HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմինե Օհանյանի խմբագրական նյութի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ բռնության կոչեր անելու հոդվածով

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին այսօր՝ 2026թ.  մարտի 17-ին, վկայի կարգավիճակով հրավիրել են Քննչական կոմիտե: Արմինե Օհանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ քրեական վարույթ նախաձեռնելու հիմքը եղել է 2024թ. տարեվերջին հրապարակած խմբագրական նյութը:

Նշենք, որ քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 422 հոդվածի հատկանիշներով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը:

Ա. Օհանյանը չմանրամասնեց, թե որ հոդվածի հիման վրա է վարույթ նախաձեռնվել, քանի որ նախաքննական գաղտնիք է: 

«Այնտեղ տեսել են կոչերի տարրեր, քրեական վարույթ են հարուցել, քննչական գործողություններ են կատարել, որը տևել է մեկ տարի: Հասել են մի փուլի ու ինձ այսօր կանչել էին հարցաքննության որպես վկա: Փաստաբանիս հետ գնացել եմ, հրաժարվել եմ ցուցմունք տալ՝ օգտվելով  իմ սահմանադրական իրավունքից: Քննիչն արձանագրեց, ֆիքսեց, լիքը թղթեր ստորագրեցի ու ասացին, որ կտեղեկացնեն հետագա ընթացքի մասին»,- ասում է «Հրապարակի» գլխավոր խմբագիրը և հավելում, որ վարույթի մասին 2 օր առաջ է իմացել, այն էլ՝ երբ քննիչը զանգել և հրավիրել է հարցաքննության:

«Այս երկրում մնացել են մի քանի խոսող մարդիկ, ուզում են բերանները փակեն: Մի կողմից քաղաքացիական հայց են ներկայացնում մեր դեմ, 1 մլն դրամ են պահանջում, մյուս կողմից քրեական վարույթ են նախաձեռնում: «Հրապարակը» դարձել է իրենց կոկորդում մնացած ոսկոր: Հիմա էլ «Ֆեյսբուքում» եմ գրում, ցնցումների մեջ են ընկնում: Իրենց թվում է՝ ամեն տառ, բառ ասողն իրենցից քվե է խլում»,- նշում է Ա. Օհանյանը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝  քրեական վարույթը կարճվելու է: Ա. Օհանյանի նյութն ուղարկել են դատալեզվաբանական, դատահոգեբանական փորձաքննության: Մոտ մեկ տարի անց ստացվել է փորձագիտական եզրակացությունը ու պարզվել է, որ այն բռնության կոչ չի պարունակում:  Քննչական կոմիտեից չեն մեկնաբանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter