HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մայիսի 25-ը՝ «Տաշիր Կապիտալի» համար ՀԷՑ-ը բանակցություններով վաճառելու վերջնաժամկետ

«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն 2026թ. մարտի 11-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ կառավարության դեմ՝ պահանջելով հաստատել, որ մինչև 2026թ. մայիսի 25-ն իրավունք ունի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության իր 70% բաժնեմասը վաճառել Կառավարության հետ համաձայնեցված կարգով։ Միաժամանակ «Տաշիր Կապիտալ» ընկերությունը խնդրել է Վարչական դատարանին ժամանակավոր միջոցներ կիրառել, որպեսզի այդ իրավունքը չկորցնի մինչև վճռի կայացումը։ Հայցադիմումը մարտի 17-ին ընդունվել է վարույթ, մասամբ բավարարվել է նաև «Տաշիր Կապիտալի» ժամանակավոր պահանջը։

Կառավարությունը՝ ի դեմս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, 2026թ. փետրվարի 17-ի գրությամբ «Տաշիր Կապիտալ» ընկերությանն առաջարկել է Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով օտարել «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) 100 տոկոս բաժնետոմսը։ Գրությամբ միաժամանակ հայտնել են, որ մինչև 2026թ. փետրվարի 21-ը պատասխան չներկայացնելը կդիտարկվի որպես Կառավարության կողմից ներկայացված առաջարկի մերժում։ 

Ընկերությունը պնդում է, որ չի հասցրել օգտվել այդ իրավունքից, քանի որ առաջարկի մասին ծանուցումը ստացել է սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ փետրվարի 25-ին։ Այսինքն՝ ընկերությունը փաստացի զրկվել է իր գույքն ինքնուրույն, բանակցություններով վաճառելու հնարավորությունից։ Ընդ որում՝ հնարավոր է բանակցություններով ավելի թանկ օտարի։

«Էներգետիկայի մասին» օրենքի  համաձայն՝ եթե անձը հրաժարվում է իր գործունեությունը շարունակելուց, կամ նրա լիցենզիայի գործողությունը դադարեցվել է, ապա Կառավարությունը բաժնետերերին առաջարկում է իր հետ համաձայնեցված կարգով օտարել այդ ընկերության բաժնետոմսերը, գույքը կամ լիցենզավորված գործունեությունն ապահովող` իր սեփականությունը հանդիսացող գույքային համալիրը: Օտարումը եռամսյա ժամկետում չիրականացվելու դեպքում կարող է օտարվել հանրային գերակա շահի կարգավորումներից։

Տվյալ դեպքում Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը 2025թ. նոյեմբերի 17-ին դադարեցրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիայի գործողությունը՝ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով: Հետևաբար եռամսյա ժամկետը հաշվվում է հանձնաժողովի որոշումը հրապարակվելու կամ ստանալու պահից։

Դատարանը մասամբ բավարարել է «Տաշիր Կապիտալ» ընկերության միջնորդությունը։ Ժամանակավորապես ճանաչվել է Կառավարության առաջարկության հիման վրա համաձայնեցված կարգով ՀԷՑ-ի 70% բաժնեմասը օտարելու հնարավորությունը։

Մինչև մայիսի 25-ը կասեցվել է եռամսյա ժամկետը, որի ընթացքում պետք է իրականացվի վաճառքը։ 

Դատարանը եզրակացրել է, որ  ներկայացված հայցապահանջի շրջանակներում հայցի ապահովում չկիրառվելու դեպքում ընկերությունը փաստացի զրկվելու է իրեն օրենքով վերապահված իրավունքն իրացնելու իրական հնարավորությունից։ Այլ կերպ ասած՝ թեև առերևույթ պահպանված է «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի հետ համաձայնեցված կարգով ընկերության բաժնետոմսերն օտարելու առաջարկություն անելու կարգը, սակայն իրականում այդ իրավունքի իրացումը կարող է դառնալ անհնար։ Հետևաբար հայցի ապահովում չկիրառելու դեպքում կիմաստազրկվի ընկերության դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի իրականացումը, քանի որ այդ իրավունքների իրականացման արդյունքում ակնկալվող նպատակին այդպես էլ չի հասնի:

Ընկերությունը պահանջել էր նաև, որ դատարանն արգելի Կառավարությանը օտարումն իրականացնել հանրային շահի կարգավորումներով։ Վարչական դատարանը մերժել է այդ պահանջը՝ փաստելով, որ օրենքը թույլ չի տալիս կասեցնել հանրային գերակա շահի հիմքով հնարավոր օտարման գործընթացը։

Նշենք, որ հայցի ապահովման միջոց կիրառելու մերժված մասով դատարանի որոշումը կարող է 5-օրյա ժամկետում բողոքարկվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter