HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանցի դատապարտյալները ներում են խնդրում, որպեսզի վերադառնան ու գտնեն իրենց ընտանիքի անդամներին 

Այցելել էինք «Սևան» քրեակատարողական հիմնարկ՝ ծանոթանալու դատապարտյալների պահման պայմաններին, զբաղվածությանը և առօրյային։ Ուսումնասիրությունը կհրապարակվի առաջիկայում:

Զրուցել ենք նաև իրանցի դատապարտյալների հետ, նրանք ծանր հոգեվիճակում են։ Մտահոգված են Իրանի տարածքում ծավալված պատերազմով։ Արդեն մեկ շաբաթ է ընտանիքի անդամների հետ կապ չկա։ Չգիտեն՝ ողջ են, որտեղ են։ Լուրերին հետևում են միայն քրեակատարողական հիմնարկի կացարանի հեռուստացույցով։ 

«Սևան» քրեակատարողական հիմնարկում պահվում է 14 իրանցի դատապարտյալ։ Նրանք հանրապետության նախագահից, վարչապետից խնդրում են ներում շնորհել, որպեսզի վերադառնան իրենց ընտանիքների մոտ։ Ասում են՝ ընդունել են իրենց մեղքը, զղջում են կատարվածի համար։ Որպես մարդասիրական քայլ՝ խնդրում են իրենց ուղարկել Իրան։

«Արդեն մեկ շաբաթ է չենք կարողանում զանգել, ոչ մի լուր չունենք։ Միայն հեռուստացույցով լուրերին ենք հետևում, տեսնենք ինչ է լինում։ Մինչև պատերազմը ամիսը 3 անգամ տեսազանգով շփվում էինք, հեռախոսից էինք օգտվում, հիմա կապ չկա»,-ասում է Իրանի քաղաքացի, ազգությամբ հայ Ռոբեն Դերգրիգորիանսը։

Ռոբենը ամուսնացած չէ, սակայն Իրանում ունի ծնողներ, ազգականներ և մտահոգված է նրանց առողջությամբ:

Ռ․ Դերգրիգորիանսը դատապարտվել է մաքսանենգ ճանապարհով թմրանյութ անցկացնելու համար։ 2023թ. հուլիսի 10-ին Ռոբեն Դերգրիգորիանսը 5.17 գրամ հաստատուն քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցը և պսիլոցիբին տեսակի թմրամիջոց պարունակող 5.56 գրամ քաշով 11 սունկ է տեղափոխել Հայաստան։ Սակայն, մաքսային կետում հայտնաբերվել է։ 2024թ․ փետրվարին դատապարտվել է 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։

Ալիռեզա Սեյեդ Ռեզա Մուսավիանին ունի մեկ տարեկան աղջիկ։ Եվ մեկ շաբաթ է տեղեկություն չունի ընտանիքի վերաբերյալ։ Ասում է՝ գիտի Թեհրանը ռմբակոծության է ենթարկվում, ինտերնետ և հեռախոսակապ չկա։ Հայաստանի իր ծանոթների, Իրանի դեսպանատան միջոցով ևս տեղեկություններ չի կարողանում ստանալ ազգականներից:

Նա նույնպես դատապարտվել է թմրամիջոցներ տեղափոխելու համար։ 2022թ. հոկտեմբերի 31-ին Պետական եկամուտների կոմիտեի մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնում, մաքսային ծառայության աշխատակիցների կողմից Ալիռեզա Սեյեդ Ռեզա Մուսավիանի առաքանին զննվել է։ Տոմատի մածուկով լի տարայի միջից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 10,89 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։

Նա ընդունել է մեղքը, միջնորդել է իրականացնել արագացված դատաքննություն։ Առաջին ատյանի դատարանը դատապարտել է 3 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ նույն ժամկետով սահմանելով փորձաշրջան։

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դատախազի բողոքը, սակայն Վճռաբեկ դատարանը 2025թ․ փետրվարի 21-ին փոփոխել է առաջին ատյանի դատարանի վճիռն ու Վերաքննիչ դատարանի որոշումը՝ պատիժը պայմանական չկիրառելու մասով, և որոշել է, որ դատապարտյալը պետք է պատիժը կրի ազատազրկման ձևով։

Դատապարտյալները ներում շնորհելու դիմումը հանրապետության նախագահին, արդարադատության նախարարին ու վարչապետին ուղարկել են օրեր առաջ և անհամբեր սպասում են պատասխանին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter