«Եվրոպական քոլեջ»-ն ընդդեմ ավագ դպրոցի
«Հետքը» նախորդ համարի «Արթուր Բաղդասարյանի համար դպրոցի տարածք են սեփականաշնորհել» հոդվածում ներկայացրել էր Ալավերդու թիվ 5 դպրոցի տնօրեն Լաուրա Մելիքսեթյանի եւ ծնողների բողոքը Ալավերդի քաղաքի Խուդյակով 2ա/22 հասցեում գտնվող դպրոցի մասնաշենքը «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամին հանձնելու վերաբերյալ:
Լաուրա Մելիքսեթյանը հայտնել է, որ մասնաշենքը հանձնելու Կառավարության որոշումը կայացվել է Արթուր Բաղդասարյանի բարձր հովանու ներքո, եւ մասնաշենքը նրա սեփականությունն է:
Հայտնել է նաեւ, որ մասնաշենքն այսօր էլ թիվ 5 դպրոցի հաշվեկշռում է, սեփականաշնորհման վկայականն իր մոտ է, 2009 թ. սեպտեմբերի 25-ին նոտարի կողմից վավերացված պայմանագրով 3 տարի ժամանակով դպրոցի մասնաշենքը վարձակալության է տրվել «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամին:
Սակայն պայմանագրով սահմանված ամսական 70,452 դրամ վարձակալության վարձավճարները առ այսօր դպրոցը չի ստացել հիմնադրամից: «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամի տնօրեն Տիգրան Գասպարյանը խմբագրությանն ուղղված իր պարզաբանմամբ (տպագրվել է մայիսի 26-ին «Հետքի» ինտերնետային կայքում) տեղեկացրել է.
«Ալավերդի քաղաքի Խուդյակով 2ա/22 հասցեում գտնվող Ալավերդու նախկին ինտերնատի շենքը փոխանցվել է համաձայն ՀՀ կառավարության 2010 թ. թիվ 851-Ա որոշման` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամին»:
Նա շրջանցել է քոլեջի եւ դպրոցի միջեւ առայսօր գոյություն ունեցող պայմանագիրը եւ դպրոցին ունեցած պարտքը:
Դպրոցի մասնաշենքը քոլեջին հատկացնելու մասին պարզաբանումներ «Հետքը» ստացել է Լոռու մարզպետ Արամ Քոչարյանից:
Ալավերդու թիվ 5 դպրոցի մասնաշենքը ՀՀ կառավարության 2010 թ. հունիսի 10-ի թիվ 851-Ա որոշմամբ հանձնվել է «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին:
Տեղյա՞կ եք որոշման մասին:
Ընդհանրապես ասեմ, որ այն կրթական հաստատությունները, որոնք օպտիմալացման արդյունքում ազատվել են, Կառավարությունը սահմանել է, որ այդ կարգի շենքերը պիտի օգտագործվեն միայն կրթական նպատակներով: Կառավարությունը նպատակահարմար է գտել այն շենքը, որը տարիներ շարունակ չի օգտագործվել, դրա մի հատվածը, ոչ ամբողջությամբ, ես կնայեմ, ինչեւէ, չի խախտվել էստեղ որեւէ օրենք, որովհետեւ Եվրոպական ակադեմիան կրթական գործառույթներ է իրականացնում, եւ շենքը տրամադրվել է իրենց կրթական գործընթացը շարունակելու համար:
ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ` Ալավերդու թիվը 5 դպրոցը ճանաչվել է ավագ դպրոց: Դպրոցի տնօրեն Լաուրա Մելիքսեթյանը գտնում է, որ ավագ դպրոցի կենսական պահանջներից մեկի կատարման` արհեստագործական արտադրամասերի ստեղծման գործում մասնաշենքը անփոխարինելի դեր պետք է ունենար: Ի՞նչ գնահատական կտաք այս դեպքում մասնաշենքի օտարմանը:
Իմ կարծիքն էսպիսին է, որ լավ պետք է ուսումնասիրել այս խնդիրը: Ավագ դպրոցը, իհարկե, լրացուցիչ պայմաններ պետք է ունենա: Եթե ավագ դպրոցի անցնելիս խնդիր կառաջանա, մասնաշենքի հարցը կքննարկենք, դա էդպես դոգմա չէ, եթե կարիքը կլինի, որ դպրոցի մասնաշենքը պիտի վերադարձվի, կամ էնտեղ լրացուցիչ տարածքների խնդիր առաջանա, սա կքննարկենք:
Մարզպետարանի կրթության բաժնի առաջատար մասնագետ Աշոտ Պապանյանը եւ թիվ 5 դպրոցի տնօրենը «Հետքին» հավատացնում էին, որ Դուք դեմ եք եղել մասնաշենքը «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին նվիրելու որոշման նախագծին, սակայն Կառավարությունը դա հաշվի չի առել:
«Մենք» ասածը ի նկատի ունեն մարզպետարա՞նը, թե՞ մարզպետին:
Ի նկատի ունեին անձամբ Ձեզ:
Նրանք իրավունք չունեին իմ անունից նման հայտարարություն անելու:
Դուք դեմ չե՞ք եղել:
Ասեմ` ոչ թե դեմ չեմ եղել, այլ մտածել եմ, որ դպրոցի այդ մասնաշենքը ամբողջությամբ միգուցե նպատակահարմար չէ հատկացնել, դրա մի մասը կարելի է թողնել հետագայում այլ կարգի խնդիրներ լուծելու:
Այսինքն` ինչպե՞ս հասկանանք դա:
Ես, ընդհանուր առմամբ, կողմ եմ, որ մասնաշենքը օգտագործվի միայն կրթական նպատակներով:
Դուք գրավոր եք տվե՞լ եք Ձեր համաձայնությունը:
Այո, մենք գրավոր տվել ենք մեր համաձայնությունը: Բայց որեւէ խոսակցություն այս թեմայով Արթուր Բաղդասարյանի հետ ես չեմ ունեցել:
Տեղյա՞կ եք 2009 թ. սեպտեմբերի 25-ին նոտարի կողմից վավերացված «Հայաստանում Եվրոպական քոլեջ հիմնադրամի» եւ թիվ 5 դպրոցի միջեւ կնքված` այդ մասնաշենքի վարձակալության մասին պայմանագրից: Գիտե՞ք, որ հիմնադրամը պայմանագիրը խախտել է եւ սահմանված վարձավճարներն առ այսօր չի վճարել դպրոցին:
Այ, դա նորություն է, ես չեմ իմացել այդ մասին, որ նրանք պայմանագրի կետը չեն կատարել, դա ուրիշ խնդիր է, Էդ պայմանագրի մասին ես նոր եմ լսում: Թե ինչու ինձ չեն ասել, մինչեւ էդ ես չեմ կարող ասել: Եթե ունեն նման պայմանագիր, իհարկե, պիտի վճարեին: Ես կպարզեմ, տեսնեմ` ինչ է եղել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել