Քննարկվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հետ կապված հարցեր
ԱԺ «Հայաստան» խմբակցությունն «Առողջության իրավունք» եւ «Բժշկի ձայն» հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ մարտի 13-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում «Առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրությունը Հայաստանում. հիմնախնդիրներ» թեմայով: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից։
«Նշենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 25-ից ուժի մեջ է մտել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն էլ 2026 թվականի հունվարի 1-ից իրականացվում է Առողջության համընդհանուր ապահովագրության փուլային ներդրում:
Աշխատանքային քննարկմանը մասնակցում էին ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ, գործող բժիշկներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, մասնագետներ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, քննարկումը վարող Արմենուհի Կյուրեղյանը տեղեկացրել է, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը եւ ոլորտային պաշտոնատար այլ անձինք եւս հրավիրվել են մասնակցելու քննարկմանը, սակայն նախարարից ստացվել է պատասխան, ըստ որի՝ համապատասխան քննարկումներ նախատեսված է ունենալ համակարգի ներդրումից հետո, երբ կվերլուծվեն եռամսյա տվյալները: Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ նախարարությունն ուղիղ կապի մեջ է ոլորտի առանձին մասնագետների, տարբեր ասոցիացիաների եւ հասարակական կազմակերպությունների հետ:
Քննարկման մասնակիցները կարեւորել են Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը՝ անդրադառնալով առկա հիմնախնդիրներին, որոնցից հիմնականը, ըստ նրանց, բժիշկների ծանրաբեռնվածությունն էր եւ նրանց վարձատրության անհամաչափ մեթոդաբանությունը:
Ելույթ ունեցողները ներկայացրել են բժիշկների բողոքները, նշել յուրաքանչյուր բուժծառայության համար փոխհատուցվող վարձատրության չափերը, ինչը, ըստ նրանց գնահատականների, ի վնաս բժիշկների է: Հնչել են նաեւ առաջարկներ, որոնց դրական են արձագանքել քննարկման մասնակիցները:
Ելույթ ունեցողները նշել են, որ տվյալ քննարկման նպատակը ոլորտում առկա խնդիրների հետ առերեսվելու ցանկությունն է, ինչպես նաեւ բժշկի արժանապատվության վերականգնումն ու առկա թերությունների վերացումը»,- ասված է հաղորդագրությունում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել