HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայր Աթոռում գումարվել է Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ ժողով՝ ադրբեջանցի հանցագործի ազատ արձակման առթիվ

Սեպտեմբերի 1-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ ժողով:

Գերագույն հոգևոր խորհուրդը վրդովմունքով և մտահոգությամբ անդրադարձավ Բուդապեշտում 2004 թ. ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին ազգային ատելության հողի վրա քնած վիճակում դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈւ սպա Ռամիլ Սաֆարովի` Հունգարիայի իշխանությունների կողմից արտահանձնման և Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելու իրողությանը և հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ.

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին խստիվ դատապարտում է մարդասպան Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին հանձնելու և Ադրբեջանի նախագահի որոշմամբ ներման միջոցով ոճրագործին արդարացնելու փաստը: Կատարվածը հերթական դրսևորումն է Ադրբեջանի իշխանությունների որդեգրած հայատյաց քաղաքականության: Ցավոք, ժողովրդավարության և արդարադատության սկզբունքներ դավանող ԵՄ անդամ Հունգարիան, ոտնահարելով եվրոպական արժեհամակարգի բարոյական նորմերը, պախարակելի համագործակցությամբ սատարեց Ադրբեջանում հերոսացված մարդասպանին ազատ արձակելու նենգ ծրագրին, որը հղի է ազգային և կրոնական պատկանելության հողի վրա սպանությունների վտանգով: Մարդկային կյանքը աստվածատուր է, և կանխամտածված մարդասպանության ոճրագործությունը` ոճիր մարդկության և Աստծո դեմ:

Կոչ ենք ուղղում Հայ Եկեղեցու բոլոր սպասավորներին, աշխարհասփյուռ մեր ժողովրդի հավատավոր զավակներին միասնական ոգով բողոքի իրենց ձայնը հնչեցնելու տեղական հոգևոր և աշխարհիկ իշխանությունների առջև` հանուն մեր ազգային իրավունքների պաշտպանության: Դիմում ենք նաև մեր Քույր Եկեղեցիներին և կրոնական բոլոր կազմակերպություններին` դատապարտելու այս իրողությունը և իրենց ձայնը բարձրացնելու հանուն արդարության և ճշմարտության»:

Գերագույն հոգևոր խորհուրդը նաև խնդրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին այս առնչությամբ դիմելու կրոնապետերին, ինչպես նաև առանձին պետությունների, միջազգային կազմակերպությունների և կրոնական ու հասարակական կառույցների ղեկավարներին:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգ

Մեկնաբանություններ (2)

drizzlebrain
Քանի դեռ Գերագույն հոգևոր խորհրդն ընտրողաբար է դատապարտում ապօրինությունները` լռում ներերկրյա հանցագործությունների դեպքում, և հիշում կամ հիշեցնում իր գործառույթի մասին միայն միաջազգային սկանդալի դեպքում, որքանով է ակնկալելի, որ այն կարող է համարվել ծանրակշիռ ու հեղինակություն ներկայացնող ատյան, որի կոչը չի ընկալվի որպես զավեշտ ու չի արժանանա քամահրանքի:
ominac
այս հարցը ինչպէ՞ս կղերականներու գործ է, Էջմիածինի հիմնանան գործը կարծես եկեղեցիներու մօտ սրճարաններէն տոկոսներ առնելով զբաղուած են եւ աս տեսակ առիթներու յայտարարութիւններ կընեն միայն ժողովուրդը շփոթեցնելով համար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter