2025թ. աշխատանքներ են իրականացվել ավելի քան 320 դպրոցում և 499 նախադպրոցական հաստատությունում. ԿԳՄՍ նախարար
Մեր հատուկ ուշադրության կենտրոնում է եղել 300 դպրոցների եւ 500 մանկապարտեզների մեծածավալ ծրագիրը: Դրա շրջանակում 2025 թվականին աշխատանքներ են իրականացվել ավելի քան 320 դպրոցում եւ 499 նախադպրոցական հաստատությունում: Տարեվերջի դրությամբ ավելի քան 100 դպրոցում եւ շուրջ 280 մանկապարտեզներում ու նախադպրոցական հաստատություններում ավարտված էին աշխատանքները: Պետք է ասեմ, որ այս թվերն ամեն օր փոխվում են: Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում մարտի 17-ին քննարկման ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:
«Նախատեսվում է, որ ընթացիկ տարեվերջին աշխատանքներն ավարտված կլինեն ավելի քան 300 դպրոցում եւ 500-ից ավելի մանկապարտեզում:
Նախարարը հայտնել է, որ հանրակրթության նոր չափորոշիչը 2025 թվականի սեպտեմբերից ներդրվել է բոլոր դպրոցների 1-11-րդ դասարաններում: Չափորոշչի ներդրմանը համընթաց ստեղծվել են նոր դասագրքեր, մշակվել է ուսումնական նոր բովանդակություն: 2023-2025 թվականներին ընդհանուր առմամբ ստեղծվել է 158 անուն դասագիրք: Մրցակցային ընթացակարգերի արդյունքում մեկ դասագրքի արժեքը միջին հաշվով նվազել է 23-26 տոկոսով: Եկամուտների համընդհանուր հայտարարագրման շրջանակում նաեւ ամրագրվել են 5-12-րդ դասարաններում սովորողների ծնողների համար դասագրքերի վարձավճարների դիմաց տարեկան 3.000 դրամ սոցիալական կրեդիտի ճանաչում եւ հետվերադարձ, որի շահառու է ավելի քան 300.000 երեխա: Հաշվի առնելով նաեւ դասագրքերի՝ ըստ դասարանների վարձավճարների տարեկան չափերի նվազումը նոր մրցակցային ընթացակարգերով՝ այս հանգամանքը վարձավճարը նվազեցնում է աշխատող ծնողի համար 5-րդ եւ 6-րդ դասարաններում՝ դասագրքերը դարձնելով, ըստ էության, անվճար: Բոլոր դասարանների համար վարձավճարը կնվազի միջինը շուրջ 66 տոկոսով:
Շուրջ 800 դպրոց կամ դպրոցների 70 տոկոսն ապահովված է ժամանակակից բնագիտական եւ ինժեներական լաբորատորիաներով:
Նախարարը ներկայացրել է նաեւ մյուս ոլորտներում տարվա ընթացքում իրականացված աշխատանքները: Մասնավորապես, սպորտի բնագավառում ՀՀ մարզիկները 2025 թվականին նվաճել են 357 մեդալ, որից 114-ը՝ ոսկե, 113-ը՝ արծաթե եւ 130-ը՝ բրոնզե: Մեդալներից 42-ը կամ 12 տոկոսը նվաճել են կանայք: 2024 թվականից սկսած՝ նվաճած մեդալների համամասնության մեջ գերակշռում են ոսկե մեդալները՝ կազմելով 32 տոկոս. կրկնապատկվել են կին մարզիկների նվաճած մեդալները: Հաշմանդամություն ունեցող մարզիկները նվաճել են 37 մեդալ:
Ժաննա Անդրեասյանը պատասխանել է պատգամավորների հարցերին եւ դիտարկումներին, տվել պարզաբանումներ:
Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն անդրադարձել է վերջին շրջանում «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի չկատարման մասով շրջանառվող որոշ լուրերի եւ փաստել, որ մինչեւ տարեվերջ ծրագրով նախանշված պատրաստի վիճակում կլինի ավելի քան 300 դպրոց: Նա դրական է համարել ծրագրի իրականացման ընթացքը, նշել, որ դպրոցը մեկ կամ երկու օրում չի կառուցվում:
Ուսուցիչների ատեստավորման մասով հանձնաժողովի նախագահը հստակեցրել է, որ երկրորդ անգամ դրական ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձերի էական բարձրացում է նախատեսվում: Դրույքաչափի բարձրացում է նախատեսվելու նաեւ:
Սիսակ Գաբրիելյանը խոսել է նաեւ ավագ դպրոցներում ընդունելության էլեկտրոնային համակարգի ներդրման, դպրոցներին կից կառուցված մարզադահլիճների բացօթյա հատվածը մինչեւ ուշ երեկո աշակերտների համար բաց լինելու, մարզերի մանկապարտեզներում մսուրային խմբեր բացելու կարեւորության մասին: Նա առաջարկել է դիտարկել նաեւ մասնավոր թատերախմբերի ֆինանսավորման հարցը:
Սփյուռքի բնագավառում կատարված աշխատանքներին, առկա խնդիրներին հաջորդիվ անդրադարձել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Նրա խոսքով 2025 թվականին 2 երկրում՝ Բրազիլիայում եւ Ֆրանսիայում, նշանակվել է 2 սփյուռքի գործերի հանձնակատար:
Հաշվետու տարում կայացել են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի այցերը 13 երկրի 40 տարբեր քաղաքների հայ համայնքներ: Այցերի շրջանակներում կայացել են ավելի քան 180 միջոցառում եւ հանդիպում:
Օգոստոսի 5-7-ը Երեւանում կայացել է Ազգային երիտասարդական 2-րդ համաժողովը, որին մասնակցել է 778 հայ երիտասարդ աշխարհի 56 երկրից: Համաժողովի քննարկումներում հանդես է եկել 120 բանախոս 32 երկրից:
2024-2025 թվականներին «Սփյուռքի երիտասարդ դեսպան» միջոցառմանը մասնակցել է 28 երիտասարդ 18 երկրից, իսկ 2025-2026 թվականների միջոցառմանը՝ 27 երիտասարդ 14 երկրից: 2024-2025 թվականներին միջոցառման մասնակիցների կողմից համայնքներում կազմակերպվել է 320-ից ավելի միջոցառում: Հանձնակատարը ներկայացրել է նաեւ մյուս աշխատանքները:
Հարցուպատասխանի ընթացքում Զարեհ Սինանյանը մանրամասնել է մի շարք ծրագրերի ընթացքը, մասնավորապես, հայապահպանության եւ հայկական օրակարգի առաջմղման համատեքստում երիտասարդների շրջանում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը: Մի շարք թեմաների շրջանակում անդրադարձ է եղել նաեւ Սփյուռքի հայկական կրթօջախների համար մի շարք ուսումնական ձեռնարկների եւ դասագրքերի հասանելիությանը՝ նաեւ թվայնացված ձեւաչափով:
Զեկույցին կարելի է ծանոթանալ այստեղ:
Փաստաթուղթն ընդունվել է ի գիտություն»,- հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել