
Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր. Ձաղիձորի գանձը՝ խոնարհված (լուսանկար)
Լոռու մարզի Դսեղ գյուղում՝ ձորի եզրի ապառաժին տեղադրված ցուցանակն ազդարարում է՝ Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանքը մոտ է, պետք է իջնել Ձաղիձորի կածանով: Այս կածանը գործածվել է միջնադարում, և այն նույնպես հուշարձան-ճանապարհ է:
Դեպի վանք տանող ճանապարհին՝ ձորալանջի անտառում, հանդիպում են հիմնականում կոտրված, մամռակալած, գետնատարած, բայց նաև ամբողջական ու կանգուն խաչքարեր:
Խաչքարերի մոտ: Ըստ այս կառույցի առջևի ծառին ամրացված ցուցանակի` սա Սբ. Հարություն մատուռն է: Բայց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն ավելի հավանական է համարում, որ սա դամբարան-մահարձան է կամ դամբարան-խաչքարի պատվանդան:
Դեպի Բարձրաքաշ Սբ. Գրիգոր ճանապահին հանդիպող մեկ այլ տեսարժան վայր է աղբյուրը, որն անվանել են Գիքորի աղբյուր: Հովհաննես Թումանյանի «Գիքոր» պատմվածքում Համբոն քաղաքում որդու մահից հետո գյուղ վերադառնալու ճանապարհին հիշում է, թե ինչպես Գիքորն ասաց. «Ապի, ծարավ եմ…»: «Ահա էն աղբյուրն էլ, որ ջուր խմեցին…»,- գրում է Թումանյանը:
Մի քանի րոպե ևս իջնում ենք ձորով, և երևում է Բարձրաքաշ Սբ. Գրիգորը: Վանքի հյուսիսային եկեղեցին կառուցվել է 10-րդ դարում: Դրան կից 1221թ. Մամիկոնյան Սարգիս իշխանի որդի Մարծպանը կառուցել է Սբ. Աստվածածին կաթողիկեն: Բարձրաքաշ Սբ. Գրիգորն անգին է իր ճարտարապետական անսպասելի հորինվածքով, հարուստ քանդակներով, մեծ թվով ընդարձակ արձանագրություններով, որոնք պատմական հարուստ տեղեկություններ են պարունակում: «Սա իսկապես ճարտարապետության գոհար է: Տեղում գործած ճարտարապետը ստեղծագործելու մեծ շնորհք ու ձիրք ունեցող անհատ է եղել: Էս ճարտարապետը ինքը խաղ է արել, ինքը քեֆ է արել, ինքը վայելել է սա կառուցելը, իր ամբողջ ստեղծագործական շնորհքը արտացոլված է այս կառույցի մեջ»,- ասում է Սամվել Կարապետյանը:
Վանքի ճարտարապետի անունը հայտնի չէ: Պաղման աշխատանքներ անելու դեպքում հնարավոր է` հայտնաբերվեն արձանագրություններ, որոնցում գրված կլինի նրա անունը: Հնարավոր է նաև, որ այս հուշարձանի ճարտարապետի անունն այդպես էլ հայտնի չդառնա, ինչպես շատ այլ գլուխգործոցների դեպքում:
Այժմ Բարձրաքաշ Սբ. Գրիգորը քարուքանդ է, պատերը՝ թեքված տարբեր կողմեր: Փլվելու պատճառն այն է, որ վանքի տեղանքը նստվածք ունի: Սամվել Կարապետյանը ենթադրում է, որ 18-րդ դարում վանքն արդեն այս վիճակում է եղել: Վերջին 100 տարում վանքի վիճակը գրեթե չի փոխվել:
Հուշարձանին նայելիս տպավորություն է ստեղծվում, թե կանգուն հատվածները ևս ամեն պահի պատրաստ են խոնարհվելու: Հենց այս թեքված պատի վերևում է Մամիկոնյան իշխանական տոհմի զինանշանը` ճանկերի մեջ գառ պահած երկգլխանի արծիվը:
Եկեղեցու ներսում և պատերի վրա առատ բուսականություն է աճում:
Բարձրաքաշ Սբ. Գրիգորի և ներսում, և չորսբոլորը թափված են հուշարձանի քարերը՝ հոյակերտ զարդանախշերով, քանդակներով ու միջնադարյան արձանագրություններով:
Վանքի արձանագրություններից մեկը:
Եկեղեցու պատերին ամրացված «Խաչքարերի վրա մոմ չվառել» և «Սրբավայրի պատերին գրելը մեղք է» ցուցանակները արդյունք չեն տվել:
Վանքի մոտ ևս կան խաչքարեր:
Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանքի կազմում է Մամիկոնյանների տոհմական գերեզմանոցը: Հնարավոր է, որ այս տապանաքարերը Մամիկոնյաններինն են:
2009թ. մշակույթի նախարարությունը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամին հանձնարարել էր իրականացնել «Առավել վտանգված հուշարձանների դիտանցում» ծրագիրը: Դիտանցման (մոնիտորինգի) շրջանակներում հիմնադրամը դեռ 3 տարի առաջ նախարարության համար կազմել էր ՀՀ տարածքում 26 հուշարձանի, այդ թվում նաև Բարձրաքաշ Սբ. Գրիգորի տեխնիկական վիճակի փաստաթուղթը:
Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը «Հետքին» տեղեկացրեց, որ Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանական համալիրի ուսումնասիրման և վերականգնման աշխատանքներն ընդգրկված են պետբյուջեի 2013-2015 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերում: Սամվել Կարապետյանի խոսքով` նման համալիրի ամբողջական վերակագնումը (եթե, իհարկե, պեղումների արդյունքում հայտնաբերվելիք բեկորները ամբողջական վերականգնման հնարավորություն ընձեռեն) նման դժվարամատչելի վայրում (դեպի ուր տանող կածանը ևս հուշարձան է ու չպետք է վնասվի շինտեխնիկայից), կտևի 10 տարի կամ ավելի և կարող է պահանջել 80-100 մլն դոլար: Վանքը գրեթե ամբողջությամբ պետք է քանդել ու վերաշարել, ինչը պետք է անեն ամենաբարձրակարգ վարպետները:
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը Սամվել Կարապետյանին հայտնել է, որ Թումանյանի արած լուսանկարների ապակե նեգատիվներից մոտ 10-ում Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանքն է: Թումանյանը վանքը լուսանկարել է 1900-ականների սկզբին (ստորև 3 լուսանկարը):
Հովհաննես Թումանյանն ինքն էլ լուսանկար ունի, որում իր ընկերների հետ Ձաղիձորում է:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել