HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

«Հայաստանում ընտրություն չկա, կլանի վերարտադրությունն է կոսմետիկ փոփոխություններով». «Ժառանգության» Վանաձորի տարածքային ղեկավար

Վանաձորի ՏԻՄ ընտրություններում ակտիվ են ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, որոնք երկուսն էլ քաղաքապետի թեկնածու ունեն: Ի տարբերություն «Ժառանգության» և ՕԵԿ-ի, որոնք ընդհանրապես չեն մասնակցում առաջիկա ընտրություններին՝ ՀԱԿ-ն ու Դաշնակցությունը մի քանի` 5 կոնգրեսական և 2 դաշնակցական, թեկնածու են առաջադրել ավագանու անդամության համար:

Կուսակցությունների գերադաս մարմինները քաղաքապետի թեկնածության վերաբերյալ քաղաքական հայտարարություն չարեցին, տարածքային գրասենյակներն էլ նրանցից անկախ որոշում չկայացրին, ինչպես օրինակ ՀՀԿ-ի դեպքում, երբ գործող քաղաքապետի թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ որոշումը, ՀՀԿ Լոռու մարզային խորհրդի կողմից կայացվելով, ուղարկվեց կուսակցության գործադիր մարմնին:

Կուսակցությունները թեկնածու չառաջադրեցին և առաջադրվածներից որևէ մեկին չեն սատարում, ուստի կուսակցականներն ու համակիրները Վանաձորում ազատ են կատարելու իրենց ընտրությունը: Համենայնդեպս, այդպես են հավատացնում կուսակցությունների Վանաձորի տարածքային ղեկավարները: Վերջիններս ճնշվածության ու հիասթափության տրամադրություն ունեն: ՀԱԿ գրասենյակի ղեկավար Աշոտ Մանուկյանն, օրինակ, ընտրության արդյունքների հետ ոչ մի հույս չի կապում: Նրա համոզմամբ`նույնիսկ ներկայիս քաղաքային իշխանությունների փոփոխության դեպքում կենտրոնական իշխանությունների քաղաքական կուրսը շարունակվելու է:

Առաջիկա ընտրությունների նկատմամբ անտարբեր է նաև «Ժառանգության» Վանաձորի տարածքային ղեկավարը` Գառնիկ Սահակյանը: Հիշեցնենք, որ նրանք երկուսն էլ ԱԺ ընտրություններում մեծամասնական ընտրակարգով կուսակցությունների առաջադրած թեկնածուներ էին թիվ 30 ընտրատարածքում, որտեղ պատգամավոր ընտրվեց անկուսակցական Էդմոն Մարուքյանը: Գառնիկ Սահակյանը նաև Վանաձորի քաղաքապետի թեկնածու էր 2008-ին և հավաքած ձայների քանակով երրորդն էր հանրապետականներ Սամվել Դարբինյանից ու Էդվարդ Խլղաթյանից հետո:

«Հետքը» զրուցել է Գառնիկ Սահակյանի հետ

-Խորհրդարանական ընտրություններից հետո ասում են, որ քաղաքից հեռանում եք:

-Անշարժ գույք ունեմ, վաճառում եմ: Ոչ թե խռովել եմ, հեռանում եմ, այլ դրսում բիզնես դնելու համար, որտեղ գործարարը գնահատվում է: Բայց դե, ոչինչ չի վաճառվում, ահավոր բան է: Անշարժ գույքի գները չէի պատկերացնում` այսքան ընկել են, որ ապրանք ունես ու չես կարողանում ծախել: Երկու ամիս շարունակ թերթով հայտարարություն է գնում ու չի վաճառվում: Բոլորը վաճառող են, յուրաքանչյուր 100 վաճառողին մի գնորդ չկա: Այս փողոցում ինչքան խանութ կա, վաճառվում են: Մարդիկ չեն կարողանում աշխատել:

-Այսինքն` Վանաձորում բիզնես չկա՞:

-Ամբողջ հանրապետությունում է այդպես: Փոքր ու միջին բիզնեսը կուլ է գնում, խոշորը ավելի է խոշորանում: Դրա դեմ ոչ մի բան չի արվում ոչ օրենսդրական դաշտում, ոչ էլ ցանկություն ունեն կառավարությունն ու իշխանությունը գործնական քայլերով դրա դեմն առնել, որովհետև այդ խոշոր բիզնեսի հիմնական կրողները հենց բարձրագույն իշխանության ներկայացուցիչներն են: Բիզնեսն ու իշխանութունը սերտաճած են. և ուժն է նրանց ձեռքում, և փողը:

-Ելք չկա՞:

-Ելքը ո՞րն է: Ես չգիտեմ, չգիտեմ, թե ոնց կլինի:

-Առաջիկա ՏԻՄ ընտրությունները, օրինակ, կարող են փոքր, տեղային լուծում լինել կոնկրետ Վանաձորի համար:

-Իրեն հարգող մարդը ընտրության չի գնա, ուղղակի տնից դուրս չի գա, թե գնում եմ քաղաքապետ ընտրեմ:

եպտեմբերի 9-ին չե՞ք իրացնելու Ձեր սահմանադրական իրավունքը: Ո՞ւմ եք թողնելու Ձեր քվեն:

-Դա արժեք չունի, դա դեր չի խաղում: Եթե բացակաների հաշվին 2-3 հոգի գալիս քվեարկում է, գնամ ի՞նչ անեմ: Այդ պատը ես գլխով քանդելու հնարավորությունը չեմ տեսնում, դա իմ ուժից վեր է: Հիմա ավելի հոգեհարազատ բաներով եմ զբաղվում` բիզնեսով, ինքնակրթությամբ: Բացառվում է, ես չեմ գնալու ընտրության, հնարավոր է` նախագահականին էլ չգնամ: Ինչ ընտրություն:

-Եվ գործող քաղաքապետը կվերընտրվի 5-րդ անգամ:

-Թող 6-րդ անգամ վերընտրվի: Այս է ուզում մեր ժողովուրդը: Թեկնածուների կենսագրությանը նայեք, անցած ճանապարհին, նրանց կրթությանը նայեք: Ով են եղել կյանքում, ինչ են եղել: Երբ 2008-ին զանգեցին ասացին` ինչ ես մտածում քաղաքապետի համար առաջադրվելու վերաբերյալ, ասացի` հո չեք գժվել, չեմ կարող, որովհետև Վանաձորում դատախազ են խփում, մարսում են, Վանաձորում մաֆիա է: Հետո կարողացա վախի սինդրոմս հաղթահարել, պատրաստվել` հասկանալով, որ հաջողություն չեմ ունենա: Ու երբ չանցա, ճնշումս իջավ նորմայի: Քաղաքապետ լինելը գիտեք հեշտ գո՞րծ է: Քաղաքապետի աշխատանքը ստեղծագործ աշխատանք է, չափազանց ստեղծագործ աշխատանք:

-Նայած ում վերաբերյալՀիասթափվա՞ծ եք, պարոն Սահակյան:

-Դու հիասթափված չե՞ս:

-Բայց դուք պայքարող եք, պայքարի ճանապարհ եք անցել:

-Կտեսնեմ՝ պայքարի բան կա, էլի կլծվեմ: Մենակ ի՞նչ անեմ… Ընդհանրապես ընտրական պրոցեսի նկատմամբ բացարձակ անտարբեր եմ ու հիասթափված թե ընտրողից, թե ընտրությունը կազմակերպող պետական ստրուկտուրաներից, որովհետև… ընտրությունը Հայաստանում ո՞րն է: Ընտրական օրենսգիրքը չի տալիս հնարավորություն, որ անգամ մի խուլ գյուղում ընդդիմությունը գյուղապետ ունենա: Էլ ինչ մնաց Վանաձորի պես քաղաքում կամ Գյումրիի պես քաղաքում: Ընտրություն Հայաստանում չի լինելու առաջիկա 25-30 տարվա մեջ, այս զարգացումներով Հայաստանում չի լինելու: Քանի որ հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները դեռևս կան, կենդանի են, մարտի 1-ի կազմակերպիչները դեռևս կան, այդ մարդիկ թույլ չեն տա, որ պետական հեղաշրջման այդ 2 մեծ հանցագործությունները բացահայտվեն: Հայաստանում ընտրություն կարող է լինել միայն հեղափոխական ճանապարհով: Մոռացեք, Հայաստանում ընտրություն չկա, կլանի վերարտադրությունն է` կոսմետիկ փոփոխություններով:

-Այդ դեպքում ինչո՞ւ է արվում այս ամբողջ ձևականությունը` թեկնածությունների առաջադրում, քարոզարշավ:

-Չգիտեմ, ոչ հեռուստացույց եմ նայում, ոչ էլ հետաքրքրվում, թե ով է առաջադրվել, ինչ է առաջադրվել: Միանշանակ կասկած չունեմ, որ Դարբինյանը մեծ առավելությամբ հաղթելու է, որովհետև նախ ունի նախագահականի «դաբրոն», երկրորդը` մարդը 13 տարի քաղաքապետ է եղել, վարչական, ֆինանսական բոլոր լծակներին տիրապետում է: ԱԺ ընտրություններն ինչ ցույց տվեցին, որ բնակչության 75%-ն ընտրակաշառքով է ընտրում կամ ծանոթ-խնամի-բարեկամի միջոցով: Այդ ընտրողների 50%-ից ավելիին (գռեհիկ բան եմ ասելու) եթե մի 10 հազար դրամ էլ տաս, ասես՝ շալվարդ իջեցրու, դրան էլ կգնա: Այս ժողովրդից ինչ սպասես: Իշխանությունը իր ընտրազանգվածի թույլ կետերը գիտի: 10 հազարով այս ընտրություններին ժողովուրդն էլի ծախվելու է, կարող է 5 հազարով էլ ծախվի:

-Բայց պատմությունը ցույց է տվել, որ Վանաձորում ժամանակ առ ժամանակ ընտրվում են նաև ոչ իշխանական, ոչ հանրապետական թեկնածուներ:

-Ո՞վ է, որ իշխանության մարդը չի ու ընտրվել է:

-Վերջին խորհրդարանական ընտրություններում Էդմոն Մարուքյանի օրինակից ոգևորված` վանաձորցիները դարձյալ կարող են չընտրել իշխանական թեկնածուին:

-Կուսակցական տոմս դե յուրե ունենալու և դե ֆակտո իշխանությանը ծառայելու տարբերությունը ո՞րն է: 41 ընտրատարածքներից ցույց տվեք մեծամասնականով ընտրված մի պատգամավորի, որ ընդդիմադիր կեցվածք է ընդունել թեկուզ այս 3 ամսվա ընթացքում: Մի պատգամավորի ցույց տվեք, որ իշխանությանը քննադատել է: Խոսելով չէ, վարքագծով է երևում` նա ընդդիմությո՞ւն է, թե՞ իշխանություն: Իշխանությանը պետք էր նախորդ մեծամասնական պատգամավորին ցույց տալ իր տեղը. ցույց տվեց: Վանաձորից առնավազն մի 500 հոգի կարող էր փոխարինել Վիկտոր Դալլաքյանին: Մեկը պետք է անցներ, ես էլ կարող էի անցնել, բայց այսօրվա իրականության պայմաններում իմ տեսակը պահանջարկ չունի: Ես ոչ ընտրողին եմ պետք, ոչ իշխանությանը, որովհետև իմ տեսակը գնալու է ռեֆորմների: Դա երկրի նախագահն էլ չի ուզում: Այսօրվա իշխանությանը քծնող, գողացող, թալանող, ստրկամիտ հոգեբանությամբ պնակալեզներ են պետք, որ ուղեղները հանած ասեն` նստիր, նստի, ասեն` վեր կաց, վեր կենա: Քաղաքապետի համար էլ կարող եմ քաղաքում ինձնից մի քանի անգամ ավելի լավերի մատնանշել որպես թեկնածու, ստեղծագործ միտք ունեցող մարդկանց, որ կարող են աշխատել: Բայց ով է նրանց հաշվի առնում: Կլան է, կլանը ուզում է պահի իշխանութունը:

-Եվ, փաստորեն, 13 տարի իշխանությունը պահում է նաև Վանաձորի քաղաքապետին:

-Շատ պարզ օրինակ. Գյումրիում հանրապետական քաղաքապետը խորհրդարանական ընտրությունների ժամանակ չկարողացավ ապահովել այն քվեն, որ իրեն հանձնարարված էր, չհաղթահարեց այդ շեմը: Վանաձորին հանձնարարված է եղել, որ ՀՀԿ-ն պետք է 20 հազար ձայն տանի այստեղից: Դարբինյանը 22 հազար քվե է բերել: Բա էլ ինչո՞ւ պիտի չսատարեն: Եթե չկատարեր, ուրիշ թեկնածու կգտնեին, մի կլանը մյուսով կփոխարինեին:

-Այսինքն` առաջիկա ընտրություններում Դարբինյանը իշխանությունների հովանավորությունը ձեռք է բերել ԱԺ ընտրություններում իր լավ աշխատանքի դիմա՞ց: Իսկ նախորդ 4` 1999, 2002, 2005, 2008 թթ. ընտրություններո՞ւմ, երբ մշտապես ինքն է եղել իշխանական թեկնածուն:

-Ինքը համակարգի, պետական մեքենայի մի մասնիկն է, և մարդը իր կուսակցության պահանջներն ապահովում է:

-Բնակչության պահանջներն է՞լ է ապահովում: Ի՞նչ դրական տեղաշարժ եք տեսնում 13 տարվա ընթացքում:

-Նույն փոփոխությունը, որ Երևանում է այսօր, Վանաձորում չկա: Ամբողջ Երևանը դարձել է մեծ շինհրապարակ, քաղաքապետները լծվել են քաղաքաշինության խնդիրների լուծմանը, Վանաձորն ո՞ւր է: Հետո մենք ողորմելի ավագանի ունեինք: Դա ավագանի չէր, հատկապես նախորդը` գործողը դեռևս: Այս ավագանուց իրեն հարգող մարդը երկրորդ անգամ մի լրացուցիչ անգամ չէր առաջադրվի: Ավագանին դարձել է մի ավտոտնակի տեղ փախցնելու կամ պետական հիմնարկի աթոռը պահելու տեղ:

-Բայց արդյո՞ք ներկա քաղաքային իշխանության պայմաններում ավագանին կարող է որևէ ազդեցություն ունենալ: Նաև այս տեսանկյունից նայեք հարցին: Նախորդ գումարման ավագանիները, որոնք այս նույն իշխանությունների հետ են աշխատել, ինչ-որ դեր ունեցե՞լ են համայնքային նշանակության որոշումներում:

-Ավագանու անդամներից Արմեն Այվազյանի անունն եմ լսել, որ խնդիրներ է բարձրացրել: Ուրիշ անուն չեմ լսել:

-Իսկ բժիշկ Կարեն Ադամյա՞նը: Ի դեպ, ճի՞շտ է, որ նա ընդդիմադիր հայացքների պատճառով է հեռացվել աշխատանքից:

-Նա առողջապահության ոլորտի շատ լավ կազմակերպիչ է, բայց ավագանին իր տեղը չէր: Այսօր անգործ է: Նույնիսկ գլխավոր բժշկի մրցույթ չեն անցկացնում այս ողորմելիները, որ այդ մարդը հայտ ներկայացնի:

-Քաղաքի հիմնախնդիրներից առանձնացրեք Ձեզ ակնառու 1-2-ը, որ այդպես էլ չեն լուծվում:

-Աղբը դեռ կարող է ոչ գրաֆիկով էլ հավաքել, բայց աշխատատեղերի խնդիրը պետք է առաջնահերթ լինի: Առաջինը քիմգործարանի վերագործարկումը պետք է լինի: Թեկուզ սեփականատերը կա, բայց պետք է աջակցել նրան: Եթե չաշխատեց, Վանաձորը կդառնա 50 հազարանոց խղճուկ քաղաք, ծերակույտ: Լավ ավանդույթներ ենք ունեցել, կոշիկի գործարան էր աշխատում, մորթու-մուշտակի, թեթև արդյունաբերության այդ պրոֆիլներին պետք է ուշադրություն դարձնել: Կառավարության խնդիրներն են, բայց քաղաքապետը կարող է բարձրացնել: Վանաձորը կարող է տուրիզմի քաղաք դառնալ, սննդի մշակման փոքր կենտրոններ ստեղծվեն տարածաշրջանում, մարզի գյուղերից միրգ, բանջարեղեն, մսամթերք բերեն հանձնեն գործարաններին, վերամշակվեն, պահածոյացվեն: Քաղաքը փրկելու միակ ելքը աշխատատեղն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter