
Անպտուղ հետողորմյա, կամ ինչու Սաֆարովը հայտնվեց Ադրբեջանում
Ոճրագործ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի գաղտնի էքստրադիցիայի կապակցությամբ, որը տեղի է ունեցել Հունգարիայի և Ադրբեջանի միջև, նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Անվտանգության խորհրդի նիստ գումարելը և Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարների մասնակցությամբ արտակարգ խորհրդակցության հրավիրումը հետողորմյա է հիշեցնում:
Որքան էլ ազդեցիկ լինեն նախագահի խոսքերը, ձեռնարկվելիք միջոցների մասին հայտարարությունները, գերատեսչությունների ղեկավարներին տրված հանձնարարականները, որքան էլ դիվանագիտորեն ճիշտ ձևակերպված լինի դեսպանների ու միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչություններին ուղղված հայտարարությունը, փաստը մնում է փաստ. Ռամիլ Սաֆարովն արդեն Ադրբեջանում է, արժանացել է ներման, և էթնիկ հողի վրա կատարած դաժան սպանության համար ոչ մի պատիժ չկրելով՝ այդ երկրում վերածվել է կենդանի լեգենդի:
Փաստը մնում է փաստ, որ նա գտնվում է սեփական երկրի պաշտպանության ներքո, և որ դա տեղի է ունեցել ոչ այնքան հունգարական արդարադատության կեղծավորության կամ քաղաքական պայմանավորվածությունների պատճառով, որքան Հայաստանի Հանրապետության ցուցաբերած գրեթե կատարյալ անգործության:
Այն, որ Ադրբեջանը երբեք չէր հրաժարվելու Սաֆարովին վերադարձնելու մտքից և դրան ուղղված գործնական քայլեր էր իրականացնելու, ակնհայտ էր դեռ 2004-2006 թթ. Բուդապեշտում ընթացող դատավարության ընթացքում: Արդեն օրեր շարունակ հայաստանյան հասարակական կազմակերպությունները, Մարգարյանների ընտանիքի իրավունքները այս գործի շրջանակներում պաշտպանող փաստաբանը ահազանգում էին, որ Սաֆարովի արտահանձնման հավանականությունը կտրուկ մեծացել է ադրբեջանա-հունգարական սեպարատ տնտեսա-քաղաքական հարաբերությունների և պայմանավորվածությունների արդյունքում: Մինչդեռ Կառավարությունը այս կապակցությամբ ոչ մի մեկնաբանյություն, ոչ մի կոնկրետ քայլ չկատարեց:
Սերժ Սարգսյանի հանձնարարականներն այս իմաստով լինելու են միայն տեղի ունեցածի հետևանքների շրջանակներում, այն էլ՝ ընդամենը սեփական անգործությունն ու անարդյունավետությունն արդարացնելու, ծածկադմփոց անելու մղումով: Պատահական չէ, որ նախագահը ոչ միայն մեղադրում է հունգարական պետությանը՝ Սաֆարովի էքստրադիցիան արդարացիորեն համարելով տեղի ունեցած քաղաքական գործարքի հետևանք, այլև պաշտոնապես խզում է բոլոր տեսակի հարաբերություններն այդ երկրի հետ:
Տեղի ունեցածից հետո անհրաժեշտ է, իհարկե, Բուդապեշտից բացատրություններ պահանջել՝ հատկապես հանցագործի արտահանձնումը գաղտնի իրականացնելու համար, որն ակնհայտորեն խոսում է դրա քաղաքական և բարոյական ենթատեքստի մասին: Սակայն, մեծ հաշվով, Հունգարիան չի արել որևէ բան, որում նրան կարելի է մեղադրել և միջազգայնորեն պատասխանատվության ենթարկելու պահանջ ներկայացնել, որովհետև այն գործել է ստանձնած միջազգային պայմանագրերի և, մասնավորապես, «Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ» 1983թ. Ստրասբուրգի կոնվենցիայի (1983 Strasbourg Convention on the Transfer of Sentenced Persons) շրջանակներում, որը նրան թույլ տալիս է կատարել արտահանձնում, իսկ Ադրբեջանին ազատում հունգարական դատարանի կողմից կայացված վճիռը կիրառելու պարտավորությունից: Մի բան, որի մասին հրաշալի գիտեին նաև Հայաստանում, և հենց դա էր այն հիմնական անտեսված փաստարկը, որ Հունգարիան մի օր կարող է կատարել այդ քայլը:
Ինչ է, ըստ այդմ, պահանջելու Սերժ Սարգսյանը միջազգային հանրությունից: Փոխըմբռնո՞ւմ, ճնշում Ադրբեջանի նկատմամբ՝ Սաֆարովին ազատությունից զրկելու համա՞ր: Բայց ի՞նչ է դա տալու, բացի դեմքը փրկելուն ուղղված հուսահատ քայլերից:
Ոչ մեկին դրսում չի հետաքրքրում՝ ինչ է լինելու Սաֆարովի հետ, ինչպես չէր հետաքրքրում 2004-ի փետրվարին՝ դաժան սպանությունից անմիջապես հետո, երբ անգամ ՆԱՏՕ-ն, որի կազմակերպած վերապատրաստման ծրագրի շրջանակներում տեղի ուենցավ հանցագործությունը, խուսափեց քաղաքական գնահատական տալուց՝ փաստացի հենց դրանով խրախուսելով հայատյացության ադրբեջանական քաղաքականությունը և ազատելով իր անդամ Հունգարիային ձեռքերը՝ 8 տարի անց մտնելու նման քստմնելի գործարքի մեջ:
Հենց այդ անտարբերության արդյունքն էր, որ ամիսներ առաջ Բաքվում կայացած Եվրանեսթի նստաշրջանի բացմանը ելույթ ունենալիս եվրոպական երկրների խորհրդարանական պատվիրակությունների անտարբեր հայացքների ներքո, առանց կաշկանդվելու, Իլհամ Ալիևը հակահայկական հիստերիկ ելույթներ էր ունենում:
Ողջ մարտավարությունը կառուցել միայն սեփական քթից այն կողմ չտեսնող եվրոպացիների հավաստիացումների վրա՝ նշանակում է ոչ միայն դասեր չառնել պատմությունից, այլև փաստացի չունենալ ոչ դեսպանություն ու դիվանագիտություն, ոչ էլ ազգային անվտանգություն ու գործակալական ցանց:
Հայաստանը պետք է ոչ թե ապավիներ հունգարացի պաշտոնյաների, պետական կառույցների հավաստիացումներին՝ Սաֆարովի էքստրադիցիան չիրականացնելու երաշխիքների առումով, այլև ստեղծեր այնպիսի քարոզչական, քաղաքական ու դիվանագիտական ընդհանուր մթնոլորտ, որի պայմաններում Հունգարիան կաշկանդված լիներ նման քայլի դիմել, իսկ ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և հատկապես ԵՄ-ն, որի անդամ է Հունգարիան, չփորձեին աչք փակել:
Բայց Հայաստանի իշխանությունը նման տոտալ քարոզչական արշավներ, ճնշամիջոցներ կիրառել կարողանում է միայն սեփական ժողովրդի նկատմամբ: Երբ գործը հասնում է միջպետական հարաբերութէյուններին ու քաղաքականությանը, այն դառնում է հնազանդ կատարող. նույնն է, թե հայկական տարբերակով՝ «խիստ նախաձեռնող»: Ահա և արդյունքը:
Մեկնաբանություններ (19)
Մեկնաբանել