HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել է հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով կատարված գողության դեպքը. ՔԿ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է հանցավոր կազմակերպության կողմից կատարված առանձնապես խոշոր չափերով գողության դեպքը:

«Նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ հանցավոր կազմակերպության անդամները 2026 թվականի մարտի 3-ին մեկնել են Սպիտակ համայնքի բնակավայրերից մեկը, ապօրինի մուտք գործել բնակարան՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով գողություն:

Նախաքննության ընթացքում պլանավորված և իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է նաև հանցավոր կազմակերպության մեկ այլ անդամի ինքնությունը, ով տուժողի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ, նախապես իմանալով վերջինիս ծննդյան տարեդարձն այլ վայրում անցկացնելու, ինչպես նաև տուժողի բնակարանում առկա գումարի, թանկարժեք զարդերի և այլ իրերի առկայության մասին, իրեն հայտնի տեղեկությունները տրամադրել է հանցավոր կազմակերպության անդամներին, դեպքին նախորդող օրերին մատնացույց արել բնակարանի գտնվելու վայրը, ինչպես նաև նախապես ընտրել փախուստի համար հավանական ճանապարհները:

Հանցավոր կազմակերպության անդամների բնակարաններում, ինչպես նաև նրանց կողմից շահագործվող ավտոմեքենաներում կատարված միաժամանակյա խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է  ինչպես հափշտակված գողոնի մի մասը, այնպես էլ բնակարանային գողություն կատարելու, բնակարանի դռներ բացելու, միմյանց հետ կապ հաստատելու համար նախատեսված այլ իրեր և առարկաներ:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 8 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 7-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով գողությունը, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով) և 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր հափշտակելը), իսկ 1 անձի նկատմամբ՝ 46-254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով գողությանն օժանդակելը) և 46-338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր հափշտակելուն օժանդակելը):

7 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ 1-ի նկատմամբ՝ տնային կալանքը և բացակայելու արգելքը:

Նախաքննության ընթացքում տեղեկություններ են ստացվել նաև, որ հանցավոր կազմակերպության անդամները նախկինում նույնպես կատարել են տարբեր հանցանքներ: Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ հանցավոր կազմակերպության կողմից կատարված արարքները բացահայտելու և քրեաիրավական գնահատական տալու նպատակով»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter