Հրայր Թովմասյանը՝ Թիբոր Նավրաչիչին. «Ես՝ որպես կոլեգա, Ձեր փոխարեն հրաժարական կտայի»
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի բաց նամակը Հունգարիայի հանրային կառավարման և արդարադատության նախարար Թիբոր Նավրաչիչին
Խորը վրդովմունքով և հիասթափությամբ ընդունեցի Հունգարիայի հանրային կառավարման և արդարադատության նախարարության կողմից, մարդկության պատմության բոլոր ժամանակներում դատապարտելի արարք՝ մարդասպանություն գործած անձին՝ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան փոխանցելու փաստը:
Եվրոպական արժեքները համամարդկային են և, այո, դրանք ներառում են մարդասիրություն: Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ 1983թ. Ստրասբուրգի կոնվենցիան (1983 Strasbourg Convention on the Transfer of Sentenced Persons) հենց այդ արժեքի գիտակցմամբ է սահմանում դատապարտյալի փոխանցման հնարավորությունը:
Սակայն եվրոպական ոչ պակաս արժեքներ են նաև արդարությունն ու պատժի անխուսափելիությունը:
Իմ խորին համոզմամբ Դուք պարտավոր էիք իմանալ մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելուց հետո նրա հետագա ճակատագիրը: Դուք պարտավոր էիք իմանալ, որ ազգային թշնամանքի շարժառիթով սպանություն կատարած անձին հանձնում եք մի երկիր, որտեղ նրան հերոսացնում են: Դուք պարտավոր էիք գիտակցել, որ այդ հերոսացումը ապտակ է առաջին հերթին Հունգարիայի արդարադատությանը, և ընդհանրապես, ողջ եվրոպական արժեհամակարգին, որը մարդակենտրոն է, որտեղ բարձրագույն արժեքը մարդն է, նրա կյանքը, նրա հիմնական իրավունքներն ու ազատությունները:
Թույլ տվեք չհավատալ ձեր անկեղծությանը, որ փոխանցման համար Ձեզ բավարարել են ադրբեջանական կողմի ինչ-ինչ հավաստիացումներ:
Դուք պարտավոր էիք ադրբեջանական կողմից հավաստիացում և երաշխիք ստանալ առ այն, որ մարդասպանը պետք է Ադրբեջանում շարունակեր իր պատժի հետագա կրումը: Ավելին, նման հավաստիացում ստանալու պարագայում անգամ դուք պարտավոր էիք չփոխանցել մարդասպանին՝ գիտակցելով, որ այդ հավաստիացումները սին են, քանզի այդ մարդասպանը տարիներ շարունակ հերոսացվել է ադրբեջանական իշխանությունների կողմից:
Ես՝ որպես կոլեգա, Ձեր փոխարեն հրաժարական կտայի:
Սակայն Ձեր հրաժարականի դեպքում, անգամ, Գուրգեն Մարգարյանի ընտանիքը, հայ ժողովուրդը և ողջ առաջադեմ մարդկությունը Ձեզ հիշելու են որպես մարդասպանին «արդարացնող» մարդու:
Հիմք ընդունելով վերոշադրյալը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հայտարությունը՝ ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարում է ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրոպայի խորհրդում և մյուս միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հունգարիայի հանրային կառավարման և արդարադատության նախարարության հետ փոխհարաբերությունները խզելու մասին:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել