Գլխավոր դատախազը վերացրել է 2018թ. պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքով կայացված՝ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը
Գլխավոր դատախազը 2025թ. հոկտեմբերի 24-ին որոշում է կայացրել վերացնել ՊՆ N զորամասի կրտսեր սերժանտ Վ.Հ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2021թ. դեկտեմբերի 16-ի որոշումը. Վ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում: Այս մասին հայտնում է Դատախազության լրատվական ծառայությունը։
«Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 6-ին ՀՀ ՊՆ N զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված մարտական դիրքում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Լ.Թ.-ի դին՝ ծնոտի ստորին և գլխի գագաթային հատվածների միջանցիկ հրազենային վնասվածքներով։ Քննությամբ պարզվել էր, որ 2018 թվականի մայիսի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում մարտական հերթապահության ընթացքում ՊՆ N զորամասի կրտսեր սերժանտ Վ.Հ.-ն, լինելով Լ.Թ.-ի պետը, պարբերաբար վիրավորել, բռնություն է գործադրել և բռնություն գործադրելու սպառնալիք է հնչեցրել Լ.Թ.-ի նկատմամբ:
2018 թվականի մայիսի 14-ին Վ.Հ.-ին մեղադրանք էր ներկայացվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով (զինծառայողին վիրավորանք հասցնել՝ 3 դրվագ), իսկ 2021 թվականի դեկտեմբերի 16-ին մեղադրյալի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել էր՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով, ինչից հետո վարույթը կասեցվել էր:
2022 թվականի հոկտեմբերի 27-ին որոշում էր կայացվել կասեցված վարույթը վերսկսելու մասին, ինչպես նաև որոշում էր կայացվել նշանակել հետմահու լրացուցիչ ամբուլատոր դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն:
2025 թվականի հուլիսի 22-ին դատախազը Վ.Հ.-ի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 520-րդ հոդվածի 5-րդ մասով (ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
2025 թվականի օգոստոսի 1-ին ստացվել է հետմահու լրացուցիչ ամբուլատոր դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն «դեպքին նախորդող ժամանակահատվածում Լ.Թ.-ի ունեցած հոգեվիճակի միջև առկա է պատճառահետևանքային կապ, իսկ նման հոգեվիճակը կարող էր նպաստել ինքնասպանություն գործելու որոշում կայացնելուն»:
2025 թվականի հոկտեմբերի 21-ին նախնական վարույթի արդյունքներով՝ դատախազը ներկայացրել է եզրակացություն՝ Լ.Թ.-ին վիրավորանք հասցնելու համար Վ.Հ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2021 թվականի դեկտեմբերի 16-ի որոշման իրավաչափությունը վերանայելու խնդրանքով, որից հետո ՀՀ գլխավոր դատախազի կողմից որոշում է կայացվել վերացնել Վ.Հ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2021 թվականի դեկտեմբերի 16-ին կայացված որոշումը:
2025 թվականի հոկտեմբերի 27-ին Վ.Հ.-ի մեղադրանքը փոփոխվել է և լրացվել. նրա նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 520-րդ հոդվածի 5-րդ մասով:
2026 թվականի մարտի 5-ին հսկող դատախազը հաստատել է Վ.Հ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան»,- ասված է հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել