HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Չեղարկված թռիչքների և թանկ տոմսերի պատճառով Հայաստանի 15 քաղաքացի Թաիլանդից չի կարողանում վերադառնալ

Արմեն Ավագյանը կնոջ, 1,5 տարեկան երեխայի և ընկերների հետ փետրվարի 25-ին մեկնել է Թաիլանդ՝ հանգստանալու։ Խմբում ընդհանուր 15 մարդ է, որոնցից 4-ը երեխաներ են։ Վաղը՝ մարտի 7-ին, նրանք պետք է վերադառնային Երևան, սակայն թռիչքը չեղարկվել է։

Արմենն ու ընկերները մեկ տարի առաջ էին ամրագրել Երևան-Շարժա-Պհուկետ և նույն ուղղությամբ հետադարձ տոմսերը, որի արժեքը 150 000 դրամ է եղել։ 

Մարտի 3-ին, մտավախություն ունենալով, որ իրենց թռիչքը կչեղարկվի, Արմենը ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական մեյլին նամակ է ուղարկել՝ տեղեկացնելով, որ 15 հոգի, որից 4-ը երեխաներ են, գտնվում են Թաիլանդում և հետաքրքրվել՝ ինչ է առաջարկում Հայաստանի արտգործնախարարությունը։

Նա զանգել է նաև ԱԳՆ թեժ գծին, որտեղից միայն հորդորել են հետևել պաշտոնական նորություններին։

Հետագայում կրկին կապ են հաստատել ԱԳՆ-ի հետ, նախարարությունից ասել են, թե իրենք որևէ նամակ չեն ստացել։ Այսօր էլ Արմենի անունից խոսել են նախարարության հետ, պատասխանը հետևյալն է՝ դիրքորոշում չունեն։

«Ի՞նչ է նշանակում՝ պետությունը դիրքորոշում չունի»,- բարկանում է Արմենը։

«Ուղղակի պետք է, որ ՀՀ քաղաքացին հասկանա, որ ինքը դրսում անտեր չի»

Վաղը՝ մարտի 7-ին, 15 հոգանոց խումբը պետք է դուրս գա հյուրանոցից։ Հյուրանոցի ղեկավարությանը ներկայացրել են իրավիճակը, որ տեսնեն՝ ինչ կառաջարկեն։

«Մենք էս նույն խմբով արդեն 10 տարի է՝ ամեն տարի ճամփորդում ենք։ Շատ հմուտ ենք էդ հարցերում։ Մեզ պետք չի, որ նախարարը տենց անիմաստ հայտարարություններ անի։ Ով լողազգեստով նկարվել ա, վճարունակ ա, ընդհանրապես նկար չենք էլ գցել, մեզ օգնություն պետք էլ չի։ Ուղղակի պետք է, որ ՀՀ քաղաքացին հասկանա, որ ինքը դրսում անտեր չի, ներողություն, բայց անտեր ենք էս պահին»,- նշում է նա։

Արմենի խոսքով, տոմս գնելն էլ մեկ այլ խնդիր է, որ ամրագրում են, հետո չեղարկվում է թռիչքը, և մինչև գումարը հետ ստանալը նոր տոմս չեն կարողանում գնել։

«Air Arabia-ն է, որը չեղարկեց մարտի 7-ը, առաջարկեց 12-ը, համաձայնեցինք, երեկ գիշեր չեղարկեց նաև մարտի 12-ը, ասում է` մինչև ամսի 22-ը չեղարկվել է։ Շարժայով պետք է թռնեինք։ Կա Պհուկետ-Դուբայ-Երևան, բայց վստահ չենք, որովհետև մի հատը թռնում է, մի հատը չի թռնում։

Մեզ հիմա պետք է կացության ու սննդի փող։ Հանգստի մեջ էինք, ծախսել ենք, հա, ինչ-որ մի ռեզերվային գումար ունեմ, բայց դա չի բավականացնի 15 հոգու։ Մի երեք-չորս օր էլ երկարացնեմ հյուրանոցը էսքան անձի համար, բայց էդ օրերին սնվել է պետք։ Երեխաներ են մեզ հետ, մենակ մեծեր չենք»,- ասում է նա։ 

Արմենի խոսքով՝ այլընտրանքային ճանապարհներով տոմսերը շատ թանկ են։ Օրինակ՝ Թաիլանդից Ռուսաստան մեկ անձի տոմսը մոտ 3000 դոլար է։

«700 եվրո միայն Ուրումչի-Երևանն է, էստեղից էլ Ուրումչի ուղիղ թռիչքներ չկան։ Այսինքն՝ տրանզիտներով պիտի գնանք, ռիսկը հասկացեք, առանձին տոմսեր պիտի առնենք, էդ առանձին տոմսերից ցանկացածը, որ չեղարկվեց կամ ուշացավ, մեր մնացած բոլոր թռիչքները չենք կարող թռնենք ու փող էլ չենք կարող հետ ստանալ։ Անտերի նման տենց շպրտված լինես մի երկրում, գոնե ԱԳՆ-ն զանգի կամ ասի, որ մենք ձեր մասին տեղյակ ենք, ինչ-որ մի բան կանենք, դու զգաս, որ քո մեջքի հետևը ինչ-որ մեկը կա»,- ասում է նա։

 Կառավարության նկատմամբ քաղաքացիների պահանջներն արդար չեն. ԱԳ նախարար

Մարտի 4-ին Ազգային ժողովում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց՝ Կառավարության նկատմամբ քաղաքացիների պահանջներն արդար չեն, քանի որ, ըստ նախարարի, քաղաքացիները մեծամասամբ գնացել են զբոսաշրջային նպատակներով։ 

«Կոնկրետ մասնավոր դեպք գիտեմ. մի մարդ, որ մի ամիս է՝ Շրի Լանկայում ինչքան հնարավոր ա լողազգեստով նկար ա գցել, վճարունակ է, չէ՞, տոմս կարող է առնել»,- ասաց նա։

Արարատ Միրզոյանը հայտնեց, որ Կառավարությունը տրամադրում է ավտոբուս, վճարում է ավտոբուսի համար և մարդկանց հասցնում, օրինակ, Դուբայից Մասկատի (Օմանի մայրաքաղաք) օդանավակայան։

«Ես՝ որպես ԱԳ նախարար, հոգ եմ տարել, որ մեր քաղաքացիները տուն վերադառնալու հնարավորություն ունենան»,- ասաց նախարարը։

Լուսանկարը՝ pixabay.com-ի

Մեկնաբանություններ (1)

Արման Հակոբյան
Հարգելի լրագրող/աշխատակից, Շնորհակալ եմ այս խնդրին անդրադառնալու համար, սակայն ցանկանում եմ նշել , որ բացի վերոնշյալ 15 հոգուց, կան նաև ՀՀ այլ քաղաքացիներ, ի դեմս ես, ովքեր նույն իրավիճակում են: Վերնագրից տպավորություն է ստացվում, թե միայն այս 15-ն է, կարող եք ուսումնաաիրել և տալ ամբողջական թիվը: Հարգանքով՝ Արման Հակոբյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter