HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Թրամփը հայտարարում է Իրանի դեմ պատերազմի մոտալուտ ավարտի մասին, նավթը էժանանում է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ Իրանում պատերազմը կարող է սպասվածից շուտ ավարտվել, «գրեթե ավարտվել է»։ Մարտի 9-ին CBS News-ի հետ հեռախոսազրույցում Թրամփն ասել է, որ Իրանը չունի ոչ նավատորմ, ոչ ռազմաօդային ուժեր, ոչ էլ կապի միջոցներ։ 

Ավելի ուշ՝ Ֆլորիդայում մամուլի ասուլիսի ժամանակ, ԱՄՆ նախագահը պատերազմի ավարտի կոնկրետ ժամկետներ չի նշել, միայն նշել է, որ դա տեղի կունենա «շատ շուտով»։ 

Ի պատասխան՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները թելադրելու է Իրանը, ոչ թե Միացյալ Նահանգները։ Ինչպես փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը, հայտարարությունը տարածել է Tasnim գործակալությունը։ Իրանից բացառել են ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների հնարավորությունը։

Թրամփը սպառնացել է շատ ավելի ուժեղ հարվածներ հասցնել, եթե Իրանը շարունակի խոչընդոտել Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները

Մարտի 4-ի առավոտյան Իրանը հայտարարել է, որ ամբողջությամբ վերահսկում է Հորմուզի նեղուցը, որը ընկած է Օմանի և Իրանի միջև, ու համաշխարհային նավթի մատակարարումների 20%-ն անցնում է այս նեղուցով։

Իրանը հայտարարել է, որ դրանով անցնելու փորձ կատարող ցանկացած նավ կարող է ենթարկվել հրթիռների կամ անօդաչու թռչող սարքերի հարվածներին։ 

ԱՄՆ նախագահն էլ իր հերթին պնդում է, որ Նեղուցն այժմ բաց է, և նավագնացությունը թույլատրվում է: Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ քննարկում է նեղուցի նկատմամբ ԱՄՆ-ի «վերահսկողությունը ստանձնելու» հնարավորությունը:

Իրանի հետ պատերազմի մոտալուտ ավարտի մասին Թրամփի հայտարարություններից հետո վերջին օրերին կտրուկ աճող նավթի գները նույնքան կտրուկ անկում ապրեցին։ ICE լոնդոնյան բորսայում Brent նավթի գինը մարտի 9-ի երեկոյան իջավ մինչև 90 դոլարից ներքև՝ մեկ բարելի համար։ Նույն օրը առավոտյան մոտեցել էր 120 դոլարի շեմին։ Մարտի 10-ին՝ օրվա երկրորդ կեսի տվյալներով, այն կազմել է 92.29 դոլար։ 

Թրամփի հայտարարությունների ֆոնին բարձրացել են Ասիական ֆոնդային բորսաների գները, գրում է Bloomberg-ը։ Սպասվում է, որ կաճեն նաև եվրոպական բաժնետոմսերի գները։

Գլխավոր լուսանկարը՝ REUTERS-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter