HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հայկազ Բաղմանյանը, կինը, որդին, հարսը հրավիրվել են դատախազություն

Պաշտպանության նախարարության նախկին պաշտոնյա Հայկազ Բաղմանյանը, կինը՝ Նարինե Ադամյանը, որդին՝ Պավել Բաղմանյանը, հարսը՝ Արմինե Ղահրամանյանը և փոխկապակցված Զարա Ադիյանը 2026թ. մարտի 3-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:

Հայկազ Բաղմանյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ուսումնասիրության արդյունքների նախնական ամփոփագիր: Նշված անձինք հրավիրվում են վարչություն՝ ծանոթանալու ուսումնասիրության արդյունքներով հավաքված նյութերին և ստացված տվյալների առնչությամբ դիրքորոշում ներկայացնելու:

Զարա Ադիյանը ընտանիքի անդամ չէ, սակայն որոշ գույքերի իրական շահառու է:

Հայկազ Բաղմանյանի նկատմամբ նախաձեռնված է քրեական վարույթ: Նա մեղադրվում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և փողերի լվացման մեջ: Հակակոռուպցիոն կոմիտեն 2025թ. սեպտեմբերի 4-ին հաղորդագրություն էր տարածել, որ 1999-2020 թվականների ընթացքում Հայկազ Բաղմանյանը զբաղեցնելով Պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնները, օրենքով նախատեսված արգելքին հակառակ, իր մտերիմի՝ առևտրային կազմակերպության տնօրենի օժանդակությամբ մասնակցել է այդ ընկերության կառավարմանը: Ընկերությունում փաստացի ունեցել է 25 տոկոս բաժնեմաս, որը ձևակերպված է եղել Բաղմանյանի անվամբ:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2011-2018 թվականներին առևտրային կազմակերպությունը ստացել է ավելի քան 1 մլրդ դրամի շահույթ, որի՝ Հայկազ Բաղմանյանի փաստացի պատկանող 25 տոկոս մասնաբաժինը կազմել է 251 մլն դրամ: Ավելին՝ առանձին դեպքերում նշված կազմակերպության գործընկեր՝ Շվեդիայի Թագավորությունում գրանցված ընկերությունը մատակարարման դիմաց վճարումներն ամբողջությամբ կատարել է Հ. Բաղմանյանի անձնական հաշվեհամարին: 

Նշենք, որ այս փուլում Գլխավոր դատախազությունը չի հանրայնացնում, թե որ գույքերն են հանդիսացել ուսումնասիրության առարկա: Պատճառաբանում են, որ շահագրգիռ անձինք ծանոթանալով գործի նյութերին, կարող են ներկայացնել ապացույցներ, դիրքորոշումներ, ինչը հնարավոր է փոփոխություն առաջացնի ենթադրյալ ապօրինի գույքի ցանկում: Այդ նպատակով էլ ցանկը չեն հրապարակում:

Լուսանկարում՝ Հայկազ Բաղմանյանը (արխիվային)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter