HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մառազմ ադրբեջանական մուղամով. Բաքուն կեղծո՞ւմ է Սաֆարովի էքստրադիցիայի ժամանակը

Վերջին ամիսների ընթացքում գլուխ բերված ադրբեջանահունգարական ակնհայտ գործարքի արդյունքում օգոստոսի 31-ին Բուդապեշտից Բաքու էքստրադիցիայի ենթարկվեց ադրբեջանական զինված ուժերի սպա Ռամիլ Սաֆարովը, ով 2004թ. փետրվարին հրեշավոր եղանակով` գիշերը կացնով սպանեց Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերեն լեզվի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին, որի համար էլ այդ երկրի դատարանի կողմի 2006թ. ապրիլի 13-ին դատապարտվեց ցմահ ազատազրկման: Համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվության` Հեյդար Ալիեւի միջազգային օդակայանում Ռամիլ Սաֆարովին դիմավորել են Արդարադատության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, լրագրողներ եւ հարազատներ:

Հենց օդակայանում Սաֆարովին հանձնելով Ադրբեջանի անձնագիր, Արդարադատության նախարարության ներկայացուցիչի կողմից ընթերցվում է Իլհամ Ալիեւի` նույն օրը արձակած հրամանագիրը նրան ներում եւ ազատություն շնորհելու մասին. «Ղեկավարվելով Ադրբեջանի Սահմանադրության 109 հոդվածի 22-րդ կետով որոշում եմ. պատիժը կրելուց ազատ արձակել 1977թ. ծնված, Հունգարիայի Բուդապեշտի քաղաքային դատարանի 2006թ. ապրիլի 13-ի վճռով ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սախիբ օղլու Սաֆարովին: Սույն հրմանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից», այն է` 2012թ. օգոստոսի 31-ից (http://ru.president.az/articles/5596)»:

Ռամիլ Սաֆարովի ժամանման PR-շիկը, լուրերի բացահայտ ու ծպտված աղբյուրները

Ինչպես լրագրողներին հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի իրավապահ մարմինների հետ աշխատանքի բաժնի ղեկավար Ֆուադ Ալեսկերովը (իրականում բոլոր լրատվամիջոցներին նրա նույն «հարցազրույցի» տեքստն է ուղարկվել, որտեղ մի փոքր ձեւափոխվել են հարցերն ու պատասխանները, իսկ որոշ դեպքերում անգամ ալարել են դա անել), Ռամիլ Սաֆարովը Բաքու է վերադարձվել օգոստոսի 31-ի կեսօրին` ժամը 13:40-ին «Ազերբայջան Խավա Յոլլարի» ընկերության հատուկ չվերթով (http://news.day.az/politics/352414.html):

Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի` 1news.az-ի հաղորդմամբ Սաֆարովի օդակայան ժամանելու կադրերը անմիջապես հայտնվել էին Ֆեյսբուք սոցիալական ցանցում (որոնք հետագայում հանվեցին), իսկ փաստն առաջինը հանրայնացնողներից մեկը դարձրեց Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ջեյհուն Օսմանլին` Թվիթերի իր միկրոբլոգի գրառումներով:

Այս ամենի հետ մեկտեղ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հաղորդել է, թե «այս/անցնող գիշեր (օգոստոսի 31-ի լույս գիշերվա մասին է խոսքը-հեղ.) Ռամիլ Սաֆարովը Հունգարիայից Ադրբեջան էստրադիցիայի է ենթարակվելԱյդ տեղեկատվությունը  Թրենդ գործակալության հետ զրույցում հաստատել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ջեյհուն Օսմանլին» (http://www.radioazadlyg.org/content/article/24693861.html): Թրենդ գործակալության խնդրո առարկա լուրի առաջին տարբերակի` կայքում զետեղման ժամ է նշվում 14:50-ը, իսկ 2-րդ տարբերակինը` 14:58-ը (http://www.trend.az/news/society/2060614.html):

Ադրբեջանական մեկ այլ լրատվամիջոցում` 1news.az, որը եւս օպերատիվ կապի մեջ է եղել Ջեյհուն Օսմանլիի հետ, Սաֆարովի էքստրադիցիայի մասին լուրի ժամանակ է նշվում 14:29-ը: Միայն այս կայքն է, որ հայտնում է Ֆեյսբուքում տեղադրված Ռամիլ Սաֆարովի ժամանման նկարների ու պատգամավոր Ջեյհուն Օսմանլիի թվիթերյան միկրոբլոգի հասցեները,  ինչպես նաեւ` այն, որ Ջեյհունը հաստատել է դրանք (http://www.1news.az/society/20120831022721961.html): Սակայն պարադոքսը նրանում է, որ հղում արված ֆեյսբուքյան լուսանկարները այլեւս չկան (http://www.facebook.com/photo.php?fbid=10151204814194515&set=a.10151113873144515.494386.548339514&type=1&theater): Առայժմ համարենք, որ դրա պատճառը տեխնիկական է: Սակայն ուշագրավ է, որ Ջեյհուն Օսմանլիի` հղում արված թվիթերյան մկրոբլոգում (https://twitter.com/ceyhunosmanli) այս թեմայով կատարված բոլոր գրառումների ժամանակ է ցույց տրվում ոչ թե օգոստոսի 31-ի հետկեսօրյա` PM ժամերը, այլ լույսգիշերային-մինչկեսօրյա` AM ժամերը, եւ անգամ դրանք PM համարելու դեպքում չեն համընկնում Ֆուադ Ալեսկերովի ասած 13:40-ի հետ:

Փոքրիկ հետաքննություն մեջլիսական Ջեյհուն Օսմանլիի թվիթերյան միկրոբլոգում ու ֆեյսբուքյան էջերում

Թվիթեր սոցիալական ցանցում Ջեյհուն Օսմանլիի` թեմային վերաբերող գրառումների ժամանակները ինքնին խոսուն են: Այսպես.   

Առաջին գրառումը` «2:25 AM – 31 Aug 12—Xosh xeber: Ramil Safarov Azerbaycana ekstradisiya olundu. O artiq Bakidadir.»/ Լավ նորություն. Ռամիլ Սաֆարովը էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան: Նա արդեն գտնվում է Բաքվում:

Երկրորդ գրառումը` «2:54 AM – 31 Aug 12—Daha bir xosh xeber eshitdim: Azerbaycana ekstradisiya olunan Ramil Safarov barede Cenab Prezident Ehv Fermani imzaladi. O artiq serbestdir»/ Եւս մեկ լավ նորություն. Ադրբեջան էստրադիցիայի ենթարկված Ռամիլ Սաֆարովի վերաբերյալ պարոն նախագահը, ԶՈւ գլխավոր հրամանատարը (?) հրամանագիր է ստորագրել: Նա այլեւս ազատ է արձակվել:

Երրորդ գրառումը` «6:53 AM - 31 Aug 12—Bu gun yeni medianin gucunu bir daha oz numunemde yashadim. Oz twitter sehifemde (@ceyhunosmanli) Ramil... http://fb.me/NuCLa44A» : Ուշադրություն է պետք դարձնել, որ այս եւ հաջորդող բոլոր գրառումներում արդեն տարածվում են նրա ֆեյսբուքյան ստատուսները;

Չորրորդ գրառումը` «6:54 AM - 31 Aug 12— 1news.az/society/20120831022721961.html … http://fb.me/20DFR54HA»: Այս մի գրառմամբ նա տարածում է Ռամիլ Սաֆարովի ժամանմանը վերաբերող 1news.az-ի իր իսկ ստեղծած լուրը, որում նշվում է, թե «Բաքու ժամանած Ռամիլ Սաֆարովի նկարիՖեյսբուքում տեղադրման» «տեղեկատվությունը 1news.az-ին հաստատել է իրազեկ աղբյուրը» (այսինքն` ակնհայտորեն տեղադրողը եղել է հենց Ջեյհուն Օսմանլին կամ նրա հանձանարարութամբ որեւէ մեկը), իսկ, անմիջապես հաջորդ նախադասության մեջ նշվում է, թե «այդ մասին Թվիթեր սոցիալական ցանցի իր պաշտոնական միկրոբլոգում գրել է Միլի մեջլիսի պատգամավոր Ջեյհուն Օսմանլին» (http://www.1news.az/society/20120831022721961.html):

Հինգերորդ գրառումը. «11:58 AM - 31 Aug 12 — Azərbaycan xalqı sübut etdi ki, Ramil Səfərov tək deyil. İndi isə növbə Macar xalqına tək olmadıqlarını isbat... http://fb.me/DXLmoDcy » /Նշվել է, որ ադրբեջանական ժողովուրդն ու Ռամիլ Սաֆարովը միայնակ չեն: Այժմ հունգարացի ժողովրդին է հերթը ապացուցելու, որ նրանք միայնակ չեն:

Միայն վեցերորդ գրառումն է կեսօրից հետո, «12:32 PM - 31 Aug 12— #WelcomeToAzerbaijanRamilSafarov»:

Այսպիսով, եթե ադրբեջանական լրատվության աղբյուրը եւ Ռամիլ Սաֆարովի ժամանման լուրի հաստատողը Միլի մեջլիսի պատգամավոր Ջեյհուն Օսմանլին ու նրա գրառումներն են, ապա դրանք օգոստոս 31-ի լույս գիշերն են արվել, եւ առավել հավաստի է դառնում «Ազատություն» ռադիոկայանի լուրը, թե Ռամիլ Սաֆարովը էքստրադիցիայի է ենթարկվել օգոստոսի 31-ի լույս գիշերը:

Դա հաստատելու է գալիս նաեւ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության լրատվությունը, որտեղ ադրբեջանական մեկ այլ` APA գործակալության հղմամբ նշվում է, թե «Հայ զինծառայողի սպանության համար Հունգարիայում ցմահ բանտարկության դատապարտված եւ անցնող գիշեր էքստրադիցիայի ենթարկված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում դիմավորեցին ինչպես ազգային հերոսի»: Այնուհետեւ հավելում է, թե «Առավոտյան էլ Սաֆարովը արդեն հայրական տանն էր, ուր APA գործակալության բնորոշմամբ` «ժամեր շարունակ չէր դադարում այցելուների հոսքը»» (http://www.azatutyun.am/content/article/24694337.html): Վստահ եմ` ոչ մեկ չի պնդի, թե 13:40-ից հետոն, որը ցուցանվում է իբրեւ Սաֆարովի էքստարադիցիայի պաշտոնական ժամանակ, առավոտ է…

Թե ինչու են հետագայում Թրենդ ու APA գործակալությունների կայքերի լուրերի տեքստից անհայտացել «անցնող գիշեր» բառերը, որոնց վրա հղում են անում Ազատության ադրբեջանական ու հայկական ծառայությունները առանձին-առանձին, եւ ինչպե՞ս ու ինչո՞ւ են փոխվել այդ կայքերում լուրերի տեղադրման ժամանակները, մնում է ենթադրություններ անել...

Եթե Սաֆարովն արդեն օգոստոսի 31-ի առավոտյան հայրական տանն էր, ապա նա չէր կարող Բուդապեշտից Բաքու էքստրադիցիայի ենթարկվել նույն օրվա կեսօրին` 13:40-ին, ինչպես տեղեկացնում է Իլհամ Ալիեւի նստավայրի ներկայացուցիչը: Կարծես թե նաեւ հասկանալի է դառնում, թե ինչու պետք է Ֆեյսբուքից անհայտանային Ռամիլ Սաֆարովի օդակայանի լուսանկարները, քանի որ դրանց տեղադրմանը ժամանակը բացահայտ վկայելու էր, որ Սաֆարովին Բաքու բերել են օգոստոսի 31-ի լույս գիշերը (կամ միգուցե նախօրեին), այլ ոչ թե ցերեկը:

Ադրբեջանական եւ ոչ մի լրատվամիջոցում, բացառությամբ «Ազատության» ադրբեջանական ծառայության, չես հանդիպի լրագրողակլան մի նյութ, որտեղ գրված լինի «այս ինչ ժամին վայրէջք կատարեց Սաֆարոֆին տեղափոխող հատուկ օդանավը», «այսօր վաղ առավոտյան»,  կամ «այսօր կեսօրին Ադրբեջան վերադարձվեց/վերադարձավ Ռամիլ Սաֆարովը»: Սա առավել տարակուսելի է դառնում, երբ վերհիշում ես այն տեղեկատվությունը, թե Ռամիլ Սաֆարովին օդակայանում դիմավորողների մեջ եղել են նաեւ լրագրողներ, սակայն նրանցից եւ ոչ մեկ ժամանման պահը չի նկարագրում կամ ակնարկում: Ավելին, Թրենդի, 1new.az-ի նման կայքերի լրագրողները Սաֆարովի ժամանման լուրը ճշտում են…. Միլի մեջլիսի պատգամավորից (Ազերթաջը եւ Day.az-ը լռում են այդ կապակցությամբ), կամ էքստրադիցիայի ժամ բոլոր լրատվամիջոցներին հարցազրույցով պարտադրվում է նախագահականի բարձրաստիճան ներկայացուցիչի կողմից: Խոսք չկա ասելու` գործ ունենք «լրատվություն առանց լրագրողների» կամ «պատգամավորն ու նախագահականի ներկայացուցիչը նաեւ լրագրող են» հոգեմետ սյուժեի հետ...

Հանուն արդարության ասենք, որ կայքերում տեղադրված լուսանկարներում ընդամենը երեւում են AzTV-ի տեսախցիկն ու մեկ ձայնագրող սարք, որոնց տեսածն ու լսածն էլ չինչին տարբերություններով հավանաբար տրամադրվել է Ադրբեջանի նախագահականի հետ սերտորեն համագործակցող վերոնշյալ բոլոր լրատվամիջոցներին: Լրագրողների առատություն եղել է Ռամիլ Սաֆարովի հայրական տանը (http://www.youtube.com/watch?v=fzGIiX-6LzQ&feature=player_embedded): Մեկ այլ տարօրինակ փաստ էլ այն է, որ դիմավորելու մեկնած հարազատներից հայրը նկարներում Ռամիլի հետ ողջագուրվում է բացօթյա տարածքում: Ըստ որում, պարզ չէ, թե դա որտեղ է արվել` օդակայանի հարեւանությա՞մբ, թե այլ տեղ: Իսկ օդակայանի VIP սրահում արված լուսանկարներում, որտեղ Արդարադատության նախարարության ներկայացուցիչն ըստ երեւույթին ընթերցում է ներման հրամանագիրը ու Սաֆարովին հանձնում նոր անձնագիրը, չկան «դիմավորող» հարազատները: Տրամաբանությունը հուշում է, որ առնվազն նա պետք է լիներ սպասասրահում Սաֆարովին առաջինը ողջունողների թվում: Լուսանկարներից նկատելի է նաեւ, որ դիմավորումը չափազանց «համեստ է եղել» (http://www.azertag.com/ru/node/995927): Եւ ընդհանրապես, դժվար չէ մի քանի հոգանոց շոու բեմականացնել կեսօրին, եթե անգամ Սաֆարովը Ադրբեջան է վերադարձվել ավելի վաղ:

Իսկ ադրբեջանական հիմնական կայքերի լրահոսերում միայն լուրի տեղադրման կամ թարմացման ժամանակներն են նշված, որոնք էլ համընկեցված են Ադրբեջանի նախագահի աշխատակազմի իրավապահ մարմինների հետ աշխատանքի բաժնի ղեկավար Ֆուադ Ալեսկերովի հրամցված 13:40-ի հետ, այսինքն հաջորդում են դրան 14:30-ից սկսած (թե ինչո՞ւ 14:30, պարզ կդառնա ստորեւ): Ու նաեւ պատահական չէ, որ օդակայանում բացի նկարներից, որոնք ավելի ուշ սկսեցին տեղադրվել կայքերում եւ AzTV-ի նկարահանումներից, ում տեսախցիկը երեւում է, ոչ մի այլ տեսանյութ չկա: Դա  այն դեպքում, երբ օրվա ընթացքում Ռամիլ Սաֆարովի ամբողջ «հաղթական ուղին»` Ադրբեջանի հիմնադիր հոր-մոր գերազմանից մինչեւ ադրբեջանա-թուրքական շեհիդների ծառուղի, տեսանկարահանված ու տեղադրված է բազում կայքերում;

Հանրային ռեակցիայի ստուգո՞ւմ, Ռամիլ Սաֆարովի անվտանգությո՞ւն, թե՞ վախ միջազգային հանրությունից

Էքստադիցիայի իրական ժամանակի հետ կապված Ադրբեջանի իշխանությունների այս աճպարարությունը տարբեր բացատրություններ կարող է ունենալ: Առաջինը, անկասկած, մարդասպանի անվտանգության ապահովման նկատառումն է: Հավանաբար, Ադրբեջանի իշխանությունները Սաֆարովի` Բաքու ժամանելու մասին հայտարարություն չէին անի, մինչեւ որ վստահ չլինեին, որ նա «անվնաս» ոտքը չի դրել մայր հողին:

Երկրորդ, իշխանությունների համար շատ կարեւոր էր հասկանալ ու ստուգել հանրության վերաբերմունը, ինչը օգոստոս 31-ի լույսգիշերային գրառումներով ու ստատուսներով արեց Ռամիլ Սաֆարովի ժամանման PR-շիկ նշանակված Ջեյհուն Օսմանլին` համոզվելով որ Ֆեյսբուքում հարյուրավոր լայքեր են ստացվում իր գրառումների տակ, իսկ հազարավոր օգտատերեր էլ նույն գրառումները «Բարի Գալուստ Ադրբեջան Ռամիլ Սաֆարով» թեմայով տարածում են Թվիթերում ու Ֆեյսբուքում:

Պատահական չէ, որ դեռ օգոստոսի 29-ին Ջեյհուն Օսմանլին իր միկրոբլոգերում բազմանշանակ անոնս է թողել թվիթերյան 2662 հետորդների համար` «Հետեւեք ինձ թվիթերում»/” Follow me on twitter @ceyhunosmanli” (https://twitter.com/ceyhunosmanli)` այդ կերպ նրանց նախապատրաստելով համազգային մառազմին... Եվ մինչեւ կեսօրը հանրային ռեակցիան ստուգելուց ու այն բանից հետո, երբ լրատվամիջոցները համակարգված, նույնաբովանդակ տեքստերով ու համընթաց ավետեցին «հերոսի» մուտքն ու ցանկացած քայլը, իսկ դրանց ներքո հանրային քննարկումներում համատարած օրհնանք ու փառաբանումներ էին հնչում, Ջեյհուն Օսմանլին իր ֆեյսբուքյան զույգ էջերում սկսեց տեղադրել ու պարբերաբար վերատարածել Սաֆարովի ու Իլհամ Ալիեւի մասին երկարաշունչ դիֆերեմբներ, որոնցից գլուխ չես հանի` թե նշվածներից ո՞վ է իր «հերոսականությամբ» ո՞ւմ ստվերում, եւ ո՞վ է ավելի մեծ հերոս` մարդասպանը, թե նրան ազատ արձակողը:

Երրորդ, Իլհամ Ալիեւը նաեւ չէր ցանկանա, որ նրա ժամանումը նախապես հայտարարված լիներ եւ օվացիաներով դիմավորելու համար գլխապատառ օդակայան շտապած ու մառազմի հասցված ադրբեջանական հասարակությունն իր այդ քայլով աշխարհին ի ցույց դներ, թե ինչպես է հերոսացնում ֆաշիստ-մարդասպանին եւ ինչ օրի է հասել հանրությունը Ալիեւի վարչախմբի պրոպոգանդայի արդյունքում: Դրա համար էլ օրվա ընթացքում «հայրենասիրական»-խորհրդանշական տարբեր վայրեր այցելած մարդասպանի ուղեկիցները թիվը մեծ չէր: Մինչդեռ կասկածից վեր է, որ ցանկության դեպքում Ադրբեջանի իշխանությունները կարող էին միայն պարտադրանքով ու վարչական ռեսուրսներով տասնյակ հազարավոր ադրբեջանցիների մոբիլիզացնել դրա համար: Ըստ այդմ, նկատելի է, որ առաջին օրը Սաֆարովին հերոսացնելու շոուն սպասողական ու «զուսպ» էր, եւ ցուցադրականության տեսանկյունից ամենեւին բնորոշ չէր Ադրբեջանին ու Ալիեւի վարչախմբին:

Եւ վերջապես, կա մեկ այլ կարեւոր հանգամանք. օդակայանում Ռամիլ Սաֆարովին դիմավորող Արդարադատության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչները ընթերցում են Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու Իլհամ Ալիեւի հրամանագիրը: Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում այդ հրամանագիրը տեղադրվել է Բաքվի ժամանակով 14:30-ին, ինչը նույնպես հարմարեցված ու հաջորդում է Սաֆարովի էքստրադիցիայի մասին նախագահականի հրամցված ժամանակին` 13:40-ին: իսկ 14:30-ից հետո են միայն ներման հրամանագրի տեքստն ու լուրը րոպեների տարբերությամբ տեղ գտել լրատվամիջոցներում, եւ առաջին հերթին` պետական, ինչպիսին Ազերթաջում եւ մյուսներում:

Հետեւաբար. Բաքուն նաեւ չէր կարող ասել, որ Սաֆարովը օգոստոսի 31-ի լույս գիշերին է ժամանալ Բաքու, առավոտյան եղել հայրական տանը, եւ նոր միայն դրանից հետո է կեսօրին հայտարարվել նախագահի ներման հրամանագրի մասին, ինչը կնշանակեր, որ մինչ դրա հանրայնացումն ու պաշտոնական հրապարակումը Սաֆարովն արդեն ապօրինաբար ազատության մեջ է եղել (որպես կանոն, հրամանագրերը օրինական ուժ են ունենում հրապարակվելու դեպքում):  Բացի այդ, ադրբեջանական լրատվության համաձայն, հրամանագիրը ընթերցվել է հենց օդակայանում: Հո՞ չէին ասելու, թե Ալիեւը օգոստոսի 31-ի լույս գիշերը աշխատանքի է գնացել եւ ներման հրամանագիր ստորագրել, եթե անգամ այն նախօրեին ստորագրված լիներ (ինչը եւ ամենահավանականն է):

Թվում է, թե այս ամենը մանրունք են: Իրականում այս հետաքննությունը թույլ է տալիս բացահայտել ոչ միայն մառազմի գիրկը նետված մեր հարեւանների մոլագարության աստիճանը, այլեւ վախերի տեսակները, չափերը ու բոլոր ծալքերը: Եթե հանրային ռեակցիան ստուգելը նրանց համար բավական դյուրին էր ու հնարավոր էր անել մեկ պատգամավորի ու նրա վկաների միջոցով, ապա Հայաստանի քայլերն ու միջազգային ռեակցիան անկանխատեսելի կարող էին լինել, եւ եղան. ՀՀ նախագահի սպառնալից ակնարկները հավանաբար ամբողջությամբ չէին սպասելի Բաքվի համար, ինչպես նաեւ  դրանց առաջինը հաջորդեց ԱՄՆ նախագահի չափազանց կոշտ արձագանքը (այս մասին հանգամանալից կխոսենք հաջորդ մասերում): Եթե այս ամենին էլ հավելում ենք Սաֆարովին դիմավորելու «համեստությունն» ու նրան հերոսացնելու առայժմ ոչ զանգվածային տեսարանները, պարզ է դառնում, որ հայկական դիվանագիտությունը այս պահից սկսյալ հապաղելու իրավունք չունի: Աննախադեպ մեծ հանրային ու քաղաքական ճնշումն անհրաժեշտ է թույլ տեսանելի տագնապներ ու վախեր ունեցող եւ սպասողական վիճակում գտնվող Բաքվի վրա, որպեսզի նա չանցնի մարդասպան Սաֆարովին հերոսացնելու ավելի լայնամասշտաբ ակցիաների:

Ադրբեջանական իշխանությունների աճպարարարություններն ու վերոնշյալ բոլոր բացատրությունները միասին վկայում էին այն մասին, որ Սաֆարովի ժամանումը Բաքու պետք է հայտարարվեր ավելի ուշ, քան դա իրականում եղել է: Վերջին հաշվով, մեր հարեւանի մոտ կեղծելը արդեն եւ սովորություն եւ փեշակ է դարձել; Եթե կարելի է կեղծել հեռու ու մոտ պատմությունը, Խոջալուի դեպքերն ու ղարաբաղյան հակամարտության պատմությունը, ապա Սաֆարովի էքստրադիցիայի ժամանակացույցի կեղծելն ի~նչ մի դժվար բան է: Հատկապես, երբ մեր հարեւաններն արդեն արհեստավարժ են դարձել այդ ամենն իրենց բնորոշ մուղամով անելու հարցում…

Իսկ Բաքվում ու Երեւանում նույն օրը կատարվածի վերլուծությունը` հաջորդիվ:

Ստեփան Սաֆարյան,
վերլուծաբան
1 սեպտեմբերի 2012թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter