Մոջթաբա Խամենեին՝ Իրանի նոր գերագույն առաջնորդ
Իրանի փորձագետների խորհուրդը ձայների մեծամասնությամբ Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդ է ընտրել Մոջթաբա Խամենեին՝ նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի որդուն։ Այդ մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն արդեն իսկ հավատարմության երդում է տվել Իրանի նոր գերագույն առաջնորդին։ Ինչպես նշվում է ԻՀՊԿ հայտարարության մեջ, կորպուսն աջակցում է Փորձագետների խորհրդի ընտրությանն ու պատրաստ է «լիակատար հնազանդության և անձնազոհության՝ հանուն նոր գերագույն առաջնորդի ցուցումների կատարման»:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը գերագույն առաջնորդի պաշտոնում Մոջթաբա Խամենեիի նշանակումն անվանել է «ազգային միասնության ամրապնդմանն ուղղված իսլամական ազգի ձգտման դրսևորում»: Նրա պնդմամբ՝ Մոջթաբա Խամենեիի ընտրությունը «ազդարարելու է իրանական ազգի համար արժանապատվության և իշխանության նոր դարաշրջանի սկիզբը»։
56-ամյա Սեյեդ Մոջթաբա Խամենեին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի երկրորդ որդին է։ Հիշեցնենք, որ Ալի Խամենեին զոհվել էր փետրվարի 28-ին իսրայելական ավիահարվածից հետո, ինչը տեղի էր ունեցել Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի համատեղ գործողության ընթացքում:
Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ցանկանում է անձամբ մասնակցել Իրանի նոր գերագույն առաջնորդի ընտրությանը և հավելել, որ իր համար անընդունելի է նա, ով կշարունակի Ալի Խամենեիի քաղաքականությունը, մասնավորապես՝ վերջինիս որդին:
Լուսանկարը՝ Morteza Nikoubazl/NurPhoto
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել