HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թե ինչպես հայտնվեցի Իրանի քաղաքացիների բիզնես ծրագրում

Ես՝ Լիլյա Ալեքսանյանս, 19.07.2006թվ. Իրանի քաղաքացիներ Սիմոն Անդունիի, Սիմոնյան Ղարղանիի, Սամիկ Բուղաչյանի, Վարուժ Մինասյանի հետ Արաբկիր համայնքի Գր.Արծրունի փողոցի 8 հարկանի շենքում բնակարան ձեռք բերելու համար կնքեցի նախնական պայմանագիր և այդ պահին էլ վճարեցի բնակարանի գումարը ամբողջությամբ:

25.11.08 թվ. Իրանի քաղաքացիները (վերը նշված) հրավիրում են «ժողով»՝ համատիրություն ստեղծելու նպատակով: Ինձ չեն տեղեկացնում «ժողովի» մասին: Խախտում են «Համատիրությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով շենքի բոլոր բնակարանների սեփականատերերի պարտադիր մասնակցությունը:

Քանի որ բնակարանների մեծամասնությունը դեռ չէր վաճառվել, այսինքն՝ իրենցն էր, իսկ ինձ և եղած սեփականատերերին էլ չէին տեղեկացրել, Իրանի մի քանի քաղաքացիներով ստեղծում են «Նոր Ջուղա» համատիրությունը:

23.03.2008 թվ. «Նոր Ջուղա» համատիրությունը հրավիրում է «ժողով», որի մասին նորից ինձ չեն տեղեկացնում, նշանակում է 11500 դրամ վարձավճար:

30.03.2008 թվ. «Նոր Ջուղա» համատիրության նախագահ Մհեր Տեր-Գրիգորյանը ինձ գրությամբ տեղեկացնում է, որ 1.04.2008 թվ. Գր.Արծրունի 78/3 շ. «Նոր Ջուղա» համատիրությունը և համատիրության վարչությունը յուրաքանչյուր բնակարանի համար սպասարկման վարձ է նշանակում ամսական 11500 դրամ, և օգոստոսին կկայանա «ժողով», որտեղ կքննարկվեն տարեկան բյուջեն և ծախսերը:

Այսինքն՝ շենքի վարչությունը նշանակում է կամայական գին, որից հետո նոր օգոստոսին պետք է քննարկեն տարեկան բյուջեն և ծախսերը: Օգոստոսին կայանալիք «ժողովին» ինձ նորից չեն հրավիրում: Խախտելով օրենքը, չունենալով «Նոր Ջուղա» համատիրության հետ կնքած պայմանագիր, անտեսելով իմ՝ սեփականատիրոջ իրավունքները՝ կայացրել են «որոշումներ», որոնք մի քանի հոգու կամայական ցանկություններն են:

Այսպես ես հայտնվեցի, անկախ իմ կամքից, Իրանի քաղաքացիների բիզնես ծրագրում:

28.11.11թվ. «Նոր Ջուղա» համատիրությունը, դիմելով առաջին ատյանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն դատարան, ինձանից 345000 դրամի բռնագանձման պահանջ է ներկայացրել:

24.07.12 թվ. դատարանը պարզեց, որ (ամսական վարձ՝ յուրաքանչյուր բնակարանի համար 11500 դրամի չափով) խախտել են «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ կետը, համաձայն որի՝ վճարի չափը սահմանվում է՝ ելնելով շենքի բաժնային սեփականության մեջ նրա բաժնի չափից:

Դատարանը համարում է, որ դրսևորելով կամայականություն, խախտելով վերը նշված օրենքը՝ հայցն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ օրենքի խախտմամբ պարտադիր նորմի գումարների սահմանումը չի կարող դիտվել իրավաչափ:

Ես միշտ պատրաստ եմ եղել վճարելու ՀՀ-ում գործող պետական սակագներով, սակայն «Նոր Ջուղա» համատիրության նախագահ Ժենո Պարսամյանի բիզնես ծրագրում դա չնչին գումար է համարվում: Տարեկան վճարում եմ իմ գույքահարկը:

Որպեսզի Ժենո Պարսամյանը իր բիզնեսից չզրկվի, 2012թվ. նամակով ինձ ժողովի է հրավիրում, որը կկայանա օգոստոսի 26-ին՝ ժամը 18-ին: Նամակի մեջ՝ գրություն, որտեղ 60 ԱՄՆ դոլար է պահանջում՝ բացի ամսական 11500 դրամից: Սա վկայում է Ժենո Պարսամյանի կողմից գումար կորզելու անհագ ցանկության մասին:

Ներկա լինելով «ժողովին»՝ ականատես եղա, որ 64-ից ներկա էր 12 սեփականատեր, մնացած մարդիկ անծանոթ էին, խնդրեցի ներկա-բացակա անել, բայց չարեցին: Մեծ դժվարությամբ նկարեցի մի քանի կադր, որպեսզի պարզ լինի, որ «ժողով» չի կայացել, քանի որ նույնիսկ դրսից եկած մարդկանց խումբը սեփականատերերի հետ միասին քվեն չապահովեց:

Ժողովին ճանաչեցի Տիգրան Դավթյանին, նրա կնոջը՝ Իրենին, աղջկան, որոնցից ոչ մեկն էլ չունի ոչ լիազորագիր, ոչ էլ սեփականատերեր էին: Որպես գլխաքանակ գուցե կային 2-3 լիազորագրեր, որոնք հանձնվել էին լրիվ անծանոթ մարդկանց: Լիազորագրերը պետք է վերլուծեր ու ստուգեր տվողի տվյալները, այն մարդկանց անձնագրերը, որոնք ներկա էին: Մի խոսքով, դա «ժողով» չէր, այլ ֆարս էր: Նկարելով «ժողովին» ներկա գտնվողներին՝ ես դուրս եկա:

Տիկին Ժենիկը ցանկանում էր յուրաքանչյուր բնակարանի քառակուսի մետրի գումարը սահմանել 160 դրամ, իսկ ՀՀ-ում բազմաբնակարան շենքի գումարը քառակուսի մետրի դիմաց 8-15 դրամ է: Այդ ինչպե՞ս է, որ այդ գումարը այլ շենքերի տանիքների, վերելակի սպասարկման, մաքրությանը բավարարում է, իսկ նորակառույց շենքին, որտեղ բնակվում է բնակիչների 20 տոկոսը, քանի որ նրանք Իրանի քաղաքացիներ են, չի բավարարում:

Նշեմ նորակառույց շենքեր, որոնք անգամ համատիրություն չունեն. Վ. Համբարձումյան 71շ.75 H, 14/4շ., Ավետիսյան 112շ., Արաբկիր 21փ. 10շ., Աղբուր Սերոբ 6/2 շ.:

Իսկ Գր.Արծրունի 78/3 շ. իր 64 բնակարանի սեփականատերով պահում է կառավարիչ, նախագահ, վարչության 3 անդամ, պահակ, հաշվապահ, տնտեսվար, որոնք միայն աշխատավարձ և պարգևատրում են ստանում, բայց հարկայինում գրանցված չեն:

Մնում է միայն պարզել՝ քվեն չապահոված Ժենո Պարսամյանը իր սրտի ցանկությամբ նշանակած քառ. մետրի դիմաց 160 դրամը կորզելո՞ւ է բնակիչներից, թե՞ ոչ:

Լիլյա Ալեքսանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter