին, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին: Սահմանվելու է անհետ կորած անձանց եւ նրանց ընտանիքի անդամներին տրամադրվող արտոնությունների շրջանակը:
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են տեխնիկական եւ բովանդակային փոփոխություններ: Նպատակն է բացառել «Ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված հանգամանքներում եւ պայմաններում անհետ կորած անձանց մասին» օրենքի եւ գործող մի շարք օրենքների դրույթների միջեւ հնարավոր հակասությունները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել