HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կեղծ տվյալներ և կոռուպցիոն ռիսկեր Դավթաշենում. Ա. Միկոյան 64 թաղամասի բնակիչների բաց նամակը վարչապետին

Խմբագրությունը Երևանի Դավթաշեն վարչական շրջանի, Անաստաս Միկոյան 64 հասցեի բնակելի թաղամասի բնակիչներից ստացել է դիմում-բողոք՝ ուղղված ՀՀ վարչապետին և իրավապահ մարմիններին: Բնակիչները պնդում են, որ հարևանությամբ՝ Միկոյան 68 հասցեում իրականացվող բազմաբնակարան շենքի կառուցապատման նախագիծը հաստատվել է կեղծ տվյալների հիման վրա՝ խախտելով իրենց սեփականության իրավունքը և հրդեհային անվտանգության նորմերը: Ստորև ներկայացնում ենք բաց նամակը. 

Տեղեկացնում ենք Ձեզ, որ ք․Երևան, Անաստաս Միկոյան փողոցի 68 հասցեում գտնվող 987քմ մակերեսով հողամասի վրա բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նպատակով, 24․08․2022թ․ Երևանի քաղաքապետարանի կողմից «Մոսկովյան ինվեստիցիոն շինարարական ընկերություն-Ք․Երևան» ՍՊ ընկերությանը տրվել է թիվ հ․01/18-07/1-Դ-41698-742 նախագծման թույլտվությունը։

Երևանի քաղաքապետարան դիմում է ներկայացվել՝ վերոնշյալ կառուցապատման վերաբերյալ քաղաքաշինական փաստաթղթերը ստանալու նպատակով։

Երևանի քաղաքապետարանից ստացված պատասխանի համաձայն՝ ՀՀ գործող օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան փորձաքննությունների դրական եզրակացությունների հիման վրա 24.07.2025թ. համաձայնեցվել է հ․356831 աշխատանքային նախագիծը և տրամադրվել է հ.ՇԹ/4/10880-25 շինարարության թույլտվությունը՝ 3 տարի ժամկետով

Միաժամանակ կառուցապատման չափորոշիչների տրամադրման կապակցությամբ հայտնում ենք, որ համաձայն Երևանի ավագանու 10 սեպտեմբերի 2024 թվականի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի, ինչպես նաև Երևանի քաղաքապետի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի հ.5411-Ա որոշմամբ հաստատված Դավթաշեն թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագծի` քննարկվող հողամասը ներառված է հասարակական կառուցապատման գոտում:

Տեղեկացնում ենք նաև, որ կառուցապատման չափորոշիչները կարգավորվում են
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի՝ 2023 թվականի մայիսի 22-ի N04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» ՀՀ շինարարական նորմերով:»

Ուսումնասիրելով ստացված փաստաթղթերը՝ պարզել ենք, որ ք․Երևան, Անաստաս Միկոյան փողոցի 68 հասցեում բնակելի շենքի կառուցման նախագիծը կազմված է եղել կեղծ տվյալների հիման վրա ու չնայած այդ բացահայտ հանգամանքի, ենթարկվել է քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության և 10․06․2025թ․ Ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի կողմից տրվել է թիվ 159 դրական եզրակացությունը։

Պարզվել է, որ ներկայացված, համալիր փորձաքննության դրական եզրակացություն ստացած և համաձայնեցված նախագծի գլխավոր հատակագծում նշված հրշեջ մեքենայի մոտեցման 2 ճանապարհներից մեկը գտնվում է ք․Երևան, Անաստաս Միկոյան 64 հասցեում կառուցված բնակելի թաղամասի բնակիչներին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող հողամասում, որի մասով բնակիչներիս կողմից որևէ համաձայնություն չի տրամադրվել։

Ավելին, համաձայն ք․Երևան, Անաստաս Միկոյան 64 հասցեում բնակելի թաղամասի կառուցման հաստատված նախագծի, «Մոսկովյան ինվեստիցիոն շինարարական ընկերություն-Ք․Երևան» ՍՊ ընկերության կողմից իրենց նախագծում որպես հրշեջ մեքենայի մոտեցման ճանապարհ ներկայացված տարածքը սահմանված է որպես կանաչապատման և բարեկարգման տարածք։ Կադաստրային քարտեզով և փաստացի իրականության մեջ «Մոսկովյան ինվեստիցիոն շինարարական ընկերություն-Ք․Երևան» ՍՊ ընկերության կողմից ներկայացված նախագծում նշված հրշեջ մեքենայի մոտեցման ճանապարհ Միկոյան 64 հասցեի կողմից գոյություն չունի և չի կարող գոյություն ունենալ, քանի որ այդ տարածքը հանդիսանում է այլ անձանց սեփականություն, և երկրորդ՝ հանդիսանում է կանաչապատ գոտի, որտեղ նախատեսված են ծառեր, իսկ հետագայում նաև լինելու են բնակելի թաղամասի բնակիչների համար զրուցարաններ և խաղահրապարակներ։

Ինչ վերբերվում է այն հանգամանքին, որ ներկայացված նախագիծը ենթարկվել է քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության և 10․06․2025թ․ Ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի կողմից տրվել է թիվ 159 դրական եզրակացությունը, ապա հարկ ենք համարում Ձեր ուշադրությունը հրավիրել մի շարք բացահայտ խախտումների և ՀՀ օրենսդրության պահանջներին անհամապատասխանություններին, որոնք դժվար թե վրիպած լինեին մասնագիտական հանձնաժողովի անդամների ուշադրությունից։

Այսպես․

  1. Համաձայն ՀՀՔաղաքաշինության նախարարի՝ «ՀՀՇՆ21-01-2014 «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 17․03․2014թ․ թիվ 78-Ն հրամանի 8-րդ բաժնի 149-րդ կետի՝

Տրանսպորտային միջոցների և հետիոտների անցուղիներն անհրաժեշտ է նախատեսել այնպես, որ հրշեջ ավտոմեքենաները և այլ տեխնիկական միջոցները հնարավորություն ունենան մոտենալ բնակելի և հասարակական նշանակության շենքերին, այդ թվում նաև՝ կցակառույց և ներկառուցված սենքերին, և հրշեջ փրկարարական անձնակազմը ավտոսանդուղքի կամ ավտոամբարձիչի միջոցով կարողանա մոտենալ ցանկացած բնակարանին կամ սենքին`

1) հեռավորությունը անցուղու եզրից մինչև շենքի պատը մինչև 9-ը հարկանի շենքերի համար պետք է ընդունել 5 մ, իսկ 9-ը և ավելի հարկերով շենքերի համար` 8 մ: Այդ գոտում չի թույլատրվում իրականացնել կցակառույցներ, տեղադրել ցանկապատեր, պատնեշներ, օդային էլեկտրահաղորդման գծեր և տնկել ծառեր,

2) շենքի ճակատի երկարությամբ, որը չունի մուտքեր, թույլատրվում է նախատեսել հրշեջ ավտոմեքենաների անցման համար կոշտ ծածկույթով 6 մ լայնությամբ ճանապարհ:

Ուսումնասիրելով նախագծի տվյալ հատվածը՝ տպավորություն է ստեղծվում, որ պահպանված են նորմի տվյալ կետի պահանջները, բայց շենքի հետնամասի 1-5 առանցքներով ձգվող ճանապարհը իրականության մեջ գոյություն չունի: Տվյալ հատվածը պատկանում է Միկոյան 64 հասցեում գտնվող բնակելի համալիրի սեփականետերերին և տվյալ հատվածը նախագծով նախատեսված է որպես կանաչապատման տարածք:

Համաձայն «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ Օրենքի 8-րդ հոդվածի՝

Հոդված 8.

ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

Հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերը (տեխնիկական կանոնակարգերը), ինչպես նաև հրդեհային անվտանգության պահանջները սահմանող ստանդարտները պարտադիր են բնակավայրերի, շենքերի և շինությունների նախագծման, կառուցման և շահագործման, հիմնանորոգման և վերակառուցման, ինչպես նաև սարքավորումների արտադրության և շահագործման ժամանակ:

Հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերը նախապես համաձայնեցվում են պետական հրդեհային հսկողության մարմինների հետ:

Հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերով չսահմանված` հրդեհային անվտանգության ապահովման առանձին լուծումներ պահանջող հարցերի վերաբերյալ եզրակացություններ է տալիս հրդեհային անվտանգության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ` տեսչական մարմին):

Համաձայն նույն օրենքի 27-րդ հոդվածի՝

Հոդված 27.

ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Բնակավայրերը և օբյեկտները պետք է ապահովված լինեն հրդեհային պահպանությամբ, ինչպես նաև հակահրդեհային ջրամատակարարմամբ, շենքերին և շինություններին հարող մշտական գործող ճանապարհներով, կապի միջոցներով` համաձայն հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի:

Շենքերի, շինությունների, կազմակերպությունների ծավալահատակագծային ու կառուցվածքային լուծումները, ինչպես նաև դրանց միջև անջրպետները պետք է ապահովեն մարդկանց անվտանգությունը և հրդեհների մարումը:

Բնակավայրերի բնակելի տարածքի սահմաններում պոտենցիալ վտանգավոր (հրդեհների աղետային զարգացման առումով) պահեստների և շինությունների, ինչպես նաև այրվող գազերով և հեղուկներով տարանցիկ խողովակաշարերի տեղաբաշխումն իրականացվում է նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան: Նշված օբյեկտների համար շինարարական հրապարակներն ընտրում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները` ելնելով հրդեհապայթունավտանգավորության փորձաքննության արդյունքներից:

Համաձայն նույն օրենքի 28-րդ հոդվածի՝

Հոդված 28.

ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ, ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Օբյեկտների, այդ թվում` շենքերի և շինությունների նախագծման և շինարարության ընթացքում պետք է կատարվեն նորմատիվ փաստաթղթերով նախատեսված հրդեհային անվտանգության պահանջները: Շինարարությամբ, վերակառուցմամբ և տեխնիկական վերազինմամբ ավարտված օբյեկտները, այդ թվում` շենքերը և շինությունները, չեն կարող շահագործման հանձնվել, եթե այնտեղ չեն կատարվել նախագծով նախատեսված հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահանջները:

Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների, դրանց մասերի կամ համալիրների կառուցման, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման (ներառյալ` քանդման), արդիականացման նախագծերը համաձայնեցվում են պետական հրդեհային հսկողության մարմինների հետ:

  1. Կառուցապատման տոկոս

Ըստ նախագծային առաջադրանքի կառուցապատման տոկոսը սահմանված է 60%, իսկ կանաչապատմանը՝ 40%

Համաձայն ՀՀՇՆ 30-01-2014 ի X գլխի, 70-րդ կետի աղուսյակ 6-ի անջրանցիկ տարածքը պետք է կազմի 40%, իսկ կանաչապատումը՝ 60%: Շարունակելով անհամապատասխանության մասին տվյալ պնդումը՝ հարկ է նշել, որ`

ա. Նախագծման առաջադրանքի կառուցապատման 60% ի պահանջը ապահովելու համար շենքի պարագծով նախատեսված չեն ոչ մի սալվածքներ, այլ փոխարենը կանաչապատ տարածքներ են, որն իրականում պատրանք է և պրակտիկայում անկիրառելի:

բ. Առաջին և ստորգետնյա հարկերը կապող թեքահարթակը դուրս է գալիս շենքի սահմաններից, որն արտացոլված չէ գլխավոր հատակագծի էջում և ճակատներում: Փաստացի այդ թեքահարթակի գետնից պոկված մասը հանդիսանում է որպես կառուցապատում և հաշվարկված չէ 60% ի սահմաներում:

  1. Ավտոկայանտեղի և բնակելի հարկ

Համաձայն ՀՀՇՆ 31-01-2014 ի XIII գլխի 166 կետի բնակելի (բացառությամբ՝ բլոկացված շենքերի) և մանկական նախադպրոցական սենքերով ու բուժպրոֆիլակտիկ կազմակերպություններ ունեցող հարկերը պետք է առանձնացվեն ներկառույց ավտոկայանատեղից տեխնիկական հարկով կամ ոչ բնակելի սենքեր ունեցող հարկով՝ արտանետվող գազերից և թույլատրելի մակարդակը գերազանցող աղմուկից պաշտպանվելու համար:

Տվյալ նախագծով առաջին վերգետնյա հարկում տեղակայված փակ ավտոկայանտեղիից վերև անմիջապես սկսվում է բնակելի հարկը, որն անթույլատրելի է համաձայն վերոնշյալ պահանջի:

  1. Ավտոկայանտեղի թեքահարթակի թեքություն

Համաձայն ՀՀՇՆ IV-11.03.03-02 ի 5.28 կետի՝

5.28 Ավտոկայանատեղիներում թեքանցները պետք է բավարարեն հետևյալ պահանջներին.

ա) փակ ուղղագիծ թեքանցների երկայնական թեքությունը, շարժման շերտերի առանցքով, պետք է լինի ոչ ավել քան 18%, կորագիծ թեքանցներինը` 13%, բաց թեքանցների երկայնական թեքությունը (մթնոլորտային տեղումներից չպաշտպանված)` 10%

Տվյալ նախագծով թեքանցների կոր հատվածները նախատեսված են 18% երկայնական թեքությամբ, որն անթույլատրելի է համաձայն վերոնշյալ պահանջի:

Նշված բացահայտ խախտումների հետ կապված 08.08.2025թ. դիմումներ ենք ներկայացրել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահին և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին՝ ներկայացնելով օրենսդրության կոպտագույն խախտումներով, ինչպես նաև այլ անձանց սեփականության իրավունքի խախտմամբ կազմված քաղաքաշինական փաստաթղթերի անօրինականությունը հավաստող հիմքերը և խնդրելով տրամադրել պարզաբանումներ, թե ինչպես են վերոնշյալ խախտումներով կազմված քաղաքաշինական փաստաթղթերը նշված լիազոր մարմինների կողմից ստացել դրական եզրակացություն, այնուհետև՝ նաև համալիր փորձաքննության դրական եզրակացություն:

Տեսչական մարմնի կողմից ստացել ենք պատասխան առ այն, որ Տեսչական մարմինը նախագծային փաստաթղթերի վերաբերյալ եզրակացություններ տրամադրում է միայն հրդեհային անվտանգության մասով։ Վերոնշյալ հասցեում նախատեսվող բնակելի շենքի նախագծային փաստաթղթերին Տեսչական մարմնի կողմից 23032023թ տրվել է դրական եզրակացություն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայացված նախագծով նախատեսված են եղել հրդեհային անվտանգության պահանջները, այդ թվում՝ բոլոր բնակարաններին նախատեսված են եղել հրշեջ մեքենաների մոտեցումներ։ Մինչդեռ, տեսչական մարմինը որևէ կերպ չի անդրադարձել այն հանգամանքին, որ իրենց ներկայացված փաստաթղթերը կեղծ տվյալներ են պարունակում և ներկայացված փաստաթղթերում որպես հրշեջ մեքենայի մոտեցման ճանապարհ ներկայացվել է այլ անձանց սեփականություն համարվող կանաչապատ տարածքը, որտեղ ըստ հաստատված նախագծի որևէ ճանապարհ գոյություն չունի:

ՀՀ քաղաքաշինության կոմիտե հասցեագրված դիմումին ի պատասխան, Կոմիտեից տեղեկացրել են, որ 2025 թվականի հունիսի 10-ին տրվել է N 159 դրական եզրակացությունը, որի համար հիմք է հանդիսացել

- նախագծի փորձագիտական եզրակացությունը (երաշխավորում է նախագծային փաստաթղթերի համապատասխանությունը ՀՀ օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին),

- ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված դրական եզրակացությունը (հրդեհային անվտանգության պահանջների համապատասխանության վերաբերյալ),

- ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի անդամների կողմից տրված դրական եզրակացությունները։ Այս դեպքում Կոմիտեն նույնպես չի անդրադարձել դիմումով ներկայացված խախտումներին և օրենսդրության պահանջների ու այլոց սեփականության իրավունքի խախտման հանգամանքներին:

Հաշվի առնելով, որ վերոնշյալ պետական մարմիններին ներկայացվել են փաստերն հիմնավորող փաստաթղթերը, այդուհանդերձ Տեսչական մարմինն ու Կոմիտեն պատշաճ չեն արձագանքել իրենց ուղղված դիմումներին:

Քանի որ Տեսչական մարմնի և Քաղաքաշինության կոմիտեի կողմից չենք ստացել հիմնական հարցի պատասխանը՝ այն է, թե ինչպե՞ս են նշված լիազոր մարմինները այլոց սեփականության իրավունքը խախտող, և որպես դրա հետևանք Հրդեհային անվտանգության մասին ՀՀ օրենքների պահանջների կոպիտ խախտումներով կեղծ նախագծային փաստաթղթերի հիման վրա տրամադրել դրական եզրակացություններ, առանց ուսումնասիրելու կադաստրային քարտեզները և Ա.Միկոյան 64 հասցեի քաղաքաշինական փաստաթղթերը, 21.08.2025թ դիմում ենք ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Քանի որ բնակիչներիս մոտ կասկածներ են առաջացել, որ նշված կառուցապատման քաղաքաշինական փաստաթղթերի համաձայնեցման և դրական եզրակացությունների տրամադրման գործընթացները հնարավոր է կատարվել են ենթադրյալ կոռուպցիոն սխեմաներով, ուստի խնդրել ենք ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին հանձնարարել համապատասխան բաժիններին պարզելու բոլոր հանգամանքները, բացահայտել օրինախախտներին և կասեցնել ապօրինի ու կեղծ փաստաթղթերով իրականացվող կառուցապատման աշխատանքները:

Քանի որ կառուցապատման աշխատանքները շարունակվում էին, և 21.08.2025թ. ներկայացված դիմումի պատասխանը այդպես էլ չէինք ստացել, 31.10.2025թ. կրկին դիմել ենք ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին, խնդրելով տրամադրել օգոստոսին ներկայացրած դիմումի ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն՝ վստահ լինելու համար, որ դիմումի հետ կապված կատարվում են համապատասխան աշխատանքներ: Կրկին որևէ պատասխան չստանալուց հետո, 05.02.2026թ. արդեն երրորդ անգամ դիմում-բողոք ենք ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին՝ մեր ներկայացրած նախորդ դիմումներին պատասխան տրամադրելու համար:

Ի պատասխան նշված դիմում-բողոքի, Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ օպերատիվ հետախուզական և ստուգողական գործողությունները շարունակվում են:

Միաժամանակ հարցեր են առաջանում նաև ՀՀ կադաստրի կոմիտեի գործունեության առնչությամբ: Մասնավորապես Ա.Միկոյան 68 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախագծային փաստաթղթերի շահագրգիռ մարմինների կողմից ներկայացված առաջարկությունների և դիտողությունների ամփոփաթերթում ՀՀ կադաստրի կոմիտեն դեմ է քվեարկել՝ նշելով, որ հողամասում առկա է կարգավիճակը չպարզված պարիսպ: Այսինքն Կադաստրի կոմիտեն նախագծում չի նկատել բացահայտ խախտումներն առ այն, որ ո՛չ կադաստրային քարտեզներում, ո՛չ էլ իրականության մեջ Ա.Միկոյան 64 հասցեի կողմից հրշեջ մեքենայի ճանապարհ գոյություն չունի, իսկ կեղծ ճանապարհն էլ հանդիսանում է այլ անձի սեփականություն:

Ելնելով սույն դիմումում ներկայացված հանգամանքներից՝ կապված ք. Երևան, Անաստաս Միկոյան 68 հասցեում «Մոսկովյան ինվեստիցիոն շինարարական ընկերություն-Ք. Երևան» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող կառուցապատման փաստաթղթերում առկա ՀՀ օրենսդրության պահանջների ակնհայտ խախտումների հետ, ինչպես նաև հաշվի առնելով ք. Երևան, Անաստաս Միկոյան 64 հասցեի բնակելի թաղամասի բնակիչների սեփականության իրավունքի հնարավոր խախտման հանգամանքը և պատկան մարմինների կողմից մեր դիմումներին պատշաճ արձագանքի բացակայությունը, խնդրում ենք Ձեր հանձնարարականը և հարցի նկատմամբ Ձեր անմիջական վերահսկողությունը՝ պարզելու ստորև ներկայացված հարցադրումները.

  1. ի՞նչ հանգամանքներում և ի՞նչ ենթադրյալ կոռուպցիոն սխեմաների արդյունքում է ՀՀ օրենսդրության պահանջների բացահայտ խախտումներ և կեղծ տվյալներ պարունակող նախագիծն անցել համալիր փորձաքննություն և ստացել հանձնաժողովի դրական եզրակացությունը։
  2. Արդյո՞ք Տեսչական մարմնի կողմից ուսումնասիրվել են ներկայացված նախագծային փաստաթղթերը, ստուգվե՞լ է դրանց արժանահավատությունը, և տեսչական մարմնի համապատասխան մասնագետների կողմից իրականացվե՞լ են ուսումնասիրություններ տեղում՝ փաստացի հասցեում։
  3. Արդյո՞ք տեսչական մարմնի կողմից ուսումնասիրվել են կադաստրային գործերում կամ քարտեզներում առկա նյութերը, տվյալները, նշված հողամասին կից հողամասերում նախկինում կառուցված կամ կառուցվող շինությունների նախագծային փաստաթղթերը։
  4. Արդյո՞ք դիմումում նշված հանգամանքների առկայության պարագայում տվյալ նախագիծը համապատասխանում է ՀՀ օրենսդրության պահանջներին, մասնավորապես Հրդեհային անվտանգության մասին ՀՀ Օրենքի պահանջներին և այլ քաղաքաշինական նորմատիվ իրավական ակտերին։
  5. Ինչո՞ւ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն և Տեսչական մարմինը՝ որպես բնագավառի լիազոր մարմիններ, պատշաճ չեն արձագանքում ՀՀ քաղաքացիների հիմնավոր փաստերով ներկայացրած դիմումներին:
  6. Ինչո՞ւ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն շուրջ 9 ամիս չի կարողանում պարզել փաստաթղթերով ներկայացված հիմնավոր ապօրինությունները ապացուցող հանգամանքները:

Կից ներկայացնում ենք բոլոր համապատասխան փաստաթղթերը՝ Երևանի քաղաքապետարանից ստացված գրության, հաստատված քաղաքաշինական փաստաթղթերի, հանձնաժողովի դրական եզրակացության, մեր դիմումների, Տեսչական մարմնի, Քաղաքաշինության կոմիտեի և Հակակոռուպցիոն կոմիտեի պատասխանների, կադաստրային քարտեզի և Անաստաս Միկոյան 64 հասցեի բնակելի թաղամասի նախագծի գլխավոր հատակագծի օրինակները։

Դուք քաջատեղյակ եք Ա. Միկոյան 64 բնակելի թաղամասում առկա խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ արդեն իսկ գործադրել եք զգալի ջանքեր, որի համար հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը։ Մենք վստահ ենք, որ Ձեր հետևողական ուշադրության և միջնորդության շնորհիվ ի վերջո հնարավոր կլինի գտնել այդ խնդիրների արդարացի և արդյունավետ լուծումը։ Սակայն ցավով ենք արձանագրում, որ առկա խնդիրները ոչ միայն չեն նվազում, այլև ժամանակի ընթացքում ի հայտ են գալիս նորերը, ինչը շարունակական անհանգստություն է պատճառում թաղամասի բնակիչներին։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter