HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի հանրային խորհուրդ. Ադրբեջանի պետական մտածողությունը վայրի է ու կենդանական

ՀՀ Հանրային խորհրդի հայտարարությունը՝ Ադրբեջանի ԶՈւ սպա Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջան տեղափոխելու վերաբերյալ

ՀՀ Հանրային խորհուրդը խստորեն դատապարտում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին 2004 թ. ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈւ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը կրելու համար Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջան տեղափոխման փաստը:

Ակնհայտ է, որ Բուդապեշտը Ռամիլ Սաֆարովին «վաճառեց» Բաքվին, և որևէ արդարացում կամ հայտարարություն հունգարական իշխանությունների կողմից չի կարող վերախմբագրել այդ փաստը:

Հունգարիայի իշխանություններն այս քայլով հիմք տվեցին հայ հասարակությանը թերահավատորեն վերաբերվել համամարդկային արժեքներ քարոզող եվրոպական ընտանիքին և դրան միանալու իր որդեգրած ուղուն, քանի որ այդ ընտանիքի անդամ պետություններից մեկը բացահայտորեն ոտնահարում է իր իսկ դավանած սկզբունքները:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա առաջին հերթին լրջորեն մտահոգվելու առիթ ունի ադրբեջանական հանրությունը, քանի որ պետական մակարդակով հերոսացվում և ժողովրդին է հրամցվում մի կերպար, որը ոչ այլ ինչ է, քան սովորական հանցագործ՝ ընդունակ կացնահարելու քնած մարդուն:

Սա վկայում է ադրբեջանական պետական մտածողության վայրի ու կենդանական լինելու մասին, մտածողություն, որտեղ բացակայում է համամարդկային արժեքների որևէ նշույլ: Ցանկացած սթափ և առողջ դատողություն ունեցող ադրբեջանցի չի կարող դա ընդունել:

Ադրբեջանի բարձրագույն իշխանությունները, ստեղծելով, խրախուսելով և տեր կանգնելով «ռամիլսաֆարովներին», ապացուցում են, որ ընդունակ են ամենաանհավանական հանցանքներին, և դրա վտանգը պետք է գիտակցի ոչ միայն Հայաստանը, այլև միջազգային ողջ քաղաքակիրթ հանրությունը:

Մենք ուշադրությամբ կհետևենք միջազգային հանրության արձագանքին, որը, հուսով ենք, համահունչ չի լինի հունգարական իշխանությունների կատարած հակաբնական և հակաքաղաքակիրթ քայլին:

ՀՀ Հանրային խորհուրդ
01.09.2012 թ.

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter