HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

4 հեկտարից ավել տարածք հանրության գերակա շահ կճանաչվի՝ մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նպատակով

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նպատակով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կառավարության որոշման նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման՝  մոտ 4 հա (41130.3 քմ) տարածք հանրության գերակա շահ ճանաչելու մասին: Տարածքը ներառում է 31 գույք՝ բնակելի տուն, տեխնոպարկ, արտադրական տարածք, հողատարածքներ և այլն: Օտարման ենթակա գույքի ցանկի մեջ է մտնում նաև Հարկադիր կատարման ծառայության շենքի մի հատվածը:

Ըստ հիմնավորումների՝  ծրագրի իրականացման շահը գերակայում է oտարվող գույքի uեփականատերերի շահերի նկատմամբ, քանի որ ծրագիրն ուղղված է համաքաղաքային ռազմավարական նշանակության տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացմանը և արդիականացմանը: Բացի այդ, ծրագրի իրագործման արդյունքում կընդլայնվի Երևանի հասարակական տրանսպորտային և մետրոպոլիտենի ցանցը՝ ապահովելով մայրաքաղաքի կենտրոնին հարող տարածքների միջև կապակցելիության և շարժունակության աճ և այլն:

«Ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել առանց այն uեփականությունների օտարման, որոնք գտնվում են ծրագրի անմիջական ազդեցության գոտում: Դեպի Աջափնյակ ուղեգիծ կառուցելու համար կարդիականացվեն, կվերազինվեն և կօգտագործվեն մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանից դեպի Հրազդան գետի ձախ ափ տանող՝ առկա թունելները, իսկ գետի երկու ափերը միմյանց կկապակցվի մետրոկամուրջի կառուցմամբ և Հալաբյան-Աբելյան փողոցների խաչմերուկի մոտ՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մերձակա տարածքի հարևանությամբ կկառուցվի մետրոպոլիտենի նոր կայարանը»,-նշված է որոշման նախագծում:

Եթե նախագիծն ընդունվի, ապա 2026թ. պետական, ինչպես նաև՝ Երևանի համայնքային բյուջեի եկամուտներում և ծախսերում հնարավոր է փոփոխություններ լինեն: Ըստ նախագծանախահաշվային փաստաթղթերի՝ հողի օտարման ծրագրի համար գնահատված ծախսը կազմում է 9.6 միլիարդ դրամ։ Սակայն, ամբողջական ֆինանսական գնահատական հնարավոր կլինի ունենալ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ գույքերի նկարագրության կազմման և գնահատման աշխատանքներն օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու արդյունքում:

Կառավարության աջակցությամբ Երևանի քաղաքապետարանն իրականացնում է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում Երևանի մետրոպոլիտենի նոր՝ «Աջափնյակ» պայմանական անվանմամբ կայարանի կառուցման ներդրումային ծրագիրը: 2021թ. դեկտեմբերին Երևանի քաղաքապետարանի և «Մետրոգիպրորանս» ընկերության միջև կնքված՝ նախագծային ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում պատրաստվել և 3 փուլով ներկայացվել են «Աջափնյակ» նոր կայարանի կառուցման նախագծային փաստաթղթերը: Նախագիծը, որպես բարձր ռիսկայնության կատեգորիայի օբյեկտ, անցել է պարզ և համալիր պետական, ինչպես նաև՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունները՝ ստանալով դրական եզրակացություն:

Նախագծի հիման վրա կայարանի կառուցման ուղղությամբ հետագա գործընթացները կազմակերպելու և շինարարությունը մեկնարկելու նպատակով անհրաժեշտ է ազդեցության ենթարկվող տարածքը ճանաչել հանրային գերակա շահ և մեկնարկել տարածքում առկա հողերի (գույքերի)՝ օրենքով սահմանված կարգով օտարման աշխատանքները:

Մետրոպոլիտենի նախատեսվող գիծը ձգվելու է Արաբկիր վարչական շրջանի «Բարեկամություն» մետրոյի կայարանից մինչև Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան-Աբելյան փողոցների խաչմերուկում ընկած հատվածը: Աջափնյակ վարչական շրջանում նոր կայարանի շինարարությունն իրականացվելու է զուգահեռաբար բաց և փակ եղանակներով։ Նախագծային փաստաթղթերի համաձայն՝ մետրոպոլիտենի կառուցվող գծի ընդհանուր երկարությունը 1500 մ է, ներառյալ՝ կայարանի լրացուցիչ թունելները: Մետրոկամուրջի երկարությունը շուրջ 210 մ է: Շինարարության մեկնարկն ակնկալվում է 2026 թվականին, և ըստ նախագծային փաստաթղթերի՝ ծրագրի ամբողջական ավարտը նախատեսվում է մինչև 5 տարի (57 ամիս), փուլային կառուցման դեպքում 81 ամիս։

Նախագծի հիմնավորումներում նշվում է, որ մետրոյի նոր կայարանը հնարավորություն կտա ավելի քան 150,000 բնակչի կանոնավոր կերպով ունենալ հասանելիություն մետրոյի ծառայությանը՝ նվազեցնելով անհատական ավտոմեքենաների օգտագործման անհրաժեշտությունը։

Գլխավոր լուսանկարը՝ Armenian Geographic-ի ֆեյսբուքյան էջից/Վարդան Պետրոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter