Սամվել Գալստյան. «Բաներ կային, որ չէինք հասկանում, բաներ էլ կային՝ լավ է, որ չէինք հասկացել»
«Դոմիկը ժամանակավոր կացարան է։ էդտեղ երբեք դու չես կարող հաստատ ջերմություն ունենաս։ Ես կողմնակից էի մեծ ընտանիքի, որովհետեւ ես մեծ ընտանիք եմ ունեցել։ Գուցե, ես հնարավորություն ունենայի սեփական մեծ տուն ունենայի՝ իմ ընտանիքի անդամները կողքս կլինեին, թոռնիկներս էլ կողքս կուրախանային։ Չունեցա էդ հնարավորությունը»,-ասում է գյումրեցի նկարիչ, ուսուցիչ Սամվել Գալստյանը։
Նրա կյանքն անցել է երկու հասարակարգերի եւ երկու իրականությունների միջակայքում։ Նկարչությունը Սամվելի համար եղել է իրեն շրջապատող իրողությունները հաղթահարելու միջոց։ «Երբ որ նայում էիր, երեւույթներ կային, ասենք, դիմացիս հարեւանները՝ լավ տներ ունեին, մեքենաներ ունեին, ամեն ինչ ունեին, բայց ի՞նչ էին՝ բանվոր։ Մեկը միսկոմբինատում էր աշխատում, մյուսը ցեխավիկ էր։ Ասում էի՝ այ մարդ, երկու-երեք բառ իրար հետեւից չեն կարողանում կապել։ Հետո հասկացա, որ էդ մարդիկ, կոմունիստական կուսակցության ապարատի աշխատողները. դրանք էլիտան են, վերնախավը»։
90-ականների սկզբին մի խումբ հայ նկարիչների հետ Սամվել Գալստանը գնում է Լեհաստան՝ Լյուբլին քաղաքում սիմպոզիումի մասնակցելու։ «Լավ հաջողություններ ունեցա, ինձ առաջարկեցին մնալ։ Տարան տունը ցույց տվեցին, որտեղ պիտի ապրեի։ Առաջարկողը Լյուբլինի գլխավոր դատախազի կինն էր՝ արվեստաբան եւ կոլեկցիոներ»։
Հրավերի նամակով Սամվելը մտնում է Գյումրիի քաղաքապետի մոտ, պատմում իր հաջողությունների մասին, ասում, որ պատրաստվում է տեղափոխվել։ «Քաղաքապետն առավ էդ նամակը պատռեց։ Ասեց՝ մենակ արհեստավորներով չեմ կարող էս քաղաքը սարքել։ Տուն չեմ կարող խոստանալ, բայց որտեղ ուզում ես, դոմիկ կտամ, գնա ապրի ու ստեղծագործի»։
Կյանքի առաջին կեսի առավելությունն՝ ըստ Սամվել Գալստյանի, խաղաղությունն ու անհոգությունն է։ Կարոտում է իր ուսանողական տարիները, երբ կրթաթոշակն էր ապահովված, երբ գործուղում էին Խորհրդային Միության տարբեր քաղաքներ ստեղծագործական ինչ-որ պլեներային աշխատանքների։ «Աշխատում էի, ցուցահանդեսներ էի բացում, առաջին կարգի մրցանակներ էի ստանում։ Մրցանակն էլ գիտե՞ք ինչ էր՝ մետր քառակուսի կտավ էին տալիս, մի հատ էտյուդնիկ էին նվեր տալիս՝ լրիվ ներկերով, վրձիններով եւ 45 ռուբլի կրթաթոշակ։ Ու, էդպիսի երեւի ցուցահանդես չկար, որ ես չմասնակցեի»։
Բայց նաեւ ասում է, որ հաշտ չէր իրականության հետ. «Անարդարություններ շատ կային, շատ։ Տեսնում էի, որ գողանալով մարդիկ ավելի լավ էին ապրում, քան ազնիվ աշխատանքով։ Շատ վատ նստվածք էր։ Ինձ համար դրանք շոկային էին»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել